Տպել
04.08.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը, խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Վարդան Օսկանյանը հանդիպել են ԱՄՆ Սենատի փորձագետներ Ջոնաթան Էփշթեյնի, Կուրտիս Օուենսի, Ջեյմս Ֆինչի եւ Ջեյմսոն Լամի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը եւ առկա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Փորձագետների տեղեկացմամբ՝ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրված օգնության արդյունքում իրականացված ծրագրերը եւ աշխատանքները եղել են շատ արդյունավետ , սահմանային անցակետերում վերահսկողության մակարդակը գրեթե այն նույն մակարդակի վրա է, ինչ ԱՄՆ-ում:

Դատապարտելով աշխարհում «Իսլամական պետության» գրոհայինների գործունեությունը: հանդիպման մասնակիցները մտահոգություն են հայտնել, որ Հայաստանն աշխարհագրորեն բավականին մոտ է էպիկենտրոնին: Այս համատեքստում փորձագետները ցանկություն են հայտնել, որ ՀՀ սահմանները հնարավորինս լինեն պաշտպանված ապահովելու բնակչության անվտանգությունը:

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը կարեւորել է թե՛ փորձագետների այցը Հայաստան եւ թե՛ կատարված ուսումնասիրությունը: Նա նշել է, որ որեւիցե պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Պարոն Նիկոյանը ողջունելի է համարել ահաբեկչության դեմ պայքարի հարցում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը եւ կարեւորել փոխադարձ վերահսկողությունը:

Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականները խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից. նշվել է, որ հարցի խաղաղ կարգավորումից է կախված ողջ տարածաշրջանի անվտանգությունը: