National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.9.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
06.09.2016
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 5

Սեպտեմբերի 6-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արտակ Զաքարյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է մի խումբ միջազգային համաձայնագրեր, որոնք ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելու համար ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջեւ մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը, որի վավերացման արդյունքում ՀՀ վավեր դիվանագիտական կամ սովորական անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վավեր անձնագիր կամ ճամփորդելու թույլտվություն ունեցողները կազատվեն համապատասխանաբար ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի եւ ՀՀ՝ մուտքի, ելքի կամ տարանցման արտոնագրային պահանջներից: Յուրաքանչյուր այցի ժամանակ Մակաոյի հատուկ վարչական տարածքում գտնվելու տեւողությունը 365 օր ժամանակաշրջանում չպետք է գերազանցի 90 օրը:

Պատգամավորները քննարկել են նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամների ընտանիքների վարձատրվող աշխատանքի մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Համաձայնագրի նպատակն է նախատեսել դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամների ընտանիքների վարձատրվող աշխատանքի հնարավորություն: Ընտանիքի անդամներին թույլատրվում է, փոխադարձության հիման վրա, ընդունող պետությունում կատարել վարձատրվող աշխատանք:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որով կողմերը զարգացնում եւ ամրապնդում են առկա համագործակցությունը:

Չորրորդ համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արգենտինայի Հանրապետության կառավարության միջեւ հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրն էր:

Հանձնաժողովի անդամներն այնուհետեւ քննարկել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Արագած Ախոյանի, Լյովա Խաչատրյանի, Վահան Կարապետյանի, Թեւան Պողոսյանի եւ Արմեն Ավետիսյանի հեղինակած «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որի վերաբերյալ տեղի ունեցած մանրամասն եւ բազմակողմ քննարկման արդյունքում պատգամավորները հեղինակներին առաջարկել են հաշվի առնել իրենց դիտողությունները եւ լրամշակել նախագիծը, ինչն ընդունվել է հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի կողմից: Տիկին Զոհրաբյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել բոլոր առաջարկները, հորդորելով դրանք ներկայացնել գրավոր: Նշենք, որ արված որոշ առաջարկներ հեղինակները տեղում ընդունել են: Ըստ կայացած փոխհամաձայնության՝ հայտարարության լրամշակված նախագիծը հեղինակները քննարկման կներկայացնեն հանձնաժողովի հաջորդ նիստում:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկվել է «2015 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը, որը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հաղորդման մեջ զետեղվել են առավել հաճախ հանդիպող եւ համակարգային բնույթ կրող խնդիրներ: Նշվել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւ աշխատակազմը պատրաստ են շարունակել համագործակցությունը բոլոր իրավասու մարմինների հետ բարձրացված բոլոր խնդիրներին գործնական եւ օրենսդրական լուծումներ տալու ուղղությամբ: 2015 թ. ընթացքում ՄԻՊ աշխատակազմն ստացել է 5200-ից ավելի բողոք, որոնք հիմնականում առնչվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության եւ ՀՀ պաշտպանության նախարարությունների գործունեությանը: Հաշվետու տարում եւս իրականացվել են արագ արձագանքման այցեր:

Պարոն Թաթոյանը մանրամասն անդրադարձել է առկա խնդիրներին եւ խախտումներին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշել է, որ վեր հանված խնդիրները գրեթե չեն տարբերվում նախորդ տարիներին արձանագրված խնդիրներից եւ խախտումներից, ինչը նշանակում է, որ դրանք կայուն բնույթ են կրում:

Քննարկումների ընթացքում կարեւորվել է պետական կառույցների հետ ՄԻՊ աշխատակազմի համագործակցված եւ կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում կկանխարգելվեն եւ կբացառվեն մարդու իրավունքների խախտման դեպքերը:

Հանձնաժողովը տարեկան հաղորդումն ընդունել է ի գիտություն:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանց կից օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական լսումների ընթացքում քննարկումների եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում օրենսդրական փաթեթը լրամշակվել է: Ներկայացնելով հիմնական փոփոխությունները՝ պարոն Մկրտչյանը նշել է, որ դրանք հիմնականում վերաբերել են կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությանը, դատարան դիմելու իրավունքին, կամավոր աշխատանքին վերաբերող հոդվածներին: Օրենքի նախագիծը սահմանում է հասարակական կազմակերպության իրավական վիճակը, կարգավորում է նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող հարաբերությունները: Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինել իր գույքը եւ գործունեության արդյունքները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ստեղծել առեւտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:

Քննարկված օրենսդրական փաթեթը, ստանալով հանձնաժողովի դրական եզրակացությունը, կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի հեղինակած «Բռնադատվածների մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ՀՀ կառավարության ներկայացրած «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթների քննարկումը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է կառավարության հեղինակած «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ նախատեսվում է արժեթղթերի շուկայի չարաշահումների հանրային վտանգավորության ամրագրում՝ դրանց քրեականացման միջոցով եւ համարժեք պատասխանատվության միջոցների սահմանում:

Առաջարկվում է քրեականացնել ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որի արդյունքում ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ: Քրեականացման համար անհրաժեշտ շեմ է նախատեսվում 20,000,000 ՀՀ դրամը՝ որպես զգալի շահույթ եւ 30,000,000 ՀՀ դրամը՝ որպես խոշոր չափի շահույթ:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

Առաջարկվում է վերացնել կրթությանը, մասնագիտությանը եւ փորձին վերաբերող պահանջները աուդիտորի որակավորման քննություններին մասնակցելու համար եւ պահպանել դրանք միայն վկայական ստանալու համար: Սպառիչ թվարկել, թե որոնք են համարվում մասնագիտական աշխատանք աուդիտորների համար: Աուդիտ իրականացնող անձանց լիցենզավորման գործընթացում առաջարկվում է վերացնել ընկերության տնօրենին ներկայացվող պահանջները եւ սպառիչ թվարկել լիցենզիա տալը մերժելու հիմքերը: Առաջարկվել է նաեւ կանոնակարգել մասնագիտացված կառույցի հավատարմագրման գործընթացը, վերասկողությունը եւ պատասխանատվությունը օրենքը խախտելու համար: Առաջարկվում է նաեւ լիազորված մարմնին տեղեկատվություն տրամադրել ոչ միայն լիցենզիայի պահանջները խախտվելու, այլ նաեւ փոփոխվելու դեպքում (միաժամանակ թեթեւացնելով լիցենզիա ստանալուց ներկայացվող տեղեկատվության ծավալը):

Գործադիրն առաջարկում է վերացնել ֆիզիկական անձանց համար աուդիտորական գործունեության լիցենզիայի համար սահմանված պետական տուրքը:

Քննարկված օրենսդրական փաթեթներն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է եւ հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովը քննարկել է 2016 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը, որն ընդունել է ի գիտություն:

Քննարկվել է նաեւ երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը, որի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական գնահատական:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկել է պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Թեւան Պողոսյանն առաջարկում է զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով ստեղծել սեռաբջիջների պահպանության բանկ:

Թեւան Պողոսյանի խոսքով՝ ի սկզբանե թեեւ խնդիրը սուր ընկալվեց, այդուհանդերձ նախաձեռնության շրջանակում ի հայտ են եկել որոշակի հարցեր, որոնք քննարկվել են առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ: Հեղինակի առաջարկությամբ նախագիծը դուրս է եկել շրջանառությունից՝ հետագայում այն ավելի ճշգրիտ մշակելու նպատակով:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ առողջապահության փոխնախարարի՝ նախագծերի փաթեթը կարգավորում է մարդու հոգեկան առողջության պահպանման եւ հոգեբուժական օգնության եւ սպասարկման, հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների եւ դրանց իրականացման, պաշտպանության եւ սահմանափակման դեպքերի եւ կարգի հետ կապված հարաբերությունները:

Փաթեթը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 13-15-ի նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը հաստատել է 2016թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է սահմանել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի, նախագահի առաջին տեղակալի եւ տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը 12.00 է, առաջին տեղակալինը? 10.00, իսկ տեղակալներինը? 8.50: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց ոչ թե տրվում է, այլ կարող է տրվել հավելում:

Նախագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը համահեղինակ Էլինար Վարդանյանի առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

Քննարկումների արդյունքում որոշվել է պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի, հանձնաժողովի անդամների եւ կառավարության համաձայնությամբ հետաձգել լրացուցիչ քննարկելու նպատակով:


06.09.2016
«Ցեղասպանության դատապարտմամբ Արգենտինան վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին». ԱԺ փոխնախագահ
Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետությա...

06.09.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մասնակցել է ԵԽԽՎ բյուրոյի նիստին
Սեպտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հերմինե Նաղդալյանը: Օրակարգում ընդգրկված գլխավոր հարցերը եղել են ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հաղորդումները: Հիմնականում անդրադ...

06.09.2016
«Ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր». Էդուարդ Շարմազանով
Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի մարդու իրավու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am