Տպել
20.09.2016
«Հայաստանն անկախության 25 տարվա ընթացքում արժանի տեղ է զբաղեցրել ժամանակակից միջազգային համագործակցության համակարգում». Հերմինե Նաղդալյան
1 / 1

Սեպտեմբերի 20-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի տնտեսական կենտրոն Ուրումչի քաղաքում բացվել է «Մետաքսի ճանապարհի գլոբալ ներդրումը, հնարավորություններն ու առավելությունները» խորագրով Չինաստան-Եվրասիա համաշխարհային 5-րդ էքսպո-ցուցահանդեսը, որին մասնակցում է հայկական պատվիրակությունը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

Հինգ տարվա ընթացքում էքսպո-ցուցահանդեսը շոշափելի արդյունքներ է արձանագրել Չինաստանի դիվանագիտության, տնտեսության եւ առեւտրի բնագավառներում` ընդլայնելով մասնակցության սահմանները:

Միջազգային այս հեղինակավոր իրադարձությունը յուրաքանչյուր տարի իրենց մասնակցությամբ պատվում են ավելի քան 800 չինացի եւ օտարերկրացի քաղաքական ու տնտեսական առաջնորդներ, նախարարներ, խորհրդարանականներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Այս տարի միջոցառմանը մասնակցում են պատվիրակություններ 42 երկրից, ներկայացված են 2000-ից ավելի ձեռնարկություններ` ազգային տաղավարներով ու արտադրության ցուցադրությամբ: Չինաստան-Եվրասիա էքսպո-ցուցահանդեսը հանդիսանում է Մետաքսի ճանապարհի երկրների տնտեսական գոտու ռազմավարության գլխավոր հարթակ:

Չինաստան-Եվրասիա էքսպոյի կազմկոմիտեն կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը եւ այդ նպատակով հարթակ տրամադրում Մետաքսի գոտու երկրների եւ Հայաստանի միջեւ համագործակցության ընդլայնման համար: Ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Չինաստան-Եվրասիա տնտեսական զարգացման եւ համագործակցության համաժողովում բազմահազարանոց մասնակիցներից միայն 5 երկրի ներկայացուցչի է հնարավորություն տրվել որպես հատուկ հյուր բացման խոսքով հանդես գալու, այդ թվում` վարչապետեր եւ խորհրդարանների խոսնակներ: Հայաստանից այդ պատիվը վերապահվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով միջազգային բարձր ամբիոնից ներկայացրել է Հայաստանի անկախության քսանհինգամյա պատմության ձեռքբերումները, մեր երկրի քաղաքական կշիռն ու տնտեսական, աշխարհագրական, տրանսպորտային եւ այլ հնարավորությունները, ինչպես նաեւ ընդգծել է հայ-չինական դարավոր բարեկամությունը:

Մետաքսի մեծ ճանապարհը դիտարկելով որպես Արեւելքի եւ Արեւմուտքի հաղորդակցման խորհրդանիշ` տիկին Նաղդալյանն իր ելույթում փաստել է, որ Հայաստանը հազարամյակների ընթացքում կապող օղակ է եղել աշխարհի այս երկու մասերի միջեւ:

«Հայաստանը եւ Չինաստանը կապված են բարեկամության բազմադարյա հարաբերություններով: Անկախության շրջանում Հայաստանը, որն այսօր նշում է Անկախության եւ միջազգային դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, այդ ընթացքում անցկացված բարեփոխումների եւ զարգացման ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ արժանի տեղ է զբաղեցրել ժամանակակից միջազգային համագործակցության համակարգում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը:

«Հայաստանն ու Չինաստանը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում հասել են նկատելի հաջողությունների: Արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության եւ տեխնիկայի, մշակույթի եւ կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերն ապացուցում են երկկողմ հետաքրքրությունների առկայությունը»,- ընդգծել է տիկին Նաղդալյանը` այս համատեքստում կարեւորելով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, որը համապատասխանում է մեր երկրի ռազմավարական եւ տնտեսական զարգացման շահերին` բարձրացնելով Հայաստանի նշանակությունը նաեւ իր բոլոր տնտեսական գործընկերների շրջանում:

«Հայ-չինական տնտեսական հարաբերությունների տեսանկյունից նոր եւ ավելի լայն հնարավորությունների մեծ խթան հանդիսացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Չինաստան եւ համագործակցության մի շարք կարեւորագույն պայմանագրերի կնքումը»,- հիշեցրել է տիկին Նաղդալյանը` եզրափակելով, որ համագործակցության այս ոլորտներում Հայաստանը վստահորեն առաջ է նայում եւ պատրաստ է բոլոր միջոցներով զարգացնել փոխշահավետ համագործակցությունը:

Հայկական պատվիրակության անդամներն ակտիվ մասնակցել են Չինաստան-Եվրասիա էքսպո-ցուցահանդեսի աշխատանքներին, շրջել տաղավարներով եւ քննարկել հայկական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները:


20.09.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. սեպտեմբերի 21-24-ը Տիրանա (Ալբանիայի Հանրապետություն) եւ սեպտեմբերի 25-27-ը Ռեյկյավիկ (Իսլանդիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ...

20.09.2016
Էդուարդ Շարմազանովը ելույթ կունենա Տավրիդյան պալատում
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 21-ին Տավրիդյան պալատում կմասնակցի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես-միջոցառմանը, որտեղ հանդես կգա ելույթով: Նույն օրն ԱԺ փոխնախագահը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր ...