Տպել
07.02.2017
ՀՀ Ազգային ժողովի եւ Շվեդիայի Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում
1 / 4

Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստը:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջունելով Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը, համոզմունք է հայտնել, որ համատեղ նիստի անցկացումն իր դերն ու նշանակությունը կունենա երկու երկրների հարաբերություններում առկա ներուժի ճիշտ զարգացման եւ ուղղորդման գործում: Կարեւորելով Շվեդիայի խորհրդարանի հետ համագործակցության ակտիվացումը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորվել են միջխորհրդարանական բարեկամության խմբեր, որոնք կարեւոր նշանակություն ունեն հարաբերությունների զարգացման գործում: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի ավելի հավակնոտ ծրագրեր եւ համատեղ գործունեություն ծավալել նաեւ խորհրդարանական մակարդակում:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ պարոն Զաքարյանը նշել է, որ Շվեդիան, որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ, մեծ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: «Մենք գնահատում ենք շվեդական կողմի ցուցաբերած աջակցությունն այդ համագործակցության հաջողության գործում եւ հուսով ենք, որ այսուհետ նույնպես կարող ենք ապավինել ձեր երկրի աջակցությանը, այդ թվում` ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացում»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Նշվել է, որ Եվրոպական Միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը. Հայաստանը կարեւորում է ԵՄ հետ իրավական նոր շրջանակային փաստաթղթի ստորագրման շուրջ բանակցությունների մեկնարկը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: «Մենք կարեւորում ենք նաեւ ԵԽԽՎ-ում շվեդական խորհրդարանական պատվիրակության կեցվածքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումների ժամանակ, ինչը տեղի չի տալիս խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտմանն ուղղված ադրբեջանական տարբեր սադրանքներին` հավատարիմ մնալով իր երկրի պաշտոնական դիրքորոշմանը»,-ասել է Արտակ Զաքարյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն միայն հայ ժողովրդի պատմական արդարության վերկանգնման խնդիրն ու ցանկությունը չէ: Դա աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների արդարադատության պահանջն է մարդու ամենահիմնարար իրավունքի՝ այն է՝ կյանքի իրավունքի խախտման դաժան նախադեպի ստեղծման համար, ինչի անպատժելիությունը հետագայում հիմք դարձավ նոր ցեղասպանությունների իրագործման համար՝ Հոլոքոստ, Ռուանդա, Դարֆուր, այժմ՝ Սիրիա: «Մենք երախտապարտ ենք բոլոր այն անհատներին եւ երկրներին, ովքեր տարիների ընթացքում սատարել են մեզ մեր պայքարի ընթացքում: Ուրախ եմ, որ դրանց թվում է նաեւ Շվեդիան, որի խորհրդարանը 2010թ.-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ: Լիահույս ենք, որ Շվեդիայի ներկայիս կառավարությունը կորդեգրի 2010թ. բանաձեւի իրագործման քաղաքականություն, ինչպես եւ խոստացել էր»,-ասել է պարոն Զաքարյանը: 

Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ Եվրոպայի համար կարեւոր է հարեւանների հետ ունենալ լավ հարաբերություններ, ինչը կնպաստի բարեկեցությանը, ժողովրդավարությանը, խոսքի ազատությանը, կանանց իրավունքների ամրապնդմանը, ինչն էլ իր հերթին դյուրին կդարձնի համագործակցությունը: «Մենք Շվեդիայում հավատում ենք այդ արժեքներին, տարբեր ոլորտներում ջատագովն ենք այդ արժեքների, կարեւոր ենք համարում դրանք մեր աշխատանքում»,-նշել է Քեննեթ Ֆորշլունդը: Նրա խոսքով՝ Շվեդիայի արտաքին քաղաքականության իրագործման հիմնական հարթակը Եվրոպան է՝ ՄԱԿ-ի հետ համատեղ: Խորհրդարանականը կարեւորել է երկու խորհրդարանների միջեւ առկա շփումներն ու համագործակցության զարգացումը:

«Քաղաքական օրակարգը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: Նա երախտագիտություն է հայտնել Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակում Շվեդիայի ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաեւ Հայաստանի հետ շարունակական համագործակցության եւ ցուցաբերած աջակցության համար: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերության տարբեր ձեւաչափերով քննարկումներին, հանդիպումներին, ներկայացնում իր տեսլականը ապագա համագործակցության վերաբերյալ, հանդես գալիս տարբեր առաջարկներով: Նշվել է, որ Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բավականին ինտենսիվ: Ներկայում ԵՄ անդամ երկրների եւ կառույցների հետ Հայաստանը գտնվում է 2017 եւ 2020 թթ. գործընկերության առաջնահերթությունները որոշակիացնելու եւ հստակեցնելու փուլում:

«Տնտեսական օրակարգը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: Նա ներկայացրել է ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառության ծավալները՝ նշելով, որ ՀՀ առեւտրային քաղաքականության եւ տնտեսական հարաբերություններում բարձր տեղ են զբաղեցնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, քանի որ ԵՄ-ն համարվում է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներից մեկը: Փոխնախարարի խոսքով՝ անդամակցելով Եվրասիական միությանը՝ Հայաստանն իր առեւտրատնտեսական կապերը զարգացրել է եւ՛ Եվրոպական միության, եւ՛ այլ արեւմտյան կամ արեւելյան գործընկեր երկրների հետ:

Նիստում անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում երկկողմ համագործակցությանը, Սիրիայից Հայաստանում ապաստանած սիրիահայության ինտեգրմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:


07.02.2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Շվեդիայի հետ բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, ի...

07.02.2017
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 7-ին շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո շարունակել առաջին ընթերցմամբ քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ներդրո...

07.02.2017
Հանդիպում խորհրդարանում
Փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը եւ անդամներ Արամ Մանուկյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարեն Շահմուրադյանը հանդիպել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Սամվել Ֆարմանյանը, ողջ...

07.02.2017
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով Հայաստանում է, փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռ...

07.02.2017
Տեղի կունենա ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գրքի շնորհանդեսը
Փետրվարի 8-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից Կանաչ սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի՝ «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը» (1991-2016 թթ) խորագրով գրքի շնորհանդեսը: ...