Տպել
06.10.2016
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Հոկտեմբերի 6-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Չեխովի անվան համար 55 դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

Շարունակելով քննարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը՝ ԱԺ խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարեւորել է հանձնաժողովի անդամների մասնագիտական հմտությունները՝ հույս հայտնելով, որ նրանք ուշադրություն կդարձնեն այն բացթողումներին, որոնք առկա են համակարգում:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հույս է հայտնել, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում կունենանք անկախ ընտրական համակարգ: Անդրադառնալով ԿԸՀ նախագահի եւ անդամների ընտրությանը՝ պատգամավորը նշել է, որ հանձնաժողովի առաքելությունը պետք է լինի ընտրական գործընթացների նկատմամբ ժողովրդի հավատի վերականգնումը եւ ժողովրդավարական ավանդույթների ձեւավորումը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով ԿԸՀ նախագահի եւ անդամների ընտրությանը, ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանին եւ ԿՀԸ անդամներին քննադատել է եւ նրանց համարել ընտրակեղծարարության հիմնական խորհրդանիշ:

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է օրերս Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է վերջին օրերին Գյումրիում եւ Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններին, քննադատել որոշ քաղաքական կուսակցությունների գործելաոճը ընտրական գործընթացներում:

Նա տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԿԸՀ նախագահի ու անդամների թեկնածուների համար կքվեարկի առանձին? ըստ նրանց մասնագիտական հատկանիշների:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս անդրադարձել է վերջին օրերին Գյումրիում եւ Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններին եւ նշել, որ ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում: Վահրամ Բաղդասարյանը բարձր է գնահատել ԿԸՀ նախագահի եւ հանձնաժողովի անդամների մարդկային եւ մասնագիտական որակները: Խմբակցության ղեկավարն ասել է, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու առաջադրվածների թեկնածությանը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներում հնչած քաղաքական դիրքորոշումներին:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրել է, որ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նիստում որոշվել է ԿԸՀ նախագահի եւ հանձնաժողովի անդամների ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 6-ին? ժամը 13:30-14:10-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Հասարակական կազմակերպությունների մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախագծով սահմանում է հասարակական կազմակերպության իրավական վիճակը, կարգավորում է նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող հարաբերությունները:

ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ փաթեթով հստակեցվում է հասարակական կազմակերպությունների դերը երկրի պետական եւ հասարակական կյանքում: Նախարարն անդրադարձել է փաթեթով կարգավորվող մի շարք հիմնախնդիրների: Օրենսդրական փաթեթով ՀԿ-ներին ընձեռվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք? նրանց տրամադրելով ֆինանսական կայունությունն ապահովող արդյունավետ գործիք, պարզեցվում եւ հստակեցվում է ՀԿ-ների պետական գրանցման վարչարարությունը՝ գրանցվող կազմակերպություններին ազատելով ավելորդ գործընթացներից:

ԱԺ պատգամավորներն օրենսդրական առաջարկի վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ են հնչեցրել, որոնք առնչվել են կազմակերպությունների գործունեությանը, լիազորություններին եւ նպատակներին, կազմակերպաիրավական ձեւին, փաստաթղթերի պահպանման ժամկետներին, օրենքի արդյունավետ կիրառմանը, ՀԿ-ների գործունեության սկզբունքներում թափանցիկության սկզբունքի ամրագրմանը եւ այլ հարցերի:

Նիստի ընթացքում ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հրապարակել է ԿԸՀ նախագահի եւ ԿԸՀ անդամների ընտրությունների արդյունքները: 96 կողմ եւ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ԿԸՀ նախագահ է ընտրվել Տիգրան Մուկուչյանը: Նա տեղեկացրել է նաեւ, որ ԿԸՀ անդամներ են ընտրվել Լաուրա Գալստյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Գեորգի Մարտիրոսյանը, Սեյրան Շահսուվարյանը եւ Արմեն Սմբատյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր եւ գործընկերների անունից շնորհավորել է ԿԸՀ նորընտիր կազմին եւ արդյունավետ աշխատանք մաղթել:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն իր եւ ԿԸՀ անդամների անունից շնորհակալություն է հայտնել խորհրդարանին վստահության համար՝ նշելով, որ այն ենթադրում է պատասխանատվություն: Պարոն Մուկուչյանը հավաստիացրել է, որ ԿԸՀ-ը բաց է անաչառ քննադատության համար՝ գիտակցելով, որ դա միայն կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ կատարելագործմանը: Նա ընդգծել է, որ ԿԸՀ-ի գործունեության անկյունաքարային սկզբունքներն են լինելու արդարությունը, օրինականությունը, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովը հասարակական եւ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ փաթեթի վերաբերյալ կազմակերպել է աշխատանքային հանդիպումներ եւ քննարկումներ, անցկացվել են խորհրդարանական լսումներ, ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ, հնչել են որոշ մտահոգություններ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ փաթեթն սկզբունքորեն արտահայտում է քննարկումներին մասնակցած գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունների մոտեցումները:

Փաթեթի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները:

Թեւան Պողոսյանը խոսել է հասարակական կազմակերպությունների գրանցման, նրանց առաքելության մասին, ներկայացրել իր մտահոգությունները:

Հայկ Բաբուխանյանի կարծիքով՝ հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն աշխատում է հայրենասիրության եւ մարդասիրության նպատակներով: Սակայն, ըստ նրա, որոշ ՀԿ-ների գործունեությունն ուղղված է պետության եւ ազգային շահերի դեմ:

Ողջունելով օրենսդրական նախաձեռնությունը՝ Լեւոն Մարտիրոսյանը նշել է, որ այն կոչված է հեշտացնելու հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությունը: Պատգամավորը նշել է, որ կներկայացնի մի շարք առաջարկներ:

Միքայել Մելքումյանը խոսել է հասարակական կազմակերպություններին արտոնությունների տրամադրման, աուդիտի անցկացման մասին:

Մարգարիտ Եսայանը վստահեցրել է, որ փաթեթի ընդունումն ավելի արդյունավետ է դարձնելու ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաեւ օգտակար է լինելու քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացի համար:

Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:


06.10.2016
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի եւ Երեւանի մի խումբ մանկավարժների: Շուրջ քսան մանկավարժներ պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, ՀՀ ...

06.10.2016
Հերթական բաց դասը խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 6-ին խորհրդարան էին այցելել Ա. Չեխովի անվան համար 55 դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները: Հյուրերը նախ հետեւել են ԱԺ քառօրյա նիստի աշխատանքին, որից հետո նրանց հետ հանդիպել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցեր...

06.10.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի` խորհրդարանի փոխնախագահ Իսաբել Դինգիզյանին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի Ազգային ժողովում, ջերմությամբ հիշել է 2015 թվականի հանդիպումը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է սկանդինավ...

06.10.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ողջունելով դեսպանին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարեկամական է գնահատել հայ-լ...

06.10.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ դիվանագիտ...