National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
15.06.2016
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 15-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացրել միջազգային համաձայնագրերը: 68 կողմ, 21 դեմ եւ 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նաեւ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը:

Այնուհետեւ պատգամավորները, ավարտին հասցնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը, սկսել են առաջին ընթերցումով քննարկել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ երկրում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ եւ Բերդաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ համայնքներում համայնքների միավորման միջոցով ձեւավորել համայնքային փնջեր: Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական բազան: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխության նպատակն է սահմանել վերոնշյալ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամկետը, ինչպես նաեւ այդ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման կարգը:

Հարցուպատասխանի ձեւաչափում ԱԺ պատգամավորներն անդրադարձել են համայնքների խոշորացման հարցում տեղական հանրաքվեի անցկացման նպատակահարմարությանը, խոշորացման կառավարման արդյունավետությանը, համայնքների զարգացման հայեցակարգին, համայնքներում կադրերի կրճատմանը, տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի բարելավմանը, համայնքներում ավագանիների ընտրությունների կարգին,

որոնց վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել պարոն Տերտերյանը:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները:

Արամ Մանուկյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ խմբակցությունը դեմ է համայնքների խոշորացման՝ կառավարության նախաձեռնությանը: Պատգամավորի դիտարկմամբ՝ Երեւանում է կենտրոնացված ծառայությունների 90 տոկոսը, որը, ըստ նրա, արդարացված չէ: Արամ Մանուկյանի խոսքով՝ առաջնահերթ անհրաժեշտ է զարգացնել մեր երկրի սահմաններն ու համայնքերը:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է համայնքերի խոշորացման ծրագիրը, որը, նրա գնահատմամբ, կնպաստի համայնքների համաչափ զարգացմանը:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ թեեւ սկզբնական շրջանում բնակչության շրջանում առկա էին դժգոհություններ, այդուհանդերձ արդեն նկատելի են դրական միտումները: Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտ է համարել ստեղծել մեխանիզմներ՝ համայնքների խոշորացման ծրագրում չանտեսելու համար փոքր համայնքների շահերը. այս պարագայում, ըստ նրա՝ համայնքների խոշորացումն արդյունավետ կլինի:

Պատգամավոր Վահե Էնֆիաջյանը շեշտել է, որ պետության շահերից է բխում համայնքների խոշորացման ծրագրի արդյունավետության ապահովումը: Նա ներկայացրել է որոշ մտահոգություններ, որոնցից առավել կարեւորել է խոշոր համայնքերին առավել արտոնությունների տրամադրումը:

Ստեփան Մարգարյանը դրական է գնահատել համայնքների խոշորացման ծրագիրը՝ նկատելով, որ այն բավարար չէ համայնքների զարգացման համար: Ուստի պատգամավորն առաջարկել է յուրաքանչյուր համայնքի համար ստեղծել զարգացման առանձին ծրագիր:

Լեռնիկ Ալեքսանյանը կողմնակից է ավելի մեծ խոշորացման, որը կառավարման համակարգն ավելի արդյունավետ կդարձնի եւ ինքնակազմակերպված:

Միքայել Մելքումյանը, դեմ լինելով իրականացվելիք փոփոխությանը, նշել է, որ այն ժամանակավրեպ է: Ըստ պատգամավորի՝ համայնքներում բնակիչները պատրաստ չեն խոշորացման: Պարոն Մելքումյանը դեմ է քվեարկելու:

Հովհաննես Մարգարյանը մտահոգություն է հայտնել, որ փոփոխության արդյունքում կլինեն աշխատատեղերի զանգվածային կրճատումներ: Պատգամավորն առաջարկել է փաթեթի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ:

Արաիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ համայնքների խոշորացումն ինքնանպատակ չէ: Պատգամավորի գնահատմամբ՝ կարեւոր է համայնքներում ունենալ արդյունավետ գործող տեղական ինքնակառավարում:

Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով փոփոխությանն իրավական տեսանկյունից, անհրաժեշտ է համարել կազմակերպել տեղական հանրաքվեներ՝ լսելու համայնքներում բնակիչների կարծիքը:

Ըստ Ռուբիկ Հակոբյանի՝ առաջարկվող փոփոխությունն ուշացած է, այն ունի ռազմավարական նշանակություն: Պատգամավորը տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու:

Փաթեթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ՀՀ ԱԺ ՀԱԿ եւ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել է. «Սահմանադրության 190-րդ հոդվածն ասում է, որ հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել: Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»: Ուստի, ըստ Արամ Մանուկյանի, չի կատարվել Ազգային ժողովի՝ համայնքների կարծիքը լսելու սահմանադրական դրույթը:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներակայացրել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է, որ խորհրդարանը երկրորդ անգամ է անդրադառնում համայնքների խոշորացման խնդրին: Խմբակցության ղեկավարը համաձայնել է այն տեսակետի հետ, որ խորհրդարանն իրավասու չէ առանց տվյալ հայմայնքների բնակիչների կարծիքը լսելու նման որոշում կայացնել: Նշվել է, որ բնակիչների կարծիքները լսելու միակ տարբերակը տեղական հանրաքվեների անցկացումն է, որոնց արդյունքներին չի վստահում Նաիրա Զոհրաբյանը: Խմբակցության ղեկավարը նշել է, որ համայնքներն այս պահին դեմ են խոշորացմանը: Տիկին Զոհրաբյանը ժամանակավրեպ է համարել խոշորացման գործընթացը եւ նշել, որ փոփոխությունը մեծ դժգոհություն է առաջացնելու համայնքներում:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ տվել է պարզաբանումներ: Ամփոփելով քննարկումը՝ փոխնախարարը նշել է, որ կառավարությունն առաջարկում է ունենալ ավելի արդյունավետ կառավարման համակարգ:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 15 տարի ժամկետով Հայաստանին կտրամադրի 14.6 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` Գյումրի քաղաքում ունենալու անվտանգ երթեւեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ եւ էներգախնայող արտաքին լուսավորության ցանց: Փոխնախարարը նշել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է համայնքի հիմնական ճանապարհների վերակառուցում եւ հանրային լուսավորության արդիականացում, այդ թվում` ասֆալտի եւ մայթերի նորոգում, ինչպես նաեւ ջրահեռացման /դրենաժային/ ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում, Գյումրու քաղաքապետարանի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ճանապարհների վիճակին, ներդրումային դրամաշնորհների ներգրավմանը, վարկային միջոցների արդյունավետ ծախսման անհրաժեշտությանը, ավտոկայանատեղերի վերաբերյալ ռազմավարության մշակմանը, վերանորոգվող փողոցների ընտրության կարգին, քաղաքի կոյուղատար համակարգի փլուզումների վերացմանն ուղղված միջոցառումներին, քաղաքի գլխավոր հատակագծի հնարավոր փոփոխությանը, քաղաքի ոչ գլխավոր փողոցների անմխիթար վիճակին եւ այլն:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ ներկայացրել է Նաիրա Կարապետյանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սուքիաս Ավետիսյանը:

Համաձայնագրի քննարկումը կշարունակվի հունիսի 16-ին. ելույթ ունենալու համար հերթագրվել է 10 պատգամավոր:


15.06.2016
«Մենք պատրաստ ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը Ղազախստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին եւ խորհրդատու Ժալգալ Ադիլբաեւին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ կարեւորել Ղ...

15.06.2016
Տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ
Հունիսի 15-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Մինչ այդ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր ԱԺ պատգամավոր Մանվել Բա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am