National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.1.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
28.01.2017
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ:

Ավելի քան քառորդ դար առաջ մեր բանակը ստեղծվեց այն օրերին, երբ մեր միասնականությունը բարձրակետում էր, ինչի շնորհիվ ամուր էր Արցախում հաղթանակներ արարող ազատամարտիկի, կամավորի ու զինվորի թիկունքը, ինչի շնորհիվ խաղաղություն պարտադրվեց հակառակորդին, ինչի շնորհիվ ամրապնդվեց ոչ միայն մեր հավատն ապագայի հանդեպ, այլեւ ազատագրվեց եւ ծնունդ առավ հայկական երկրորդ պետությունը:

Մեր բանակը խաղաղություն ստեղծող եւ խաղաղություն պահպանող բանակ է, հուսալի պաշտպանություն ապահովող, բայցեւ` հաղթական հարձակման պատրաստ բանակ: Մեր զինվորը խաղաղապաշտ է, բայցեւ` ոտնձգություն չհանդուրժող, նախնիների հաղթանակին լավատեղյակ եւ սեփական հաղթանակը կռող, հայրենիքի գինն իմացող եւ հայրենիքի վարկը մշտապես բարձրացնող, հողի արժեքն իմացող եւ հողից երբեք չհրաժարվող: Այդ հողի ու հայրենիքի համար են հայոց բանակի զինվորն ու սպան ծառայեցրել ու ծառայեցնում իրենց հմտություններն ու գիտելիքները, իրենց կորովն ու ոգին, հողի ու հայրենիքի համար նրանք ոչ միայն արյուն ու քրտինք են ներդրել, այլեւ կյանք զոհաբերել:

Սահմաններում խաղաղություն ապահովելով, մեր անվտանգությունն ապահովագրելով` հայոց բանակը մեզ պարտավորեցնում է միասնական լինել, որովհետեւ միասնականությամբ բազմապատկում ենք բանակի ուժը, որովհետեւ առանց միասնականության խաղաղությունը փխրուն է, պետությունը` երերուն, առաջընթացը` ժամանակավոր: Մենք պարտավոր ենք միասնականությամբ եւ համերաշխությամբ խաղաղ ծառայություն ապահովել հայոց բանակի զինվորի համար, որովհետեւ այն խաղաղությունը, որ նա ապահովում է մեր երկրի, մեր ընտանիքների համար, գին չունի, որովհետեւ խաղաղության բացակայությունը կարող է ճակատագրական լինել յուրաքանչյուր ժողովրդի ու պետության համար:

Մաղթում եմ, որ խաղաղությունը մշտական լինի թե մեր սահմաններում, թե մեր երկրի ներսում, յուրաքանչյուրիս ներսում: Մեր զինվորը վաստակած իրավունքով իր դիրքից ու հենակետից, խրամատից ու զորամասից միասնական լինելու ուղերձ է հղում մեզ, եւ մենք իրավունք չունենք միասնական չլինել:

Թող մեր բանակի համար յուրաքանչյուր օր բացվի խաղաղությամբ, եւ եթե այն պիտի խախտվի, թող խախտվի միայն մեր հերթական հաղթանակի հրավառությամբ, հաղթանակի բացականչությամբ, հաղթանակի համազարկով»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am