National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.9.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
27.09.2016
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 10

Սեպտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությւան կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ մեր երկրում Ֆինանսական համահարթեցման համակարգը գործում է 1998 թվականից. պետական բյուջեից համայնքային բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հարաբերականորեն փոքր մասը բաշխվում է ըստ մեկ շնչին ընկնող եկամտային ունակությունների, իսկ մեծ մասը՝ ըստ բնակչության:

Վաչե Տերտերյանը նշել է, որ ելնելով Հայաստանի տեղական ինքնակառավարման առանձնահատկություններից եւ հաշվի առնելով ֆինանսական համահարթեցման նախորդ տարիների փորձը՝ առաջարկվող ֆինանսական համահարթեցման նոր համակարգը կառուցվելու է մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա:

Համայնքներին հատկացվող դոտացիաների հաշվարկման համար հիմք են համարվելու համայնքի հաշվարկային եկամտային ունակությունների եւ համայնքների պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսային կարիքները:

Նա նաեւ տեղեկացրել է, որ եկամտային ունակության հաշվարկման համար հիմք են հանդիսանում համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող հողի հարկի եւ գույքահարկի հաշվարկային ցուցանիշը, համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող մասհանվող եկամուտների եւ պետական տուրքի փաստացի մակարդակը:

Ըստ Վաչե Տերտերյանի՝ ծախսային կարիքի հաշվարկման համար հիմք են ընդունելու այն գործոնները (ծախսային չափորոշիչներ), որոնք էականորեն ազդում են համայնքի կողմից իրականացվող ծառայությունների (պարտադիր լիազորություններ) իրականացման համար անհրաժեշտ ծախսերի վրա, իսկ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը չափելի է, մատչելի եւ հավաստի: Փաթեթի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները:

Միքայել Մելքումյանի կարծիքով՝ ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրական նախաձեռնությունը վերաբերելու է հազարավոր գյուղաբնակ մարդկանց: Պատգամավորի խոսքով՝ փոքրաթիվ գյուղական համայնքներն ունեն ոչ միայն ֆինանսավորմանը վերաբերող խնդիրներ: Նա հույս է հայտնել, որ ոլորտում առաջընթաց կգրանցվի: Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ նախաձեռնության նպատակն է պետական բյուջեից համահարթեցման նպատակով հատկացվող դոտացիաների արդյունավետ վերաբաշխում: Պարոն Հարությունյանը կարեւորել է համայնքների ներդաշնակ զարգացումը: Ըստ Հրանտ Բագրատյանի՝ նախագծի ընդունումը նպաստելու է կոռուպցիայի զարգացմանը եւ չի ապահովելու թափանցիկություն համակարգում:Հեղինե Բիշարյանի կարծիքով՝ քննարկվում է քաղաքական, ֆինանսական փաստաթուղթ, որը ձեւակերպում է հետագա ֆինանսական հոսքերը մեկ կետից դեպի մարզերը: Պատգամավորը ժամանակավրեպ է համարել նման նախաձեռնության ներկայացումը խորհրդարան: Մհեր Շահգելդյանը նշել է, որ նախագիծը վերաբերում է միայն դոտացիաների վերաբաշխման որոշ մեխանիզմների: Ըստ պատգամավորի՝ քննարկվող օրինագիծը չի ծառայելու իր անվանման նպատակներին: Թեւան Պողոսյանը նշել է, որ փաթեթը ներկայացվել է ոչ պատեհ պահի:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառանալով ընդդիմադիր պատգամավորների՝ իշխանության կողմից հայտարարված բարեփոխումների վերաբերյալ թերահավատ կարծիքներին ու քննադատական ելույթներին՝ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Փոփոխությունները, բարեփոխումները եւ հեղափոխությունը տարբեր բաներ են, մենք բարեփոխումների փուլում ենք, այլ ոչ թե սեպտեմբերյան հեղափոխության: Հայաստանում սեպտեմբերյան հեղափոխություն տեղի չի ունեցել»: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ եւ՛ հին կառավարության, եւ՛ նոր կառավարության քաղաքական պատասխանատուն Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: Ըստ պարոն Շարմազանովի՝ կա շարունակականության եւ նոր մոտեցման եւ բարեփոխումների խնդիր: «Այս քաղաքական օրակարգը հրապարակ է եկել սահմանադրական բարեփոխումներից հետո, եւ փետրվարի 12-ի՝ ՀՀ Նախագահի հայտնի ծրագրային ելույթից հետո»,-նշել է ԱԺ փոխնախագահը: Նա ասել է, որ պետք է առաջ շարժվել՝ հիմք ընդունելով բարեփոխումները, իսկ եթե կլինեն ընդունելի մոտեցումներ, ապա իշխանությունը կօժանդակի դրանց:

Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Տիկին Հովհաննիսյանը նշել է, որ փաթեթի նպատակն է կարգավորել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման եւ այդ գործընթացի ոչ պատշաճ իրականացման կամ կարգի չպահպանման կամ ժամկետների չներկայացման դեպքում առաջացող իրավահարաբերությունները: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ փաթեթը մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են պաշտոնյաների ապօրինի հարստացմանը, վարչական տույժերի կիրառմանը, փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնմանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ֆինանսավորման աղբյուրներին, հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց թվին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ ընտրակաշառքներին, եկամուտների հայտարարագրմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին եւ այլն:

Փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները: Թեւան Պողոսյանը ողջունել է առաջարկվող փոփոխությունները, հանդես եկել առաջարկներով: Վահան Բաբայանը եւս դրական է գնահատել փոփոխությունները, որոնք, ըստ նրա, կառավարության հակակոռուպցիոն քայլերի շրջանակում են: Նա կարեւորել է փաթեթի ընդունումը: Խոսրով Հարությունյանը նույնպես դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունները, նշելով, որ հակակոռուպցիոն քայլերը խոսքից փոխվում են գործի: Հեղինե Բիշարյանն անդրադարձել է փաթեթին եւ նշել, որ դրա քննարկումն այսօր ժամանակավրեպ է, թեեւ «Օրինաց երկիր» խմբակցությունը ողջունել եւ ողջունում է բովանդակությունը: Ըստ տիկին Բիշարյանի՝ նախատեսվող պատիժները փոքր են, անհրաժեշտ են հստակեցումներ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ առաջարկներին:

Առաջին ընթերցումով քննարկվել է «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանը: Նշվել է, որ օրենքների նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ընդերքօգտագործման թափոնների եւ օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաեւ մետաղներ կորզելու նպատակով ընդերքօգտագործման թափոնների վերամշակման դեպքում ռոյալթիի վճարման գործընթացը: Օրենքների նախագծերի ընդունումը կնպաստի նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահմանության նպատակով ձեռնարկվող միջոցառումների իրականացմանը: Փոփոխություններով օրենսգրքից հանվում է «տեխնածին հանքավայր» հասկացությունը, իսկ արտադրական լցակույտերն առաջարկվում է դիտարկել որպես ընդերքօգտագործման թափոններ:

Իրենց հարցադրումներում ԱԺ պատգամավորները խոսել են ընդերքի օգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության խնդիրներից, անդրադարձել օրենքի խախտումների համար սահմանված պատասխանատվության միջոցներին, օրենսդրական առաջարկի բնապահպանական ազդեցությանը, պոչամբարների եւ լքված հանքավայրերի խնդրին, առաջարկվող կարգավորման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությանը եւ այլ խնդիրների:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ oրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մաuին», «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերն ու «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Խորհրդարանն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 28-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am