National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
20.10.2016
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում սկսվել է քննարկվել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը
1 / 12

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:

Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն՝ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ: Յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը կես ժամ է: Երկրորդ օրվանից սկսած՝ նիստերը կսկսվեն ժամը 11:00-ին:

Կառավարության ծրագիրը ներկայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության ծրագրի մշակման ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ են եղել ՀՀ նախկին վարչապետերի, նախարարների, պետական կառավարման հարուստ փորձ ունեցող քաղաքական գործիչների, փորձագետների, գործարարների, հասարակության լայն շերտերի ներկայացուցիչների հետ: Նա մասնավորապես նշել է, որ ծրագիրը քննարկվել է ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների հետ:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարության նպատակն է հանրապետությունում բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեքի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը եւ լավատեսությունն ապագայի նկատմամբ: Վարչապետը նշել է, որ ներկայում Հայաստանը թեւակոխել է տարածաշրջանային զարգացումների նոր փուլ, որը ենթադրում է տնտեսական աճի ցածր տեմպեր մեր անմիջական տնտեսական գործընկերների մոտ՝ սահմանափակելով տնտեսական արագ աճի հնարավորությունները:

Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով եւ օգտագործելով Հայաստանի ու հայության ողջ ներուժը:

Ըստ կառավարության ծրագրի՝ գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումների առկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները չեն կարող ձեւավորել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Ուստի, առաջիկայում ՀՀ կառավարության ռազմավարական խնդիրներն են լինելու Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովումը, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության կենսագործումը, ՀՀ պետական կառավարման համակարգի արդիականացումը, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը, ընտրական համակարգի նկատմամբ վստահության ավելացումը, կոռուպցիայի եւ ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացումը, աղքատության դեմ պայքարը եւ միջին խավի ընդլայնումը, մարդկային կապիտալի զարգացումը եւ գործազրկության կրճատումը, սոցիալական արդարության հաստատումը, հավասար, արդար եւ գործարարությունը խթանող պայմանների ապահովումը, պետության կողմից աջակցությունն արագ տնտեսական աճ ապահովող նոր ձեւավորվող նախագծերին: Նախատեսվում է նաեւ մեծացնել Հայաստանի ճանաչելիությունն ու երկրի նկատմամբ վստահությունը, ներդրումային գրավչությունը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի շարունակական դիվերսիֆիկացիան, զարգացնել էներգաարդյունավետ տեխնոլոգիաները:

Նպատակ կա բարելավել շրջակա միջավայրի պահպանությունը, որակական աճ ապահովել առողջապահության եւ կրթության ոլորտներում, շարունակել ԼՂՀ-ի հետ շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման:

Նախատեսվում է ավելացնել կառավարության անդամների պաշտոնական լիազորությունները եւ դրան համարժեք սահմանել պաշտոնական պատասխանատվություն:

Ծրագրվել է իրականացնել պետական կառավարման համակարգի օպտիմալացում եւ ծախսերի կրճատում, պարզեցնել պետական գնումների ընթացակարգը՝ ներդնելով պետական գնումների միասնական էլեկտրոնային համակարգ, պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին ու տնտեսավարող սուբյեկտներին կոռուպցիայից զերծ ծառայությունների մատուցման նպատակով վերացնել ավելորդ ընթացակարգերն ու օղակները: Կարեն Կարապետյանը կարեւորել է հարկային եւ մաքսային աշխատողի կերպարի արմատական փոփոխությունը՝ այդ նպատակով հարկային եւ մաքսային մարմիններում ներդնելով գործուն մեխանիզմներ:

Անդրադառնալով երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ այն մեր երկրի թիվ մեկ խնդիրն է եւ երկրի առջեւ ծառացած ռազմական սպառնալիքները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող եւ արդիականացվող, հասարակության մեջ վստահություն եւ աջակցություն վայելող պաշտպանական համակարգ: Նա հավաստիացրել է, որ անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայելու միջոցներ եւ ջանքեր՝ Հայաստանի եւ Արցախի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու, բավարար ռազմական կարողությունների ստեղծման եւ տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման համար:

Ամփոփելով ելույթը՝ վարչապետը նշել է, որ առանց ժողովրդի լայն շերտերի աջակցության չափազանց դժվար կլինի հասնել ծրագրված արդյունքներին. այս համատեքստում նա ընդգծել է, որ կառավարությունն ակնկալում է աջակցություն եւ օգնություն: Հայրենիքի նկատմամբ սրտացավ քաղաքացիներին վարչապետը կոչ է արել ակտիվ լինել եւ դրսեւորել քաղաքացիական դիրքորոշում, հանդես գալ առաջարկներով, խորհուրդներով եւ նախաձեռնություններով՝ կառուցելու համար մեր երազած երկիրը:

Վարչապետին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են իրականացված բարեփոխումներին, ստվերային տնտեսության դեմ պայքարին, կոռուպցիայի հաղթահարմանն ուղղված քայլերին եւ գործիքակազմին, մաքսային համակարգի բարեփոխմանը, աշխարհաքաղաքական զարգացումներին եւ տարբեր երկրների փորձի ուսումնասիրմանը, հարկային եւ մաքսային համակարգերի գործառույթների փոխանցմանը մասնավոր հատվածին, աղքատության կրճատմանը, ժողովրդագրական խնդիրներին, ճանապարհային ոստիկանությանն ու անվտանգ երթեւեկության ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանը, արդյունաբերության զարգացմանը, արտաքին քաղաքականությանը, գործազրկության կրճատմանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ միջավարի ստեղծմանը, առողջապահական, գիտակրթական ծրագրերին, սոցիալական բնակարանաշինության ծրագրի իրականացմանը, բյուջեի ռիսկայնությանը եւ այլ խնդիրների:

ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են ծրագրի հիմնադրույթներին, ներկայացրել իրենց դիտարկումները:

Թեւան Պողոսյանը նշել է, որ իր սպասելիքները մեծ էին ծրագրից, սակայն այն նախկին ծրագրերի հակիրճ ներկայացումն է՝ որոշ նորարարություններով: Նա առաջիկայում համակարգային փոփոխություններ է ակնկալում կառավարությունից:

Խաչատուր Քոքոբելյանը խոսել է մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարում գործուն մեխանիզմների կիրառման անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ ծրագրում կան նոր դրական մոտեցումներ: Պարոն Քոքոբելյանը կներկայացնի իր առաջարկները:

Ըստ Սուքիաս Ավետիսյանի՝ ներկայացված փաստաթղթից սպասելիքները շատ են: Պատգամավորը խոսել է Գյումրիի անօթեւանների եւ տարածքների համաչափ զարգացմանը վերաբերող խնդիրների մասին: Սուքիաս Ավետիսյանը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել ծրագրին:

Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ օրենքի գերակայության առաջ չպետք է լինի բացառություն եւ օրենքի առաջ պետք է պատասխանատու լինեն բոլորը: Ըստ պատգամավորի՝ իր փորձը թույլ է տալիս ասելու, որ երկրում ինչ-որ բան փոխվելու է:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է տնտեսական մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ իրական պայքարին, մաքսային եւ հարկային ոլորտների խնդիրներին:

Էլինար Վարդանյանը մտահոգիչ է համարել երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Նա անհրաժեշտ է համարել որդեգրել տնտեսական աճի ու զարգացման եւ ՀՀ քաղաքացիների գնողունակության խթանման քաղաքականություն:

Ըստ Կարեն Շահմուրադյանի՝ ծրագրերը միշտ լավն են լինում, սակայն խնդիրը դրանք կյանքի կոչելն է: Պատգամավորն անդրադարձել է զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակին եւ գոյություն ունեցող խնդիրներին: Ըստ նրա՝ Հայաստանում տուրիզմը զարգացման մեծ ներուժ ունի՝ պայմանավորված բնության եւ մշակութային հոգեւոր ժառանգությամբ:

Միքայել Մելքումյանի կարծիքով՝ ծրագրում կան դրույթներ, որոնք պետք է արժեւորել: Ի տարբերություն նախորդ կառավարությունների ծրագրերի՝ առաջին անգամ կոնկրետ հայտ է ներկայացվում կոնկրետ միջոցառումներ իրականացնելու համար:

Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով իր մոտեցումները, նշել է, որ ծրագրում մասնավորապես բացակայում են տարածքային համաչափ զարգացման շեշտադրումները: Պատգամավորի կարծիքով՝ պետական բյուջեի միջոցներն ըստ կարիքի պետք է բաշխվեն մարզերի միջեւ:

Ըստ Վահան Բաբայանի՝ ծրագիրը կարեւոր փաստաթուղթ է երկրի գործունեության եւ պետության կառավարման համակարգի համար: Պատգամավորը խոսել է զբոսաշրջությունից, կարեւոր համարել դրա զարգացումը:

Մհեր Շահգելդյանը խոսել է ծրագրի մեթոդաբանությունից, անհրաժեշտ համարել փաստաթղթում նոր մոտեցումների ամրագրումը: Նա կարեւորել է արդյունաբերության՝ որպես կարեւորագույն եւ առանցքային ոլորտի, ծրագրում ընդգրկելը: Պարոն Շահգելդյանն անդրադարձել է աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության հաղթահարմանը, ներդրումային ծրագրերի խրախուսմանը:

Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ առաջարկվում է մի ծրագիր, որում բացակայում է բյուրոկրատիայի ավանդույթը, առաջարկվում է գործողությունների շարք, որը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա ունենալ ավելի արդյունավետ հասարակություն՝ հանրային բարիք ստեղծող, իր աշխատանքով ընտանիք պահող եւ հարստացող հասարակություն:

Խոսրով Հարությունյանն էլ նշել է, որ կառավարության գործունեության ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ 6 ամսվա գործունեության ծրագրում կառավարությունը փորձում է ամրագրել ինստիտուցիոնալ նախադրյալներ, որոնք հնարավորություն են տալիս տնտեսության կայուն եւ դինամիկ զարգացում հետագա բոլոր ժամանակների համար: Նրա գնահատմամբ՝ ներկայացված ծրագիրը հավակնոտ է եւ իրատեսական:

Հեղինե Բիշարյանը խոսել է վարկային քաղաքականության վերանայման, արագաչափերի, ռազմահայրենասիրական ծրագրերի վերանայման, զբոսաշրջության զարգացումը խթանող գործիքների մասին: Տիկին Բիշարյանն անդրադարձել է առողջապահության համակարգում առկա կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարի կարեւորությանը:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել է մեր երկրում առկա տնտեսական խնդիրների մասին եւ անդրադարձել այն հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստ է փոփոխությունների իրականացման:

Վարդան Այվազյանն անդրադարձել է տնտեսական ծրագրերի իրականացմանը եւ ողջունելի համարել ծրագրում ոչ ստանդարտ լուծումներով ներդրումները խրախուսելը, երկարաժամկետ ներդրողների համար առանձնահատուկ արտոնությունների տրամադրումը, գազի, էլեկտրաէներգիայի եւ հողահատկացումների հարցում արտոնությունների տրամադրումը, սոցիալական խոցելի խմբերի համար գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը: Պատգամավորն առաջարկել է կառավարությանը կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները եւ փակել բոլոր արտաբյուջեները:

Զարուհի Փոստանջյանը կարծիք է հայտնել, որ կառավարության ծրագիրը միտված է ոչ թե ճգնաժամային խնդիրները լուծելուն, այլ ճգնաժամը մեղմելուն: Պատգամավորի խոսքով՝ կառավարությունը, սակայն, համակարգային փոփոխությունների ծրագիր պետք է առաջարկեր: Տիկին Փոստանջյանը դեմ է փաստաթղթին:

Արտահերթ ելույթ է ունեցել եւ հարցի վերաբերյալ քաղաքական շեշտադրումներ է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  

ԱԺ փոխնախագահը նշել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո նոր իրավիճակ է ստեղծվել երկրում: Նա կարծիք է հայտնել, այո, թեպետ կառավարությունը դե յուրե մինչեւ ապրիլյան ընտրությունների ավարտը պետք է գործի, այդուհանդերձ կառավարության ծրագրում կա ապագային միտված լուրջ մարտավարություն:

«Մեզ համար կարեւորագույն խնդիրը ներքին եւ արտաքին անվտանգությունն է, եւ կարեւոր է, որ բոլորս միասնական ջանքերով, ներգրավելով հայության բոլոր շերտերին, նաեւ սփյուռքահայության մտավոր եւ ֆինանսական ներուժը, առաջինն ամրացնենք մեր անվտանգությունը»,- նշել է պարոն Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է ներդրումների համար նպաստավոր միջավայրի ստեղծումը եւ սոցիալական համերաշխության ու արդարության համար համապատասխան քայլերի իրականացումը:

«Սա դյուրին չէ, բայց մենք պետք է դուրս գանք միջակության նշաձողից: Մենք պետք է դնենք շատ բարձր նշաձող, որ հասնենք դրան: Ես համոզված եմ, որ բոլոր քաղաքական ուժերը ցանկանում են, որ կառավարության ծրագիրն իրականություն դառնա, քանի որ պետք է գիտակցենք, որ եթե այն իրականացավ, մեր ժողովրդի կյանքում կլինեն դրական փոփոխություններ»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ նախագահի տեղակալն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել ծրագրին, քանի որ դա բխում է ՀՀ քաղաքացու եւ հայ ժողովրդի շահերից:

Արտահերթ ելույթներ են ունեցել ՀՀ կառավարության անդամները:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, ապա խոսել արդարադատության ոլորտում առկա խնդիրների մասին, ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը եւ միջոցառումները:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀ անվտանգության համակարգի ծրագրային դրույթների վերաբերյալ: Նա նշել է, որ ծրագրի պաշտպանական հատվածի հիմքում դրվել է «ազգ-բանակ» գաղափարախոսությունը եւ «հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական եւ հասարակական մարմինները եւ յուրաքանչյուր ոք պետք է հստակ պատկերացնի, թե ինչպես է մասնակցում երկրի պաշտպանության գործին: Նախարարը մանրամասնել է կառավարության ծրագրում պաշտպանական քաղաքականության հիմնական սկզբունքները:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ ծրագրի հանրակրթության, բարձրագույն կրթության եւ միջին մասնագիտական կրթության հատվածի հիմքում կրթության որակի կտրուկ բարձրացումն է: Նշվել է, որ հանրակրթության բնագավառում հատուկ ուշադրություն է դարձվում բնագիտության եւ էլեկտրոնային ուսուցման մեխանիզմների կատարելագործմանը, իսկ միջին մասնագիտական կրթության համակարգում հիմնական ձեւաչափը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան օպտիմալ միջին մասնագիտական կրթական մասնագիտությունների ձեւավորումն է: Պարոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ կարեւորագույն փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթության համակարգում եւ ներկայացրել դրանք:

Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին:


20.10.2016
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նաեւ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը
Հոկտեմբերի 20-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացնելով 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am