National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.9.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
28.09.2016
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 9

Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի, նախագահի առաջին տեղակալի եւ տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանել 12.00, առաջին տեղակալինը՝ 10.00, իսկ տեղակալներինը՝ 8.50: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց ոչ թե տրվում է, այլ կարող է տրվել հավելում:

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Պատգամավորներն այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկել են «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԱ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում պատգամավորները եւ գործարարները ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, որոնցից շատերն ընդունվել են, արդյունքում նախագիծը բարեփոխվել է:

Անդրադառնալով օրենսգրքով սահմանվող եկամտային հարկի դրույքաչափին՝ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ եկամտահարկի սանդղակն էապես վերանայվել է. լրամշակված տարբերակով 23 տոկոս դրույքաչափ է առաջարկվում կիրառել 120.000-150.000 դրամ աշխատավարձի դեպքում, 28 տոկոս՝ 150.000-ից մինչեւ 2 մլն դրամի դեպքում, 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում պահպանվելու է գործող դրույքաչափը՝ 36 տոկոս: Ըստ զեկուցողի՝ տեղի է ունեցել եկամտային հարկի դրույքաչափի արդյունավետ նվազեցում:

Մինչեւ 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները, ըստ Վախթանգ Միրումյանի, որոնք կազմում են Հայաստանի վարձու աշխատողների 89,9 տոկոսը կամ 550 հազար քաղաքացի, ունենալու են եկամտային հարկի տնտեսումներ, այսինքն` հարաբերականորեն ավելի ցածր եկամուտներ ունեցողների դեպքում հարկային բեռը նվազելու է:

Շրջանառության հարկի հարկմանն անդրադառնալով՝ Վախթանգ Միրումյանը նշել է, որ հարկման շեմը նախկին 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի 58,35 մլն դրամ: Շեմը բարձրացնելով, ըստ Վախթանգ Միրումյանի, կլինի շրջանառությունների հայտարարագրման իրական ծավալների աճ:

Վախթանգ Միրումյանը մանրամասն անդրադարձել է նաեւ հարկային փաստաթղթերի դուրսգրման համար նախատեսված սահմանափակումներին, ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմանը, հարկային վարչարարության բնագավառում ստուգումների կասեցման ժամկետներին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում նախագիծն անհամեմատ բարելավվել է, տեղի են ունեցել բազմաթիվ լսումներ եւ քննարկումներ, հաշվի են առնվել պատգամավորների հիմնարար առաջարկները:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները: Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձել է բարեփոխված նախագծին եւ նշել, որ այն բավարար չէ. հարկավոր է կրճատել հարկային վարչարարությունը, օրենսգրքով նախատեսել այնպիսի մեխանիզմներ, որոնք կկրճատեն ստվերային տնտեսությունը եւ այլն: Պարոն Քոքոբելյանը ներկայացրել է մի խումբ առաջարկներ: Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված նախագիծն էապես տարբերվում է նախորդ տարբերակից. պատգամավորի կարծիքով՝ փոխվել է ռազմավարությունը ոլորտում: Միքայել Մելքումյանը ներկայացրել է դիտողություններ, առաջարկել ոլորտում իրականացնել հարկային համաներում, այսինքն՝ համաներել հարկային տույժերն ու տուգանքները: Հրանտ Բագրատյանն անբավարար է համարել նախագծի լրամշակումը, քանի որ, ըստ նրա, հաշվի չեն առնվել բազմաթիվ կարեւոր առաջարկներ: Ըստ պատգամավորի՝ Հայաստանում հարկային բեռը շատ ավելի ծանր է, քան ԱՄՆ-ում: Նա տեղեկացրել է, որ կողմի չի քվեարկելու նախագծին: Ալեքսանդր Արզումանյանը նույնպես նշել է, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ մոտեցումն անհասկանալի է. նոր կառավարության ծրագիրը դեռեւս չկա եւ պարզ չէ, թե հարկային այս վարչարարությունը որքանով է համահունչ լինելու նրա տեսլականին: Զարուհի Փոստանջյանն իր ելույթում նշել է, որ քննարկվող նախագծի ընդունմամբ ոլորտում առկա խնդիրները չեն լուծվելու, չի վերանալու անարդարությունը եւ չի ապահովվելու մրցակցություն: Նա խոսել է արտագաղթից, ներդրումների ծավալի նվազումից, երկրում առկա խնդիրներից: Թեւան Պողոսյանը եւս խոսել է ոլորտի խնդիրներից, կարեւորել այնպիսի մեխանիզմների ընդունումը, որոնք կարող են զարգացնել ՓՄՁ-ներին: Գուրգեն Արսենյանն անդրադարձել է նախագծի դրույթներին եւ նշել, որ վատ վիճակում գտնվող տնտեսության զարգացման համար պետք են այնպիսի գործիքներ, որոնք կարող են արդյունավետ լինել, իսկ քննարկվող նախագիծը, ըստ նրա, չի կարող այդպիսի գործիք լինել: Նա նույնպես խոսել է արտագաղթի ծավալներից, ավելացող արտաքին պարտքից եւ նշել, որ դեմ է քվեարկելու նախագծին:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա կարեւորել է գործընկերների ելույթներում նախագծի վերաբերյալ հնչած առաջարկները եւ կարծիք հայտնել, որ բոլոր ելույթներում գերիշխել է նույն մոտեցումը՝ անել ամենը՝ բարելավելու համար նախագիծը եւ առողջացնելու տնտեսությունը: Անդրադառնալով որոշ ելույթներում հնչած այն դիտողություններին, թե ՀՀԿ-ն չի սատարում քննարկվող նախագիծը, նա նշել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀԿ խմբակցությունը բազմիցս քննարկել է նախագիծը, իսկ նախագծի հեղինակն ընդունել է ընդդիմության բազմաթիվ առաջարկներ: Մասնավորապես՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀԿ խմբակցությունն աշխատել է շատ ակտիվ. քննարկումներ են եղել եւ գործարարների, եւ ՓՄՁ ներկայացուցիչների, եւ ՀԿ-ների ու կառավարության գործընկերների հետ: Այսպես՝ նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացրած 14 պատգամավորներից 10-ը եղել են ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ի նպատակն է ունենալ այնպիսի հարկային օրենսգիրք եւ այնպիսի ճկուն համակարգ, որը Հայաստանը կտանի ոչ թե ցնցումների, այլ դեպի կայուն զարգացում:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ դիտողություններին, տվել պարզաբանումներ: Պարոն Միրումյանի խոսքով՝ աշխարհում չկան կատարյալ հարկային օրենսգրքեր, իսկ քննարկվող օրենսգիրքն ի զորու է ոլորտում բերել նոր որակական փոփոխություններ:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 29-ին:


28.09.2016
Խորհրդարան էին այցելել Դարմշտադտի համալսարանի ուսանողները
Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողով էին այցելել Գերմանիայի Դարմշտադտ տեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ դասախոս Սիբիլե Յանի գլխավորությամբ: Նշենք, որ այցը կայացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Դարմշտադտի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրով: Հյուրերը նախ շր...

28.09.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին խորհրդարանում, բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարա...

28.09.2016
Ֆրանսիացի խորհրդարանականն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am