Տպել
14.09.2016
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը
1 / 12

Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը, որի վերաբերյալ շարունակել են ելույթներ ունենալ ԱԺ պատգամավորները:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականին եւ ներկայացրել իր տեսակետը: Պատգամավորն անդրադարձել է անարդար դատավարություններին, խոսել Արթուր Դավթյանի մասնագիտական հմտություններից:

Ըստ Միքայել Մելքումյանի՝ ոլորտում անհրաժեշտ են հեղափոխական փոփոխություններ, նրա գնահատմամբ՝ փոքր փոփոխություններով արդյունքի հասնել հնարավոր չէ: Պատգամավորն անդրադարձել է նաեւ թեկնածուի նշած ծրագրերի արդյունավետությանը:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի դրդապատճառներին եւ նշել, որ Գեւորգ Կոստանյանի պաշտոնավարման շրջանում դրական արդյունքներն ակնհայտ էին: Այնուհետեւ, անդրադառնալով Արթուր Դավթյանի թեկնածությանը՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ նա պրոֆեսիոնալ եւ սկզբունքային գործիչ է, ով տիրապետում է ոլորտի խնդիրներին: Դատաիրավական համակարգում առկա իրավիճակին անդրադառնալով՝ Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ վերջին տարիներին համակարգում կոռուպցիա գրեթե չկա: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ոլորտում առկա խնդիրներն Արթուր Դավթյանի աշխատանքի շնորհիվ կլուծվեն:

Վահե Էնֆիաջյանը հույս է հայտնել, որ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամանակ արատավոր երեւույթները կվերանան: Պատգամավորը բարձր է գնահատել Արթուր Դավթյանի աշխատանքային ուղին:

Վահրամ Մկրտչյանի կարծիքով՝ Արթուր Դավթյանը բանիմաց եւ պրոֆեսիոնալ գործիչ է: Նրա խոսքով՝ արդյունք ունենալու համար պետք է սկզբունքների, գաղափարների փոփոխություններ իրականացնել:

Լեւոն Դոխոլյանի մոտեցմամբ՝ դատական համակարգը քաղաքացիներին վստահություն չի ներշնչում, այն թափանցիկ եւ հրապարակային չէ, ուստի պետք է անել հնարավորը՝ բարձրացնելու համար հանրային վստահությունը:

Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ քաղաքացիների շրջանում արդարադատության համակարգի նկատմամբ վստահություն չկա: Ըստ պատգամավորի՝ Արթուր Դավթյանի աշխատանքային ուղին հուսադրող է, հույս կա, որ որոշակի փոփոխություններ կլինեն:

Թեւան Պողոսյանն անդրադարձել է Արթուր Դավթյանի ելույթում տեղ գտած նոր մոտեցումներին: Պատգամավորը խոսել է նաեւ համակարգում առկա շահերի բախմանը, լրատվության հասանելիությանն ու թափանցիկությանը, հանդես եկել առաջարկներով:

Մհեր Շահգելդյանն անդրադարձել է դատաիրավական ոլորտում առկա խնդիրներին՝ նկատելով, որ ոլորտի նկատմամբ վստահության պակաս կա: Պատգամավորը խոսել է նաեւ տնտեսական ոլորտի ապաքրեկանացման խնդրից, կարեւորել է մանր եւ միջին բիզնեսի պաշտպանվածությունը:

Արամ Մանուկյանն անդրադարձել է մեր երկրի իրավական համակարգում առկա թերություններին՝ կարծիք հայտնելով, թե դատախազությունը որեւէ քայլ չի ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարում:

Նաիրա Զոհրաբյանը եւս անդրադարձել է Գեւորգ Կոստանյանի հրաժարականի պատճառներին, հայտնել իր տեսակետը: ԲՀԿ խմբակցության ղեկավարը խոսել է արդարադատության համակարգում տիրող իրավիճակից, անդրադարձել դատական համակարգում առկա կոռուպցիային: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը:

Գագիկ Մելիքյանի գնահատմամբ՝ թեկնածուն իր անձնային հատկանիշներով եւ աշխատանքային գործունեությամբ արժանի է գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու: Պարոն Մելիքյանը կողմ է քվեարկելու առաջադրված թեկնածությանը:

Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում անդրադարձել է դատախազության՝ որպես սահմանադրական մարմնի տեղին ու դերին, լիազորություններին եւ համակարգի մի շարք այլ խնդիրների:

Սամվել Ֆարմանյանը, խոսելով դատաիրավական համակարգում առկա խնդիրների մասին, կարեւորել է համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը միտված քայլերը: Պարոն Ֆարմանյանը եւս ընդգծել է թեկնածուի մասնագիտական բարձր պատրաստվածությունը:

Հովհաննես Սահակյանը կարեւորել է թեկնածուի՝ հրապարակային գործունեություն իրականացնելու կամքը: Որպես ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ պարոն Սահակյանը գլխավոր դատախազի հետ օրենսդրական դաշտում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Առաջադրված թեկնածության վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ իրենք խմբակցությունում հանդիպել են թեկնածուի հետ եւ քննարկել սկզբունքային հարցեր: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ թեկնածուն համակարգում աշխատել է երկար տարիներ, եւ թեկնածության առաջադրումը նաեւ լավ աշխատանքի գնահատական է: Խմբակցության ղեկավարը խոսել է դատաիրավական համակարգում առկա կոռուպցիոն դրսեւորումների հաղթահարման, ոլորտի բացթողումների մասին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ ընտրվելու դեպքում նորանշանակ գլխավոր դատախազը կառավարման խորհրդարանական համակարգում գործող առաջին գլխավոր դատախազն է լինելու եւ այս համատեքստում էլ անդրադարձել է առաջադրված թեկնածությանը: Նա եւս անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարում իրական քայլերին եւ այս հարցում կարեւորել դատախազության գործուն մասնակցությունը: ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արթուր Դավթյանի թեկնածությանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունը պետության կադրային կարեւորագույն ընտրություններից է: Պարոն Զուրաբյանն իր ելույթում անդրադարձել է դատաիրավական համակարգի խնդիրներին, ընտրախախտումներին եւ այս հարցում դատախազության դերին ու նշանակությանը: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենք դեմ են իշխանության ներկայացրած թեկնածուին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ մեծ են սպասելիքները գլխավոր դատախազի թեկնածուից: Բանախոսը բարձր է գնահատել թեկնածուի մարդկային ու մասնագիտական հատկանիշները: Նա կարեւորել է ԱԺ-դատախազություն ակտիվ համագործակցությունը: Տեղեկացնելով, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նշանակմանը՝ Վահրամ Բաղդասարյանը հաջողություն է մաղթել Արթուր Դավթյանին հետագա գործունեության ընթացքում:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրել է, որ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նիստում որոշվել է ՀՀ գլխավոր դատախազի նշանակման մասին ընտրությունն անցկացնել սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13:30-14:10-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում:

Եզրափակիչ ելույթում Արթուր Դավթյանը, շնորհակալություն հայտնելով հնչած առաջարկների համար, խորհրդարանի հետ առաջիկայում համագործակցելու պատրաստակամություն է հայտնելու, ինչը, նրա գնահատմամբ, առավել կոնկրետ խնդիրներ քննարկելու հնարավորություն կտա:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Նշենք, որ հանձնաժողովի անդամի թափուր տեղի մրցույթում հաղթող է ճանաչվել Տիգրան Հակոբյանը: Թեկնածուն նշել է, որ իր ցանկությունն է մասնակցություն ունենալ Հայաստանի էլեկտրոնային մեդիայի զարգացման գործում: Նա նշել է, որ կփորձի իր գործունեությամբ նպաստել հանձնաժողովի լիազորությունների շրջանակում առկա խնդիրների լուծմանը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի սեպտեմբերի 15-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


14.09.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին եւ կազմակերպության  գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին: Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը շնորհավորել է Հայաստա...