National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
28.06.2016
Հերմինե Նաղդալյանը «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում բարձրաձայնել է ազգերի ինքնորոշման խնդրի կարեւորության մասին
1 / 1

Հունիսի 26-27-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Միասնական Ռուսաստան» կուսակցության 15-րդ համագումարը, որին կուսակցության հրավերով մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Գագիկ Մինասյանը եւ Կարեն Ավագյանը: Համագումարի շրջանակում կայացել է «Աշխարհ 2016. մարտահրավերներ եւ սպառնալիքներ» թեմայով կլոր սեղան, որին մասնակցել են 21 երկրների 29 կուսակցությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին` ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում կարեւորել է Պետական դումայի ընտրություններից առաջ Ռուսաստանի ամենաբազմամարդ եւ ազդեցիկ կուսակցության համագումարի հրավիրման փաստը ոչ միայն «Միասնական Ռուսաստանի», այլեւ մասնակից բոլոր քաղաքական ուժերի եւ երկրների համար, հաջողություններ մաղթել կուսակցությանը սպասվելիք ընտրական գործընթացներում, համոզմունք հայտնել, որ Ռուսաստանի ներկա իշխող կուսակցությունը հերթական անգամ կապացուցի, որ երկրի քաղաքական ուժերի մեջ եւ ընտրողների շրջանում վայելում է առավելագույն վստահություն:

Անդրադառնալով կլոր սեղանի բուն թեմային՝ արդի ժամանակների քաղաքական մարտահրավերներին ու սպառնալիքներին, Հերմինե Նաղդալյանը որպես դարի ամենավտանգավոր սպառնալիք` առանձնացրել է ահաբեկչությունը՝ իր նորանոր դրսեւորումներով: «Անցել են այն օրերը, երբ ահաբեկչությունը պատկերացնում էինք այստեղ ու այնտեղ ծայրահեղականների կազմակերպած պայթյուններով ու սպանություններով: Այդ աղետն այսօր չի ճանաչում ո՛չ սահմաններ, ո՛չ տնտեսապես հարուստ ու աղքատ երկրներ եւ ո՛չ էլ տարածքով փոքր կամ մեծ պետություններ: Մենք գործ ունենք մի չարիքի հետ, որի դեմ պետք է պայքարենք միասնական ուժերով, եթե ուզում ենք հաջողության հասնել: Ահաբեկչությունն այսօր ամենուրեք ուղղված է մարդու, նրա խաղաղ կյանքի ու ապրելու իրավունքի դեմ»,- ասել է տիկին Նաղդալյանը:

«Միասնական Ռուսաստան» կուսակցության հրավիրած կլոր սեղանի բարձր ամբիոնից Հերմինե Նաղդալյանը ներկաներին հիշեցրել է, որ այն նույն ժամանակ, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հռչակում էր 21-րդ դարի մանիֆեստը, որտեղ խոսք է գնում ինքնաապառազմականացման եւ խաղաղության ձգտման մասին, Արցախի ժողովրդի դեմ հարեւան պետության կողմից սանձազերծվեց լայնամասշտաբ պատերազմ՝ սահմանի ողջ երկայնքով, խախտվեց 1994 թ. եռակողմ պայմանագիրը, ինչպես նաեւ մարդասիրական բազմաթիվ միջազգային օրենքներ: Ահաբեկչական խմբավորումների՝ Սիրիայում ու Իրաքում գործող «Իսլամական պետության» ձեռագրով կատարվեցին վայրագություններ եւ հանցագործություններ ընդդեմ մարդկության եւ մարդկայնության: «Եվ դա պետք է բարձրաձայնվի ու դատապարտվի բոլոր այն ամբիոններից, որտեղ գիտակցում են մարդու ու մարդկության իրավունքները, հանձնառու են ժողովրդավարական արժեքների պաշտպանությանը»,- իր խոսքում կոչ է արել Հերմինե Նաղդալյանը:

Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակն առանձնակի ընդգծել է ազգերի ինքնորոշման իրավունքի կարեւորությունը: «Պաշտպանելով մարդու իրավունքները՝ մենք հանձնառու ենք դառնում ազգերի ինքնորոշման իրավունքների եւ իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի պաշտպանությանը: Ժամանակակից գլոբալ աշխարհում տարածքային ամբողջականությունը չի կարող եւ չպետք է սահմանափակի այդ տարածքում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- իր խոսքում շեշտել է Հերմինե Նաղդալյանը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով եւ բարձրաձայնելով կրկնակի ստանդարտների մասին, որոնք չունեն ոչ մի արդարացում եւ չպետք է կիրառվեն որեւէ տեղ:

Զուգահեռ անցկացնելով Ղրիմի, Դոնբասի, Լուգանսկի եւ Արցախի միջեւ՝ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նշել է հետեւյալը. «Աստծո ստեղծած աշխարհում բոլոր ժողովուրդներն էլ հավասար իրավունքներ ունեն ինչպես Ղրիմի, այնպես էլ Արցախի Հանրապետության ժողովուրդը, ով հանրաքվեով հռչակել է իր անկախությունը: Հանրաքվե, որ կատարվել է ողջ միջազգային հանրության համար ընդունելի միջազգային օրենքներին համապատասխան: Սա եւս մեկ մարտահրավեր եւ սպառնալիք է ժամանակակից աշխարհի համար, որովհետեւ ժողովուրդները պայքարի են ելնում իրենց իրավունքների համար եւ ոչ մի բացատրություն չկա այն հանգամանքին, որ մեկի իրավունքը ավարտվում է մյուսի անիրավությամբ: Դա հնարավոր չէ բացատրել ոչ Դոնբասում, ոչ Լուգանսկում, ոչ Արցախում, ոչ Ղրիմում»:

Կարեւորելով Ռուսաստանի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն եւ երկարամյա ջանքերը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար, որի վերջին վկայությունը Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահի կազմակերպած հանդիպումն էր, Հերմինե Նաղդալյանը եւս մեկ անգամ բարձրաձայնել է ՀՀ դիրքորոշումը. «Մենք կողմ ենք կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, բայց մենք իրավունք ունենք ակնկալել հասցեական հայտարարություններ՝ ագրեսորը պետք է իր անունով կոչվի, խաղաղությունը պետք է խաղաղություն լինի եւ որեւէ տեղ պատերազմը պետք է բացառվի, ինչպես նաեւ Հարավային Կովկասում, որովհետեւ կայծ է պետք՝ ամբողջ տարածաշրջանը տեւական ժամանակով քաոսի մեջ սուզելու համար»: Իր ելույթում Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում տիրող իրավիճակին, փախստականների խնդրին, որը մեր օրերի սպառնալիքներից ու մարտահրավերներից մեկն է դարձել՝ մարդկանց զրկելով տներից, ունեցվածքից ու նորմալ կյանքի հնարավորություններից: Այդ առումով ՀՀ ԱԺ փոխնախագահը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ Հայաստանը դարձավ Եվրոպայում ամենամեծ թվով փախստականներ ընդունած երրորդ երկիրը՝ նշելով, որ հայերիս համար նրանք փախստականներ չեն, այլ մեր հայրենակիցները, որոնք Օսմանյան Թուրքիայում 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո նորից հարկադրված էին գաղթի ճանապարհը բռնել:

Որպես աշխարհաքաղաքական անկայունության եւ գլոբալ մարտահրավերներից անխուսափելիության օրինակ, Հերմինե Նաղդալյանն առանձնացրել է Մեծ Բրիտանիայի հանրաքվեի՝ Եվրամիությունից դուրս գալու օգտին քվեարկությունը՝ հարգելով բրիտանական ժողովրդի ընտրությունը, միաժամանակ նշելով, որ այն ծանր հարված էր ԵՄ-ին եւ կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ. «Արդյո՞ք պատրաստ ենք մենք աշխարհաքաղաքական այդ փոփոխություններին, որոնք բերելու են անկայունություն, ֆինանսական ցնցումներ ու տնտեսական նորանոր կորուստներ: Մյուս հարցը՝ մենք պե՞տք է փորձենք համապատասխան դասեր քաղել՝ գնահատելով ունիվերսալ օրինաչափությունները մեր տարածքում ինտեգրացիոն միավորումներ կառուցելիս եւ կայացնելիս: Կարծում եմ՝ միանշանակ այո»,- նշել է տիկին Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանն իր ելույթն ավարտել է՝ հիշեցնելով համամարդկային սիրո մասին՝ այս համատեքստում անդրադառնալով Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապի օրերս Հայաստան կատարած այցին: Նրա այցի էկումենիկ, քաղաքական, հոգեւոր ու բարոյական նշանակության գնահատականը թողնելով մասնագիտական շրջանակներին՝ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է համամարդկային արժեքների պաշտպանությունը եւ խոսքը եզրափակել Հռոմի պապի պատգամով. «Սիրեք Ձե՛զ եւ Ձեր մերձավորներին, գնահատե՛ք հիշողությունն ու խաղաղությունը եւ մի՛ վախեցեք ինքներդ Ձեզ հետ անկեղծ լինելուց: Պետությունների եւ մարդկանց կյանքը նույն օրինաչափություններն ունեն, համատեղ մենք կարող ենք դիմակայել բոլոր փորձություններին եւ մարտահրավերներին»:


28.06.2016
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 28-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ շարունակել են քննարկել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում...

28.06.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հունիսի 28-ին հանդիպել է ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներ Անդրեյ Խանժինի եւ Մարկ Ֆումագալիի հետ: Հյուրերի խնդրանքով տիկին Վարդանյանն անդրադար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am