Տպել
30.08.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ
1 / 3

Օգոստոսի 30-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկած Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական հանդիպման շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ:

Ողջունելով իր հայ գործընկերոջը սեփական հարկի տակ՝ Սեյմի փոխնախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա միջպետական հարաբերությունները, որոնք առանձնանում են բովանդակային խորություն ունեցող օրակարգով: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել են մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ, այդ թվում նաեւ երկու երկրների նախագահների մակարդակով:

Որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչ՝ երկու բարձրաստիճան խորհրդարանականների կողմից ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության դերը, որի զարգացման գործում էական է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր հերթին մեծապես կարեւորել է հայ-լեհական համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ բազմակողմ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակն ընդգծել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների միջեւ կառուցողական փոխգործակցության զարգացման կարեւորությունը: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում Լեհաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ Հայաստանը միաժամանակ շարունակում է հետեւողականորեն ընդլայնել գործընկերության օրակարգը Եվրոպական միության հետ:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության մարտահրավերներին՝ երկուստեք կարեւորվել է տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության երաշխիքների ապահովումը, որն այլընտրանք չունի: Տիկին Նաղդալյանը բարձր է գնահատել Լեհաստանի Հանրապետության Սեյմի կողմից դեռեւս 2005 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն հիմնախնդիրներից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հերմինե Նաղդալյանն իր լեհ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների եւ դրա արդյունքում բազմաթիվ մարդկային զոհերի վրա, այդ թվում նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում:

«Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանի որ խոսքը գնում է ժողովրդի ֆիզիկական գոյության մասին»,- իր խոսքում ընդգծել է Հերմինե Նաղդալյանը՝ շեշտելով, որ Հայաստանը թեեւ դրական է գնահատում միջազգային հանրության կողմից հրադադարի խախտումների դատապարտումը, բայցեւայնպես ընդհանրական ու անհասցե դատապարտումը բավարար չէ զսպելու համար լայնածավալ ռազմական առճակատման պատասխանատու կողմին:

Հանդիպման ավարտին Հերմինե Նաղդալյանն իր երախտագիտությունն է հայտնել լեհ գործընկերոջը ջերմ ընդունելության եւ հանդիպման համար:


30.08.2016
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն օգոստոսի 30-ին հանդիպել է Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչների եւ Ոչ առեւտրային իրավունքի եվրոպական կենտրոնի փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ...

30.08.2016
Տեղեկատվություն
Օգոստոսի 31-ին` ժամը 11:20-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ճապոնական գեղագրության ցուցահանդեսի բացում, որի ընթացքում Հայաստան-Ճապոնիա եւ Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբերի ղեկավարները լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողները պետ...

30.08.2016
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Մաժիլիսի փոխնախագահի հետ
Օգոստոսի 29-30-ը «Աշխարհն առանց միջուկային զենքի» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի փոխնախագահ Վլադիմիր Բոժկոյի հետ: Ողջունելով հա...

30.08.2016
Հանդիպում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն օգոստոսի 30-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Բունդեսթագի աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին։ Ողջունելով հյուրին Հայաստանի Ազ...