Տպել
08.09.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
1 / 5

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի հետ:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Խերարդո Ամարիժային իր եւ իր գլխավորած պատվիրակությանն Ուրուգվայ այցի հրավերի համար:

Էդուարդ Շարմազանովը գոհունակություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխըմբռնման եւ աջակցության վրա, ինչի մասին վկայում են երկու երկրների միջեւ տարաբնույթ խնդիրների բացակայությունը:

Հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բազմակողմ համագործակցություն հաստատել լատինամերիկյան երկրների, այդ թվում՝ Ուրուգվայի հետ: Նա հույս է հայտնել, որ այցը եւս կնպաստի այդ առումով որոշակի առաջընթաց գրանցելուն:

Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ երկու երկրները միջազգային կազմակերպություններում սերտորեն համագործակցում են` սատարելով միմյանց թեկնածությունները տարբեր ընտրություններում: Նա հավելել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այն հանգամանքը, որ ՄԱԿ-ում Հայաստանին ուղղակիորեն առնչվող բանաձեւերի քվեարկության ժամանակ Ուրուգվայը մշտապես ցուցաբերել է հավասարակշռված մոտեցում:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ մասնավորապես նշելով. «Մենք ամեն ջանք գործադրելու ենք միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչմանը հասնելու համար: Նման ոճրագործությունների զանգվածային դատապարտումը կնպաստի մարդկության դեմ ուղղված նոր հանցանքների կանխարգելմանը: Ցեղասպանության ճանաչման գործընթացում Ուրուգվայը ստանձնեց առաջամարտիկի դերը՝ օրինակ ծառայելով ամբողջ աշխարհին եւ այդպիսով ցույց տալով համամարդկային արժեքներին իր հավատարիմ լինելը»:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ու Արցախը հանդես են գալիս հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին եւ հավելել, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա:

ԱԺ փոխնախագահը հպարտությամբ նշել է, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների խորացման հարցում զգալի դերակատարություն ունեցել է եւ այժմ էլ շարունակում է ունենալ հայ համայնքը՝ հանդիսանալով կամուրջ երկու պետությունների միջեւ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...