National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.9.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
21.09.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:

Անկախության տոնի էությունն ու իմաստը դուրս են մեր պետության սահմաններից, քանզի այն, համապետական տոն լինելով հանդերձ, միաժամանակ, համաժողովրդական է: Քառորդ դար առաջ հանրաքվեի միջոցով անկախություն հռչակելու իրավական հնարավորությունը միայն Հայաստանի քաղաքացիներինն էր, սակայն դրա արդյունքը պատմական ու ճակատագրական էր ոչ միայն Հայաստանի տարածքում բնակվողների, այլեւ նրա սահմաններից հարյուրավոր ու հազարավոր կիլոմետրերով հեռու ապրող, սակայն իրենց այդ սահմանների ներսում համարող մեր միլիոնավոր հայրենակիցների համար: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի՝ մեր գրեթե միաձայն «այո»-ն նոր ճանապարհի գիտակցված ընտրության ազդարարումն էր: Մենք իրականության մեջ քայլեցինք երազանքի հետեւից եւ այն դարձրեցինք նոր իրականություն: Անցյալի պատմությունը մեր գիտակցության մեջ եւ մեր աչքերում` հավատով ու վստահությամբ շարժվեցինք առաջ` շարունակելով կերտել նոր իրողություններ եւ մեր նորագույն պատմությունը` Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ, 25 տարի է մենք ապրում ենք ինքնիշխան պետականությամբ օժտված մեր անկախ երկրում, որի սահմանները պայմանականորեն են բաժանում հայաստանաբնակ եւ արցախաբնակ, ամերիկաբնակ ու ավստրալաբնակ, եվրոպաբնակ ու ասիաբնակ հային, որովհետեւ հայրենիքը սահման չի ճանաչում եւ միավորում է այն հզորացնելուն ուղղված մեր մտածումներն ու ջանքերը, խոհերն ու զգացմունքները, գործերն ու գործողությունները:

25 տարիների ընթացքում մենք համայն հայությունից ոչ գործի ու ջանքի, ոչ էլ զգացմունքի ու անձնազոհ նվիրումի պակաս չենք ունեցել առ հայրենիք, առ Հայաստան, որոնք զգալի, տեսանելի ու շոշափելի են եղել թե՛ պատերազմական ժամանակներում, թե՛ խաղաղ ժամանակաշրջանում, թե՛ տնտեսական դաշտում, թե՛ ռազմաճակատում:

25 տարի է համահայաստանյան ու համահայկական ջանքերով Հայաստանի Հանրապետությունն իր մնայուն տեղն է ամրապնդել աշխարհի քաղաքական ու տնտեսական քարտեզի վրա, որն աշխարհաքաղաքական տարբեր շահերի հետեւանքով պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում: Անհրաժեշտ ճկունության ու շրջահայացության համադրումով մենք կարողացել ենք մշտական ամրագրում ստանալ այդ տարածության մեջ` դրսեւորելով սկզբունքայնություն ու հաստատակամություն, պահի եւ իրավիճակի համապատասխան զգացողություն: 25 տարվա ընթացքում շատերն են անարդյունք փորձել տարբեր, այդ թվում եւ ռազմական մեթոդներով ու միջոցներով խախտել համահայկականությունն ու սերն առ հայրենիք, փորձել են թե՛ Հայաստանի սահմաններից դուրս ու նրա սահմանների մոտ, թե՛ նրա սահմաններից ներս: Եւ 25 տարին մեզ համար դարձել է փորձության, ամրանալու եւ զարգանալու ժամանակաշրջան, որի ընթացքում միշտ մտածել ենք հաղթանակի եւ ոչ երբեք` պարտվելու մասին՝ առաջնորդվելով ու գործելով հաղթողի հոգեբանությամբ ու հաղթանակի տրամաբանությամբ: Մեր պետական ու հասարակական մտածելակերպում պարտվողականության գաղափարը տեղ չունի, որովհետեւ այդպիսի մտածողությամբ ոչ պետություն կկայանա, ոչ էլ հասարակություն: Մեր անվտանգությունն ու խաղաղությունն այդ կերպ` առանց հաղթանակի ու առաջընթացի ձգտման, առանց դրա գործնական դրսեւորման չեն կարող երաշխավորված լինել: Անվտանգությունն ու խաղաղությունը սահմանից սկսվելով` ձեւավորվում են նաեւ հենց երկրի ներսում` հասարակական ու քաղաքական դաշտում, սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրների ողջամիտ լուծմամբ, հայրենիքի գաղափարի համահայկական ընկալմամբ, սփյուռքին հայրենիքի գորովանքով ու հոգատարությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` հայկական երկրորդ պետությանը, այդ ամենից բացի նաեւ անվտանգության երաշխավորի վստահությամբ վերաբերվելով, առավել եւս, որ Արցախը եղել է Հայաստանի անկախության ոգեղեն շարժիչ ուժն ու խթանը:

Սիրելի՛ հայրենակիցներ, 25 տարվա մեր կեցվածքը, մեր ընթացքը որպես պետություն ու ժողովուրդ վկայում են մեր վճռականության ու հաստատակամության, հավաքականության ուժի անվերապահ գիտակցումի մասին, ինչը մեր անընդհատ շարունակականության երաշխիքն է: Վերստին շնորհավորելով բոլորիս Անկախության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am