Տպել
19.07.2016
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի մահվան կապակցությամբ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի (Դավիթ Հովհաննիսյան) մահվան կապակցությամբ:

«Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով տաղանդավոր բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի մահվան մասին:

Դավիթ Հովհաննեսը մեր ժամանակակից գրականության, հայ արդի պոեզիայի տպավորիչ ու կոլորիտային դեմքերից էր, ով ուներ իր ուրույն գիրն ու հետաքրքիր լեզուն: Նա կարողանում էր մտքի ազատությամբ եւ բառի արվեստով իր ձայնը հասցնել ընթերցողին եւ վերջինիս խորհելու, մտորելու մղել:

Դավիթ Հովհաննեսի պոեզիան ոչ միայն գրողի, այլեւ մտահոգ քաղաքացու ազնիվ ու անկաշկանդ խոսք էր՝ մշտապես պահանջարկված ասելիքով ու ներքին խորությամբ: Նա այդպիսին էր նաեւ որպես ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր օրենսդիր մարմնում ծավալած իր գործունեության ընթացքում:

Կորստի այս ծանր պահին Դավիթ Հովհաննեսի ընտանիքին, հարազատներին ու գրչակից ընկերներին եմ հղում անկեղծ ցավակցություններս եւ մխիթարանքի խոսքերս»,- ասված է ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում: