National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.11.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
11.11.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 7

Նոյեմբերի 11-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը տեղեկացրել է, որ նախագծով Հայաստանում ներդրվելու է ռեդոմիցիլացման ինստիտուտ, որով որեւէ երկրի կազմակերպության հնարավորություն կտրվի տեղափոխվել այլ պետություն` շարունակելով իր գործունեությունը: Ի տարբերություն այլ երկրում նոր իրավաբանական անձ ստեղծելու, ակտիվները եւ պասիվները փոխանցելու եւ լուծարելու տարբերակի, որը բարդ եւ ժամանակատար գործընթաց է, ռեդոմիցիլացումը (վերաբնակեցում) հեշտացված գործընթաց է եւ չի պահանջում իրավաբանական անձի լուծարում:

Նախարարի խոսքով՝ մի շարք երկրների փորձի դիտարկումը ցույց է տալիս, որ ռեդոմիցիլացման ինստիտուտի ներդրումը դրական է անդրադառնում երկրի տնտեսության եւ կորպորատիվ ոլորտի զարգացման վրա: Նույն ուսումնասիրությունը նաեւ հավաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման ինստիտուտի ներդրումը նույնպես հնարավոր է:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Աշոտ Մարկոսյանի տեղեկացմամբ՝ նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 8-ի թիվ 02/23.17/9870-16 հանձնարարականը` «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցման ներկայացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 47-Ա որոշումը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 80 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, դրանք հետագայում մասնավորեցման ներկայացնելու նպատակով: Մինչեւ 2015թ.-ը «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական բաժնեմասի կառավարման լիազորությունները վերապահված են եղել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնություններին տվել է դրական եզրակացություն, որոնք կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովն առաջարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած երեք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երկու օրենսդրական նախաձեռնության, որոնցով փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: Նախագծերը կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը, ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, նշել է, որ առաջարկվում է լրացնել օրենսդրական բացը: Նա նշել է, որ ներկայում մի շարք միջազգային հարցումների կատարումն առկախված է, քանի որ օրենքով կարգավորված չէ, թե ՀՀ նախաքննության որ մարմինն է լիազորված կատարելու այն: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան ՀՀ միջազգային պայմանագրերին եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 54-1 գլուխներին համապատասխան ձեւակերպված քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների քննչական ենթակայության հարցերը:

Արտակ Ասատրյանը ներկայացրել է նաեւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում կապահովվի քրեական գործերի միացման ինստիտուտի, հետեւաբար նաեւ՝ նախաքննության իրականացման առավել արդյունավետ իրավակարգավորման մակարդակ: Նախատեսվում է դրույթ, որով քննիչը կարող է դատախազի որոշումները բողոքարկելու հնարավորություն ստանալ. այս փոփոխության արդյունքում ակնկալվում է հստակեցնել դատախազի եւ քննիչի փոխհարաբերությունները, ինչպես նաեւ ապահովել դատավարության այս սուբյեկտների գործառույթների հավասարակշռված իրացումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածում առաջարկվող իրավակարգավորումը հնարավորություն կտա հսկող դատախազին քննիչի կամ հետաքննության մարմնի պատճառաբանված միջնորդության հիման վրա երկարացնել հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման եւ լուծման ժամկետն այն բացառիկ դեպքերում, երբ անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը:

Բացի այդ, նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է նախաքննության ժամկետի երկարացման քրեադատավարական կառուցակարգի շրջանակներում կարգավորել դատավարական ժամկետների պահպանման հետ կապված առկա խնդիրները:

Նույն օրը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը նշել է, որ ծրագիրը բաղկացած է 8 բաժնից, այն ներառում է վերահսկողության հետեւյալ թեմաները՝ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում եւ պետական սեփականության կառավարում, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, օտարերկրյա պետությունների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի միջոցների օգտագործում, ՀՀ տարածքում գործող սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային կենտրոնների կողմից իրականացվող ծրագրեր եւ այլն:

Պատգամավորները քննարկել են նաեւ «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է փաստաթղթի հիմնական շեշտադրումները, իսկ հարակից զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոսել է նախագծի մակրոտնտեսական ցուցանիշներից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Հանձնաժողովը քննարկված հարցերին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ նոյեմբերի 14-17-ի քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» օրինագծի քննարկումը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Օրենսդրական նախաձեռնությամբ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային փաստաթղթերի պահանջներին` խթանելով բազմակուսակցական համակարգի հետագա զարգացմանը: Առաջարկվող փոփոխություններով կդյուրացվեն եւ կպարզեցվեն կուսակցությունների հիմնադրման եւ պետական գրանցման հետ կապված հարցերը, կապահովվեն իրավական երաշխիքները կուսակցությունների պետական գրանցման անհիմն մերժումները բացառելու համար, համալիր իրավական կարգավորում կստանա կասեցման ինստիտուտը, որով կապահովվի վերջինիս գործնական կիրառությունը: Կհստակեցվեն կուսակցությունների գործունեության կասեցման եւ արգելման արդյունքում առաջացող բացասական հետեւանքները, կստեղծվեն կուսակցությունների գործունեության անխոչընդոտ իրականացման համար հավասար եւ ոչ խտրական պայմաններ:

Քննարկված հարցն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Նշվել է, որ օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով: Նախագծով սահմանվում է, որ կուսակցությանն անդամակցելու կամ որեւէ այլ կերպ քաղաքական գործունեությամբ զբաղվելու Պաշտպանի իրավունքը սահմանափակվում է միայն նրա լիազորությունների իրականացման ժամանակահատվածով: Պաշտպանն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի՝ իր կարգավիճակից բխող գործունեության շրջանակներում, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: Նախագծում նախատեսվել է, որ Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող, ինչպես նաեւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Առաջարկվում են նաեւ մի շարք կարգավորումներ, որոնք արդյունավետ երաշխիքներ կստեղծեն Պաշտպանի գործունեության համար: Նախագիծն առավել մանրամասն է նախատեսել նաեւ Պաշտպանին դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, դիմելու ձեւը, ուրիշի իրավունքների պաշտպանության համար դիմելու կարգը: Պաշտպանը կարող է ստեղծել իրեն առընթեր խորհուրդներ՝ կազմված մարդու իրավունքների բնագավառում անհրաժեշտ փորձ եւ գիտելիքներ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից: Նախագիծը մանրամասն կարգավորման է ենթարկել նաեւ Պաշտպանի աշխատակազմում իրականացվող պետական ծառայությունը:

Քննարկված օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության եւ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով է քննարկվել «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, որն ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձինք): Եթե զինծառայողն ունի 3 կամ ավելի երեխա, ապա ի լրումն սահմանված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի եւս 100 հազար դրամ: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու եւ հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով նախագծով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ: Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձեւավորվեն հետեւյալ աղբյուրներից` յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող վճարներից, հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից եւ նվիրատվություններից, վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազն հինգ տարի ԿԲ-ն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցները եւ իրականացնելու է անվճար ադմինիստրատիվ գործառույթներ:

Նախարարը վստահեցրել է, որ դրամական միջոցները ծախսվելու են նպատակային եւ այս հիմնադրամից չի ֆինանսավորվելու որեւէ այլ գաղափար: Նրա խոսքով՝ սա ոչ թե սոցիալական աջակցության ծրագիր է, այլ պաշտպանության ապահովման քաղաքականություն: Պարոն Սարգսյանի համոզմամբ՝ նման քաղաքականությամբ հանրությունը պատասխանում է, որ բոլորս ենք կանգնում զինվորի կողքին, որովհետեւ երկրի անվտանգությունը բոլորիս խնդիրն է:

«Այո, սա ազգ-բանակ գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն է, որ բոլորս մեր աշխատավարձից լրացուցիչ, առանձին տողով մտածում ենք մեր զինվորի մասին: Սա պարտադիր է, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված ու ամուր երկրում»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ 1000 դրամը նվազագույն շեմ է եւ հավելել, որ նրանք, ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում, այս գումարները չեն վճարելու:

Հարակից զեկույցում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի համոզմամբ՝ օրենսդրական առաջարկն օգտակար է ռազմավարական եւ համակարգային մի շարք խնդիրներ լուծելու տեսանկյունից՝ զինված ուժերում սոցիալական ապահովության նոր ռազմավարության մշակման համատեքստում: Նա, անդրադառնալով պատգամավորների մտահոգություններին, ընդգծել է, որ սա հարկատեսակ չէ, ինչի պատասխանը տրված է օրենքի նախագծում: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ բոլորը պետք է նպաստեն՝ ունենալու այս հիմնադրամում ֆինանսական առավել ներհոսքեր՝ ներգրավելով տարբեր աղբյուրներ: Նա խոսել է խորհրդարանական վերահսկողության մասին եւ նշել, որ հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում կանդրադառնա այս հիմնադրամի գործունեությանը:

ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում անդրադարձել են հարցի վերաբերյալ հանրային քննարկումների անհրաժեշտությանը, հիմնադրամի նկատմամբ հանրային վստահության ապահովման մեխանիզմներին, յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի դեպքում տարբերակված մոտեցում ցուցաբերելու նպատակահարմարությանը, պետական եկամուտների արդյունավետ ծախսմանը եւ այլ հարցերի, որոնց վերաբերյալ նախարարը պարզաբանումներ է ներկայացրել:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն, այն կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


11.11.2016
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 14-17-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am