Տպել
07.09.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի Սենատի նախագահի հետ
1 / 3

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Սենատի նախագահ Ֆեդերիկո Պինեդոյի հետ:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է լատինամերիկյան երկրների, մասնավորապես Արգենտինայի հետ սերտ համագործակցության հաստատումը՝ առանձնահատուկ ընդգծելով խորհրդարանական բաղադրիչի դերն ու նշանակությունը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն Արգենտինան համարում է բարեկամ երկիր, ինչի վառ ապացույցն է բոլորովին վերջերս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հայաստանում Արգենտինայի դեսպանություն երկրի անկախության 200-ամյակի առթիվ:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի հետագա ամրապնդման եւ զարգացման, երկու երկրների հարաբերություններում առկա ներուժը վերհանելու գործում:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը բավականին արդյունավետ է. երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում, ինչպես նաեւ փոխադարձ աջակցություն միջազգային ատյաններում միմյանց թեկնածությունների սատարման հարցում:

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել այն, որ Արգենտինայի Սենատը 2006 թվականին ընդունել եւ օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Հայկական պատվիրակության ղեկավարը մասնավորապես նշել է. «Արգենտինայի խորհրդարանականները, ճանաչելով եւ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, «ոչ» են ասում թուրքական ժխտողականությանը: Սենատի նման դիրքորոշումը վկայում է Արգենտինայի՝ համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու մասին, քանի որ անցյալի հանցագործությունները ճանաչելով եւ դատապարտելով է հնարավոր միայն կանխարգելել նոր հանցագործությունները»: Ֆեդերիկո Պինեդոն իր հերթին նշել է, որ հպարտ է Հայոց ցեղասպանության մասին օրենքի համահեղինակը լինելու համար:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը դատապարտել է Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը, ինչպես նաեւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը:

Կողմերը բարձր են գնահատել հայ համայնքի՝ որպես երկու պետությունների միջեւ կապող օղակի առանձնահատուկ ներդրումը հայ-արգենտինյան կապերի ձեւավորման եւ ամրապնդման գործում:


07.09.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 7-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքու...

07.09.2016
«Արցախի միջազգային ճանաչումն օրվա հրամայական է». Էդուարդ Շարմազանով
Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 6-ին համատեղ հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրա...