National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.2.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
09.02.2017
Շարունակվել են ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքները
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 9-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ վավերացնելով համաձայնագրերը:

Խորհրդարանականներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ՀՀ ԱԺ նախագահին է հանձնել պաշտոնից հրաժարականի մասին իր դիմումը: Ինչպես նշել է Հերմինե Նաղդալյանը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ԱԺ կողմից ընտրված կամ նշանակված յուրաքանչյուր պաշտոնատար անձ հրաժարականի մասին իր դիմումը ներկայացնում է ԱԺ նախագահին, սակայն դիմումն ընդունված է համարվում որոշակի՝ սահմանված ժամկետից հետո, եթե պաշտոնատար անձը ետ չի վերցնում իր դիմումը: Ոստի, տվյալ դեպքում, ՎՊ նախագահի դիմումը կհամարվի ընդունված, եթե նա 15-օրյա ժամկետում ետ չվերցնի այն:

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխությունների նպատակն է հստակեցնել, թե ինչպես է ակտիվացվում էլեկտրոնային թվային ստորագրությունը, սահմանել, թե ինչպես կարող են նույնականացման քարտ չունեցող անձինք ստանալ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր: Հստակեցվում են էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողության ժամկետը, հավաստագրի դադարեցման, կասեցման հիմքերը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լեւոն Մարտիրոսյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գույքի սեփականատեր չհանդիսացող անձի՝ գույքային իրավունքի առանձնահատուկ տեսակի՝ անձնական սերվիտուտի, ներառյալ՝ ուզուֆրուկտի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է, որ ուզուֆրուկտի ամբողջական ներմուծումը Հայաստանի օրենսդրական դաշտ, առավել որոշակի կդարձնի սեփականատիրոջ եւ գույքն օգտագործողի միջեւ հարաբերությունները:

Հիմնական զեկուցող Սուրեն Քրմոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ նախագծի ընդունմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք կվերապահվի ուղղիչ հիմնարկներում եւ կալանավորվածներին պահելու վայրերում` համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրերում՝ համապատասխան ղեկավարին: Այսպես` հնարավորինս կկանխվի արգելված առարկաների ներթափանցումը համապատասխան հիմնարկներ:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ գործող օրենքով սահմանվում են քրեակատարողական ծառայողի կողմից մարտական, ծառայողական եւ քաղաքացիական զենք գործադրելու դեպքերը, պայմաններն ու սահմանները: Ըստ նրա՝ կառավարության որոշմամբ սահմանվում են նաեւ քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ զենքի, հատուկ եւ ինքնապաշտպանական միջոցների տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը: Սակայն մինչ օրս սահմանված չեն քրեակատարողական ծառայողին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու եւ կրելու կարգն ու պայմանները: Պարոն Քրմոյանը տեղեկացրել է, որ ներկայացված նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն քրեակատարողական ծառայողին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու եւ կրելու կարգն ու պայմանները: Օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ընդունել «ՀՀ քրեակատարողական ծառայողին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու եւ հանձնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում՝ ինչը կիրականացվի օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացված նախագծերով առաջարկվող իրավական կարգավորվումների նպատակն է մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս փրկարարական ծառայողի ստացած վնասվածքի, խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում, փրկարարական ծառայողների բուժումն իրականացնել օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Գլխադասային՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը ներկայացրել է նաեւ 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված «Արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը: Փաստաթղթով նախատեսվում է, որ կողմերից մեկի տարածքում արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում այդ կողմը կարող է օգնության հայցով դիմել այլ կողմի կամ կողմերին, կողմերը կարող են օգնություն միմյանց տրամադրել կամավորության սկզբունքով՝ իրենց հնարավորությունների սահմանում:

«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ եւս ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը: Առաջարկվում է օրենքում լրացնել սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող վերահսկման եղանակների եւ սկզբունքների կիրառումը, հստակեցնել եւ տարանջատել լիազորությունները` ամրագրելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները որպես պարտադիր լիազորություններ, կատարելագործել բնագավառը կարգավորող իրավական դաշտը, բարեփոխել «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը փաթեթին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրել է 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին» 1999 թվականի հունվարի 13-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (կից հայտարարությամբ): Ըստ կառավարության ներկայացուցչի? արձանագրության վավերացմամբ համաձայնագրի 4-րդ եւ 9-րդ հոդվածներում կկատարվեն փոփոխություններ:

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել էր դրական եզրակացություն:

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Նախագծով առաջարկվում է հուլիսի 5-ը՝ Սահմանադրության ընդունման օրը, հռչակել նաեւ որպես պետական խորհրդանիշերի օր:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների իրացումը, սահմանել մեխանիզմներ դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան խանգարում ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված եւ հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի վերաբերյալ քննարկումների ձեաչափի եւ դրական եզրակացության մասին խորհրդարանականներին հայտնել է հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցումով: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշել է, որ փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Մասնավորապես, Հայաստանի մշակույթի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությանը: Մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արտահանման կամ ժամանակավոր արտահանման վկայագրի փոխարեն այսուհետ տրամադրվելու է եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հստակեցվել է նաեւ լիազոր մարմնի գործառույթը, որով նախատեսվում է հաստատել սահմանափակումների ենթակա արտահանման կամ ժամանակավոր արտահանման մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների ցանկը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել էկոլոգիական կրթության դերը ՀՀ կրթական համակարգում եւ հատկապես նախադպրոցական եւ հանրակրթական մակարդակներում: Նախատեսվում է կատարելագործել բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը եւ համապատասխանեցնել «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ռազմավարությանը, ինչպես նաեւ բնապահպանական, կրթական կոնվենցիաների սկզբունքներին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է սահմանել ՀՀ տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների սահմանային թույլատրելի մակարդակները, արտանետումների կազմի նորմերը եւ հսկման մեթոդները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ, ինչպես նաեւ՝ բնակավայրերի կանաչ գոտիների չափերին եւ կազմությանը ներկայացվող պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու ու բնակավայրերում կանաչ գոտիների չափերին եւ տեսակային կազմին ներկայացված պահանջները խախտելու համար դրույթներ: Նախատեսվում է սահմանել նաեւ հողի բերրի շերտի հանմանը, հողերի ռեկուլտիվացմանը, հողերն աղտոտումից պահպանելու համար ներկայացվող պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիոն գործընկերության վերաբերյալ» համաձայնագիրը:

Նիստի ավարտին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու:  

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:


09.02.2017
Բաց դաս Ազգային ժողովում
Փետրվարի 9-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ: Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ով տարիներ առաջ ուսանել է գեղարվեստի քոլեջում: Խոսելով խորհրդարանի օրինաստեղծ գործունեու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am