Տպել
07.02.2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Շվեդիայի հետ բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ համապարփակ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Խորհրդարանի ղեկավարն գոհունակությամբ արձանագրել է, որ երկկողմ հարաբերությունները նոր թափ են ստանում, վերջին շրջանում ակտիվացել են նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ շփումները: Ըստ ԱԺ նախագահի՝ փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ դեռեւս անելիքներ կան: Այս համատեքստում Գալուստ Սահակյանն անդրադարձել է միջխորհրդարանական հարթակներում երկկողմ համագործակցությանը: «Մեզ համար չափազանց կարեւոր է սերտ փոխգործակցությունը շվեդ պատվիրակների հետ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում»,- ասել է ԱԺ նախագահը: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը ժողովրդավարական գործընթացներում եւ վերահաստատել Հայաստանի՝ կառուցողական երկխոսությունը շարունակելու եւ խորացնելու պատրաստակամությունը: Գալուստ Սահակյանն ընդգծել է Շվեդիայի դերն Արեւելյան գործընկերության ձեւաչափի ստեղծման եւ կայացման գործում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի մասին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ եղանակով եւ հավատարիմ է մնում իր որդեգրած սկզբունքին: «Հայկական կողմը կարեւորում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Ցավոք, Ադրբեջանը շարունակաբար ոչ միայն մերժում է միջազգային հանրության նախաձեռնությունները, այլեւ հակառակը՝ իր ռազմատենչ հայտարարություններով ու գործողություններով խոչընդոտում է ցանկացած նախաձեռնություն»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը, նշել է, որ այն եւս մեկ քայլ է ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ աշխարհում նման ոճրագործությունների կանխման համար:

Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ջերմ խոսքերի համար, նշել է, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Քեննեթ Ֆորշլունդը կարեւորել է շփումների ընդլայնումը միջազգային հարթակներում, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում:

Հյուրերի խնդրանքով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ-ում իրականացված սահմանադրական բարեփոխումների նպատակը եւ մանրամասնել գործընթացի փուլերը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...