Տպել
24.05.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, ողջունելով տիկին Բուլմահնի այցը Հայաստան, նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնել հայ-գերմանական բազմակողմ հարաբերությունները, որոնց թվում նաեւ՝ միջխորհրդարանական համագործակցությունը տարբեր ձեւաչափերում: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ այս տարի կստորագրվի փաստաթուղթ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ: Էդուարդ Շարմազանովը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն ու ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տիկին Բուլմահնին է ներկայացրել ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մանրամասները` նշելով, որ այն ուղեկցվել է ռազմական մի շարք հանցագործություններով. խոշտանգվել են ոչ միայն զինվորականներ, այլեւ խաղաղ բնակիչներ: Էդուարդ Շարմազանովը հյուրին է փոխանցել այդ փաստերը հավաստող նյութեր, որոնց մի մասն, ի դեպ, տեղ է գտել ադրբեջանական մամուլում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ տեղի ունեցած խոշտանգումները հիշեցնում են Օսմանյան Թուրքիայի եւ ԴԱԻՇ-ի ձեռագիրը: Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաեւ Էդելգարդ Բուլմահնը դրական են գնահատել օրեր առաջ Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու ձեռքբերված պայմանավորվածությունները: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է բանակցությունների վերսկսման համար շփման գծում հետաքննության եւ վստահության մեխանիզմների առկայությունը եւ հույս հայտնել, որ այս հարցում Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հետեւողական կլինի:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել տիկին Բուլմահնի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ ճանաչելով եւ դատապարտելով 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը՝ կանխվում է մարդկության դեմ հնարավոր նոր ցեղասպանությունների իրագործումը:

Էդելգարդ Բուլմահնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նույնպես կարեւորել տարբեր հարթություններում հարաբերությունների խորացումն ու փոխայցերը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագում շրջանառվող բանաձեւին՝ տիկին Բուլմահնը նշել է, որ բանաձեւում փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով եւ ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում: Նա կարեւորել է Գերմանիայի կողմից պատմության հետ առերեսվելու եւ պատմության խորքից իրողությունների վերհանումն ու խնդիրների հաղթահարումը, ինչպես դա եղել է Հոլոքոստի զոհերի հարցում: Տիկին փոխնախագահը նշել է, որ բանաձեւում առկա ուղերձները նաեւ Թուրքիային են ուղղված:

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Էդելգարդ Բուլմահնը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա հույս է հայտնել, որ զինադադարը կպահպանվի, պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա եւ կյանքի կկոչվեն. հակառակ դեպքում կլինի իրավիճակի կրկնություն, որը, նրա համոզմամբ, չպետք է թույլ տալ: Նա իր համաձայնությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի այն տեսակետին, ըստ որի, հակամարտության կարգավորումը չպետք է ունենա ռազմական լուծում:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...