Տպել
05.09.2016
«Այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն». Էդուարդ Շարմազանովի ելույթն արգենտինահայերի հետ հանդիպման ժամանակ
1 / 2

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 4-ին այցելել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարան, հանդիպել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի, թեմական խորհրդի, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Առաջնորդարանում ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ուրախ եմ եւ հպարտ գտնվելու համար Արգենտինայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարանում եւ հանդիպելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ձեւավորման հիմքում նախ եւ առաջ դուք եք, սիրելի արգենտինահայեր: Դուք բազմիցս եք ապացուցել, որ ապրելով օվկիանոսից այն կողմ, լինելով Արգենտինայի օրինապահ քաղաքացիներ՝ մնացել եք հայ եւ այստեղ ձեւավորել մի փոքր Հայաստան: Դուք հայտնվել եք հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, քանի որ մեկ դար առաջ Թուրքիայի հանցագործ իշխանությունները որոշեցին աշխարհում մեկ հայ թողնել եւ այն էլ թանգարանում՝ իրագործելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Սակայն, հայերիս՝ ազատ եւ անկախ հայրենիքում ապրելու ցանկությունն այնքան հզոր գտնվեց, որ անգամ Ցեղասպանությունը չկարողացավ չեզոքացնել անկախության ձգտումը: Մեծ եղեռնից ընդամենը 3 տարի անց Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի մայիսյան հերոսամարտերում հայերը պարտության մատնեցին թուրքերին՝ հող նախապատրաստելով հայկական պետականության վերականգնման եւ մեր ժողովրդի ազգային վերածննդի համար:

Հարգելի՛ հայրենակիցներ,

մարդկության դեմ իրագործված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Մենք շնորհակալ ենք բարեկամ Արգենտինային, որ ընդունել եւ օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Աշխարհը պետք է դատապարտի ոճրագործներին, ինչպես նաեւ պայքարի թուրքական ժխտողականության դեմ, քանի որ ցեղասպանության ժխտումը նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանության իրականացումը: Պատահական չէր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հունիսին Հայաստան կատարած իր այցի ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հայտարարեց. «Ես որեւէ այլ բառ չգիտեի, քան Ցեղասպանությունը»:

Իսկ մինչ այդ՝ Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ, իրավացիորեն նշեց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետեւ որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ թաքցնել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի»:

Սիրելի՛ հայրենակիցներ,

ապրիլյան քառօրյա պատերազմը վերահաստատեց, որ մի քանի ժամում ողջ հայությունը կարող է համախմբվել համընդհանուր գաղափարի շուրջ, այն է՝ պայքարել հանուն ազատ եւ անկախ Արցախի: Հենց այդ միասնության հաղթական ոգին էր, որ թույլ չտվեց ադրբեջանցիներին հաջողություն գրանցել: Սակայն մեր պայքարը դեռ չի ավարտվել. մենք պետք է համախմբվենք հանուն համահայկական խնդիրների լուծման: Այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն: Մեր համատեղ ջանքերի շնորհիվ պետք է հասնենք նրան, որ միջազգային հանրությունը հարգի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն ու ճանաչի Արցախի անկախությունը, քանի որ ազատ եւ անկախ Արցախի գոյությանն այլընտրանք չկա: Պիտի ապրի Արցախն ազատ, պիտի ապրի, քանի որ այդպես է ուզում հայությունը:

Շնորհակալություն ուշադրության համար»:


05.09.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ սեպտեմբերի 5-ին գումարել է հերթական նիստ, որտեղ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատ...

05.09.2016
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Մատենադարանի տնօրեն, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Ազգային ժողովի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է.«Հրաչյա Թամ...

05.09.2016
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արգենտինա
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի հրավերով սեպտեմբե...