National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
09.06.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ
1 / 1

«Կարծում եմ, լավ առիթ է նախորդ տարվա ընթացքում իրականացված տնտեսական քաղաքականության հիմնական արդյունքների ամփոփման, առկա անելիքների գնահատման եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլերի ու մոտեցումների ուրվագծման համար: Իմ խորին համոզմամբ՝ այս հաշվետվության քննարկումները, ինչպես մշտական հանձնաժողովներում, այնպես էլ լիագումար նիստում ընթացան հենց այդ տրամաբանությամբ:

Ես չեմ ցանկանում անդրադառնալ հաշվետվության մեջ ներկայացված թվերին ու փաստերին, քանի որ եւ՛ կառավարության ներկայացուցիչը, եւ՛ պատգամավորներն արդեն մանրամասն ներկայացրել են դրանք: Չեմ ցանկանում նաեւ անդրադառնալ 2015 թվականին արձանագրված այն ձեռքբերումներին ու հաջողություններին, որոնք նպաստեցին պետության բնականոն կյանքի եւ հասարակության կենսագործունեության ապահովմանը: Կարծում եմ՝ այս պահին շատ ավելի կարեւոր է գնահատել այն առաջնահերթ խնդիրները, որոնց լուծմանն առաջիկայում պետք է ուղղված լինի կառավարության գործունեությունը:

Իհարկե, 2015 թվականին միջազգային անբարենպաստ տնտեսական միջավայրի պայմաններում Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկեր երկրներում եւ հատկապես` Ռուսաստանում, ի հայտ եկան մի շարք գործոններ, որոնց բացասական ազդեցությունը խիստ զգալի էր մեր երկրի տնտեսության վրա: Նման պայմաններում, հասկանալի է, կառավարությունից շատ ավելի մեծ ջանքներ էին պահանջվում պետական բյուջեի կատարման համար, եւ ի պատիվ մեր կառավարության՝ պետք է նշել, որ 2015 թվականի բյուջեով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերն իրականացվել են, որոնցում գերակշիռ մաս են կազմել սոցիալական ոլորտի եւ պաշտպանության բնագավառների ֆինանսավորման ծրագրերը: Անշուշտ, դա վկայում է այն մասին, որ երկրի անվտանգության ապահովումը եւ բնակչության սոցիալական խնդիրների լուծումը շարունակում են մնալ որպես հանրապետության իշխանությունների գործունեության հիմնական գերակայություններ:

Ավելին, մի շարք ոլորտներում ստեղծվել են որոշակի նախադրյալներ առաջընթացի ապահովման եւ որոշ բացասական միտումների շտկման համար: Հատկապես կցանկանայի կարեւորել այն փաստը, որ արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պայմաններում կառավարության ձեռնարկած քայլերի շնորհիվ հնարավոր դարձավ խուսափել ոչ ցանկալի զարգացումներից եւ տարին եզրափակել 3 տոկոսանոց տնտեսական աճով:

Իհարկե, արձանագրված ձեռքբերումները բավարար չեն երկրում կուտակված խնդիրների լուծման համար, եւ իշխանությունները դա քաջ գիտակցում են: Մենք չպետք է սահմանափակվենք ձեռք բերածով, այլ պետք է շարունակենք մեր հետեւողական քայլերը` երկրի առջեւ ծառացած քաղաքական ու տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, առկա խնդիրներն արժանապատիվ եւ արդյունավետ լուծելու համար: Հատկապես կցանկանայի կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնց լուծումն առաջիկա տարիներին կարող է առանցքային նշանակություն ունենալ մեր երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից: Վերջին ամիսների աշխարհաքաղաքական զարգացումները երկրի անվտանգության ապահովման եւ երաշխավորված խաղաղության հաստատման տեսանկյունից նոր մարտահրավերներ են ստեղծել: Իմ խորին համոզմամբ, դրանց հնարավոր է դիմակայել միայն ուժերի համախմբման եւ մեր ունեցած ռեսուրսների առավել արդյունավետ ու ռացիոնալ օգտագործման դեպքում: Դա, նախ եւ առաջ, վերաբերում է բյուջետային միջոցներին: Այս առումով, ողջունում եմ կառավարության կողմից հռչակված քաղաքականությունը պետական կառավարման համակար•ն ավելի կոմպակտ ու քիչ ծախսատար դարձնելու ուղղությամբ: Անշուշտ, դա պետք է ենթադրի ոչ թե ծախսերի մեխանիկական կրճատում, այլ նվազագույն ծախսերի իրականացման միջոցով կառավարման համակարգի առջեւ ծառացած խնդիրների ամբողջական լուծում: Մենք պետք է բյուջետային ծախսերի արդյունավետությունը գնահատենք արդյունքի տեսանկյունից: Առաջիկա տարիներին լուծման ենթակա խնդիրների համատեքստում հատկապես կցանկանայի կարեւորել գործարար միջավայրի բարելավումը: Չնայած վերջին տարիներին իշխանությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված հետեւողական քայլերին, այդուհանդերձ, ներկայիս միջավայրը դեռեւս չի կարող գոհացուցիչ համարվել: Համոզված եմ, որ կառավարությունը շարունակելու է իր հռչակած քաղաքականությունը` ձեռնարկատիրական գործունեության պայմանների բարելավման առումով, որի ուղղությամբ կատարվելիք կարեւոր քայլերից մեկը համարում եմ հարկային նոր օրենս•րքի ընդունումը: Այն, անշուշտ, պետք է ապահովի կայուն, կանխատեսելի եւ գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ հարկային միջավայր՝ միաժամանակ չվտանգելով պետական եկամուտների հավաքագրման գործընթացը: Ավելի քան համոզված եմ, որ կառավարության մեր գործընկերների հետ համատեղ կհասնենք արդյունավետ եւ համապարփակ լուծումների՝ ստեղծելով երկրի զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ: Հարկային օրենսգիրքը պետք է դառնա տնտեսության երկարաժամկետ զարգացման երաշխիք` ուղղված լինելով մրցունակ տնտեսության ձեւավորմանը: Միաժամանակ, կառավարությունը գործուն միջոցներ պետք է կիրառի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին պետական աջակցության տարբեր ձեւերի տրամադրման, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ներգրավման, սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով: Գործարարների տնտեսական ազատության մակարդակի բարձրացումը պետք է դառնա կառավարության հիմնական գերակայություններից մեկը: Հաջորդ կարեւոր խնդիրը, որին կցանկանայի անդրադառնալ, հաշվետու տարվա վերջի դրությամբ հանրապետության գրեթե 4,3 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 41.4%-ը կազմող արտաքին պետական պարտքն է: Վերջինիս սպասարկումը զգալի միջոցներ է կլանում եւ սահմանափակում ներքին շուկայի զարգացման հնարավորությունները: Կարծում եմ՝ արտաքին պարտքի ներկայիս ցուցանիշը թեեւ գտնվում է ընդունելի սահմաններում, այնուամենայնիվ, բավականին մեծ բեռ է երկրի համար: Այս առումով, ուզում եմ կարեւորել արտաքին վարկային միջոցների ավելի արդյունավետ օգտագործման եւ դրանց նկատմամբ վերահսկողության խստացման հարցը:

Հարգելի գործընկերներ, ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը վկայում է այն մասին, որ մենք հիմնականում կարողացել ենք հաջողությամբ դիմագրավել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին եւ ապահովել բավարար երաշխիքներ առկա խնդիրների լուծման համար: Հավաստիացնում եմ, որ իշխանություններն ունեն բավարար քաղաքական կամք երկրում կուտակված խնդիրները լուծելու համար: Ուստի, կոչ եմ անում հաստատել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը եւ աջակցել կառավարությանը` ծրագրերի իրականացման գործում»:


09.06.2016
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստի աշխատանքը՝ շարունակելով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը: Պատգամավորները եւ նախարարները ներկայացրել են հաշվետվության վերաբերյալ իրենց տեսակետները: ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության վեր...

09.06.2016
Մամուլի ասուլիսում ամփոփվել են ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների արդյունքները
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Միքայել Մելքումյանը հունիսի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել են մայիսի 28-30-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am