National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.11.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
08.11.2016
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 3

Նոյեմբերի 8-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրենքի նախագիծը: Հեղինակն առաջարկում է «իրավաբանական անձի ղեկավարը» բառերը փոխարինել «իրավաբանական անձը» բառերով: Նշվել է, որ գործող կարգի համաձայն` խախտում չկատարած անձը պետք է դրա մասին տեղեկացնի վարույթ իրականացնող մարմնին՝ միաժամանակ տեղեկություններ տրամադրելով, թե որ այլ ֆիզիկական անձն է կատարել տվյալ խախտումը: Մինչդեռ իրավաբանական անձի ղեկավարը կարող է գտնվել արտերկրում, առողջական պատճառներով լինել ժամանակավորապես անգործունակ, պատշաճ չծանուցվել, նաեւ գոյություն ունեն այնպիսի իրավաբանական անձինք, որոնց կառավարումն իրականացվում է կոլեգիալ մարմնի կողմից, օրինակ հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ եւ այլն: Այս պարագայում գործող կարգի համաձայն պատասխանատվության ենթարկելն ու տուգանք նշանակելն անհնար է: Նախագծով ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այն դեպքում, երբ չի կատարել իրավախախտում:

ՀՀ կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Քննարկումների արդյունքում օրինագիծը չի արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Առաջին ընթերցումով քննարկվել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ օրենքի նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զորամասում զինվորական ծառայության կազմակերպման եւ իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավասությունները եւ պարտականությունները, մարտական դրոշի պահպանման ու օգտագործման կարգը:

Արա Նազարյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցումով քննարկել են նաեւ «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվում են պահակապետի պարտականությունները, հսկիչ-պահպանության խմբերի եւ պարեկների ծառայության իրականացման, մարտական դրոշի պահպանման հետ կապված դրույթները, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության կարգը:

Քննարկված երկու օրինագծերն էլ ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը ու կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:

Ներկայացված նախագծերով առաջարկվող իրավական կարգավորվումների նպատակն է մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս փրկարարական ծառայողի ստացած վնասվածքի, խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում, փրկարարական ծառայողների բուժումն իրականացնել օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն: Փաթեթը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2016 թվականի փետրվարի 9-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեդիայի Թագավորության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ կոնվենցիայի նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը՝ նվազեցնելով եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

Արմեն Հայրապետյանը ներկայացրել է նաեւ 2016 թվականի հունվարի 27-ին Նյու Դելիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը, որի նպատակն է փոփոխություն կատարել կոնվենցիայի 26-րդ հոդվածում:

Արմեն Հայրապետյանն այնուհետեւ ներկայացրել է 2016 թվականի հունիսի 29-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթի նպատակն է կողմերի միջեւ զարգացնել տնտեսական հարաբերությունները, բարելավել հարկային հարցերով համագործակցությունը եւ ապահովել հարկերի արդյունավետ եւ պատշաճ հավաքումը, ինչպես նաեւ տեղաբաշխել համապատասխան հարկման իրավունքները՝ բացառելու կրկնակի հարկումը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը ներկայացրել է 2016 թվականի մայիսի 19-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ 2000 թվականի հուլիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Փաստաթղթի համաձայն՝ ՀՀ կողմից որեւէ տեղեկության վերաբերյալ պահանջի ներկայացման դեպքում Բելառուսի Հանրապետությունը պարտավորվում է անկախ իր՝ այդ տեղեկության նկատմամբ ունեցած հետաքրքրության, իրեն հասանելի բոլոր միջոցներով ձեռք բերել այդ տեղեկությունը եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը ներկայացրել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագիրն ուղղված է ՀՀ կառավարության կողմից հռչակված «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը եւ երկու երկրների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի ձեւավորման մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նա նշել է, որ փաստաթղթով կողմերը ձեւավորում են ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է 2014 թվականի նոյեմբերի 27-ին Ժնեւում ստորագրված «Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը: Ըստ հիմնական զեկուցողի՝ արձանագրության հավելվածով ընդունվել է «Առեւտրի դյուրացման մասին» համաձայնագիրը, որի նպատակն է ԱՀԿ անդամների միջեւ առեւտրի դյուրացման ու մաքսային համապատասխանության վերաբերյալ հարցերի շուրջ ապահովել արդյունավետ համագործակցություն:

Քննարկված միջազգային համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:


08.11.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Դեսպանը Արտակ Զաքարյանին է փոխանցել Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին արտգործնախա...

08.11.2016
«Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն ուղղակի անհեթեթ են». Էդուարդ Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Շահբազ Սոլբիին: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ զարգացող բազմակողմ հարաբերությունները եւ նշել, որ թեեւ բարեկամական, մշակութային եւ հոգեւոր կապերը դար...

08.11.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի եւ ԵԱՀԿ ծրագրերի ազգային պատասխանատուներ Ռուզաննա Բաղդասարյանի եւ Գոհար Ղազինյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահը բարձր է ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am