Տպել
17.06.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են բելգիացի պատվիրակի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Նաիրա Կարապետյանը հունիսի 17-ին հանդիպել են Բելգիայի Սենատի անդամ, ԵԽԽՎ-ում բելգիական պատվիրակության անդամ Պիտ դե Բրայանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Հերմինե Նաղդալյանը, բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, անդրադարձել է ԵԽԽՎ-ում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությանը: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը երախտիքի խոսք է հայտնել պարոն դե Բրայանին՝ ԵԽԽՎ-ում մեր երկրի համար առանցքային հարցերի քվեարկության ժամանակ հայկական պատվիրակությանն աջակցելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ հայտարարությունն առանցքային էր ոչ միայն այն հանգամանքով, որ Եվրոպան արտահայտեց իր վերաբերմունքը, այլ նաեւ նրանով, որ Եվրոպան դարձավ ցեղասպանությունների դեմ համընդհանուր պայքարի առաջամարտիկ, որպեսզի դրանք այլեւս չկրկնվեն:

Նա կարեւորել է բելգիացի պատվիրակի՝ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցը՝ նշելով, որ այն հայ ժողովրդի հանդեպ դրական վերաբերմունքի եւս մեկ քայլ է:

«Այդ այցով կատարում եք Ձեր ներդրումը ԼՂ ժողովրդի՝ ազատության եւ արդարության համար մղվող պայքարում՝ որպես բարեկամ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Պատվիրակության ղեկավարն անդրադարձել է նաեւ ապրիլի սկզբին Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված ռազմական ագրեսիային, մանրամասներ ներկայացրել այդ երկրի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի եւ կոնվենցիաների խախտումների, իրականացրած վայրագությունների վերաբերյալ:

Արմեն Ռուստամյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարի փուլերն ու ձեռքբերումները: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ նման հանցագործությունները չդատապարտելու դեպքում դրանք անպայման կրկնվում են: Պատգամավորը կարեւորել է ցեղասպանությունների դեմ համատեղ պայքարը:

Նաիրա Կարապետյանն իր հերթին հավելել է, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի նպատակը համատեղ պայքարն է ցեղասպանությունների դեմ, որպեսզի դրանք այլեւս չկրկնվեն: Նրա գնահատմամբ՝ ԼՂ ժողովրդին սատարելու համատեղ պայքարը հստակ ուղերձ է Ադրբեջանին, որ որեւէ երկիր երբեւէ չի կարող պատասխան չտալ իր կատարած արարքների համար:

Հյուրը կարծիք է հայտնել, որ ԼՂ ժողովուրդն ինքը պետք է իրացնի իր ինքնորոշման իրավունքը, եւ դա պետք է լինի խաղաղությամբ եւ ոչ թե որեւէ այլ երկրի ճնշման ներքո:

«Ես կարծում եմ, որ իրերը պետք է կոչել իրենց անուններով, ասել, որ դա իրոք ցեղասպանություն է եղել, որովհետեւ կան բոլոր փաստերը»,- խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ ասել է Պիտ դե Բրայանը:


17.06.2016
Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 17-ին մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՊՄՀ-ի ռեկտորի ընտրության հարցը: Բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրվել է միա...

17.06.2016
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը` քվեարկությամբ վավերացնելով Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ», Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգ...

17.06.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 17-ին ընդունել է Բելգիայի Սենատի պատգամավոր Պիտ դե Բրայանին, ով Հայաստան այցից հետո լինելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար ...