National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
25.10.2016
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 10

Հոկտեմբերի 25-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացնելով համաձայնագրերը:

Պատգամավորներն ԱԺ նախագահի առաջարկով ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստի ընթացքին հետեւող Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Նա տեղեկացրել է, որ օրենսդրական կարգավորմամբ կվերացվի ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, քանի որ նշված պարտականության կատարումը ՀՀ քաղաքացիների համար իրավունքների իրականացման պայման ընդհանուր առմամբ չի հանդիսանում: Ըստ պարոն Եղիազարյանի՝ փաթեթի ընդունմամբ կպարզեցվի ոստիկանության կողմից երկքաղաքացիների վերաբերյալ իրականացվող վարչարարությունը, իսկ ՀՀ քաղաքացիներն այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում կազատվեն առանց անհրաժեշտության ոստիկանությանը տեղեկացնելու պարտականությունից:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հայկ Գրիգորյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ներկայացրել է 2014 թվականի մարտի 10-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սերբիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիան: Ըստ հիմնական զեկուցողի՝ կոնվենցիայի նպատակն է կարգավորել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու հետ կապված հարաբերությունները եւ դրանով պայմանավորված` նվազեցնել միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ: Կոնվենցիայով նաեւ սահմանվում են պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց` հարկման ենթակա գույքը եւ եկամուտների տեսակները:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Ըստ նրա՝ փաստաթղթի նպատակն է երկու պետությունների համաձայնության պարագայում մի շարք ոլորտների եւ սուբյեկտների նկատմամբ կիրառել կրկնակի հարկումը բացառող մեխանիզմ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ներկայացրել է նաեւ 2015 թվականի մայիսի 15-ին Բրատիսլավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սլովակիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաստաթղթի նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա նշել է, որ համաձայնագիրը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցումով քննարկել են ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հեղինակած «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում նոր ձեւակերպում է տրված էկոլոգիական մշակույթին. «հայրենական եւ համաշխարհային փորձ» անորոշ հասկացությունը փոխարինվում է «արդի գիտական պատկերացումներին համապատասխանող եւ փուլային զարգացման առանձնահատկությունները հաշվի առնող» սահմանմամբ: Նախագծով էկոլոգիական մշակույթը մարդու եւ բնության ներդաշնակ փոխազդեցության զարգացման փուլ է, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման գիտակցությամբ ու գիտական հիմնավորվածությամբ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի եւ յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը: Նախագծով առաջարկվում է նաեւ լրացնել ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքները՝ ներառելով մարդու էկոլոգիայի եւ էթնոէկոլոգիայի մասին դրույթներ: Հեղինակը նշել է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի օրենսդրորեն առավել համապարփակ կարգավորել էկոլոգիական դաստիարակությունը եւ էկոլոգիական կրթության համար ուղենիշներ սահմանել:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն սկզբունքային առարկություններ չունի եւ դրական եզրակացություն է տվել նախագծի վերաբերյալ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ ժամանակին առավել համահունչ են շարադրվել երկու հոդվածները եւ մատնանշվել են պետության սկզբունքներն այս ոլորտում քաղաքականություն իրականացնելիս: Հանձնաժողովում օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է դրական եզրակացության:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պատգամավորները կարեւորել են օրենսդրական նախաձեռնության ընդունումն ու խոսել էկոլոգիական դաստիարակության հարցում դրա ունեցած ազդեցության մասին:

Քննարկվել է 2016 թվականի մարտի 23-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշել է, որ համաձայնագրով Հայաստանը եւ Քուվեյթը պարտավորվում են իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան միմյանց տրամադրել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն: Փաստաթղթի շրջանակում իրավական օգնությունը ներառում է դատավարական փաստաթղթերի հանձնումը, ապացույցներ վերցնելը, անձանց եւ առարկաների գտնվելու վայրի եւ ինքնության հաստատումը, գույքի պաշտպանության համար միջոցների ձեռնարկումը, հետախուզման եւ առգրավման հարցումների կատարումը եւ այլն:

Այնուհետեւ արդարադատության նախարարի տեղակալը քննարկման է ներկայացրել նաեւ 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիրը: Վիգեն Քոչարյանը նշել է, որ փաստաթղթով կողմերը քրեական հետապնդման, քննության եւ դատական վարույթի շրջանակում միմյանց կտրամադրեն փոխադարձ իրավական օգնություն այնպիսի հանցագործությունների առնչությամբ, որոնց համար պատժի նշանակումն իրավական օգնություն խնդրելու ժամանակ գտնվում է հարցում ուղարկող կողմի իրավասության ներքո:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը փաստաթղթերի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Վիգեն Քոչարյանը ներկայացրել է նաեւ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը: Փաստաթղթի նպատակն է ընդլայնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը՝ բարձրացնելով դատարանի եւ ազգային իշխանությունների միջեւ փոխգործակցության մակարդակը:

Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 26-ի նիստում:

Նիստի վերջին մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:


25.10.2016
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է «Դալան» ցուցասրահում: Նկարչի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետն...

25.10.2016
Դռնփակ քննարկում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի նոր մոտ...

25.10.2016
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 47-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 24-27-ը Բուխարեստ (Ռումինիա) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արամ Մանուկյանը: ...

25.10.2016
Հերթական բաց դասն անցկացրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 25-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Ապագա լրագրողներին ընդունել եւ ավանդական բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Մինչ բաց դասի մեկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am