National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.5.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
16.05.2016
ՀՀ Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 3

Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Շիրակի մարզի Աշոցք համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

Խորհրդարանը հաստատել է ԱԺ քառօրյա նիստերի, հետաձգումների եւ լրացումների վերաբերյալ ԱԺ որոշումների նախագծերը: ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Հրանտ Բագրատյանը ներկայացրել էին «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, սակայն չէր ստացել դրական եզրակացություն: Նախագիծն ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար կազմակերպված քվեարկության արդյունքում նախագիծն ստացել է 12 կողմ ձայներ եւ չի ընդգրկվել ԱԺ նստաշրջանի օրակարգում: Տեղեկացնենք, որ քվեարկությանը չեն մասնակցել ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները:

Այնուհետեւ տեղի են ունեցել նախորդ շաբաթ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկված օրինագծերի քվեարկությունները, որոնց արդյունքում երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին», երկրորդ ընթերցմամբ՝ «Պրոբացիայի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ «Հարկերի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Չի ընդունվել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել էր առաջին ընթերցմամբ:

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել է «Դեղերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության հարցերի փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, փաթեթի համահեղինակ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը համալրվել է նոր՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագծով, իսկ «ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում ավելացվել են նոր հոդվածներ, որոնք քննարկվել են առաջին ընթերցման ընթացակարգով: Համալրված նախագծի եւ դրույթների վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Այնուհետեւ «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանի մանրամասն ներկայացմամբ քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով: Նա տեղեկացրել է, որ նախագծի ամփոփաթերթում տեղ չեն գտել պատգամավորների այն առաջարկները, որոնք ներկայացվել են ժամկետների խախտմամբ: Դավիթ Հարությունյանը նշել է, որ շահագրգիռ կողմերի փոխզիջման գալու դեպքում հնարավոր կլինի շարունակել փաթեթի հետագա քննարկումները՝ ընդհուպ մինչեւ արտահերթ նստաշրջանի հրավիրմամբ: Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ընդունված եւ չընդունված առաջարկները:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ եթե մինչեւ երրորդ ընթերցում կլինեն առաջարկներ, հեղինակները պատրաստ են դրանք քննարկել:

Քննարկվող փաթեթի առաջարկների վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Տիգրան Ուրիխանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Արամ Մանուկյանը, Մհեր Շահգելդյանը, Վահե Էնֆիաջյանը, Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը եւ Խոսրով Հարությունյանը:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով ԸՕ-ի նախագծի վերաբերյալ բոլոր ձեւաչափերով կազմակերպված քննարկումներին՝ ԱԺ փոխնախագահը նկատել է, որ դրանք կառուցողական էին եւ դրական տեղաշարժն ակնհայտ է: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ խորհրդարանական մեծամասնությունը քննարկել եւ ընդունել է շատ ծանրակշիռ առաջարկներ եւ այսօր էլ պատրաստ է շարունակել քննարկումները ընդդիմադիր գործիչների եւ քաղհասարակության ներկայացրած առաջարկների վերաբերյալ: ԱԺ փոխնախագահն առաջարկել է շարունակել միասին աշխատել, քանի որ բոլորի նպատակն է ունենալ ուժեղ եւ ժողովրդավարական երկիր:

Փաթեթի վերաբերյալ տեսակետներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետն է ներկայացրել խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա տեղեկացրել է, որ խմբակցության անդամները մասնակցել են ԸՕ-ի նախագծի վերաբերյալ բոլոր ձեւաչափերով քննարկումներին, որոնց արդյունքում խմբակցության ներկայացրած որոշ կարեւոր առաջարկներ ընդունվել են:

Հեղինե Բիշարյանն առաջարկել է մեկ անգամ եւս քննարկել, իրենց կարծիքով, խնդրահարույց հոդվածները, քանի որ, ըստ պատգամավորի, ԸՕ-ի նախագիծն այս տարբերակով ընդունելի չէ բոլոր քաղաքական ուժերի կողմից: Նա ասել է, որ «Օրինաց երկիր» խմբակցուէթյունը դեմ է քվեարկելու:

ԱԺ ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացնող խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների կայացմանը, ԸՕ-ի նախագծի վերաբերյալ բոլոր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպությունների միջեւ փոխհամաձայնության կայացմանը :

Նա անդրադարձել է նաեւ ԸՕ –ի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՄԻՀԳ-ի հայտարարությանը, ԸՕ-ի նախագծի՝ իր խոսքով՝ հապճեպ քննարկմանը, ռեյտինգային ցուցակներին, ընտրական համակարգի նկատմամբ ժողովրդի անվստահությանը: ՀԱԿ խմբակցությունը եւս դեմ է քվեարկելու ԸՕ-ի նախագծին:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա եւս անդրադարձել է ԸՕ-ի նախագծի վերաբերյալ բոլոր ձեւաչափերով քննարկումներին՝ շեշտելով, որ կատարվել է փոխհամաձայնեցված աշխատանք: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ մոտ 260 առաջարկներ, որոնք ներկայացվել են, քննարկվել են, դրանց մեծ մասն ընդունվել է: Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ ԸՕ-ի քննարկվող նախագծով հնարավոր է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ:

Եզրափակիչ ելույթներում հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ-ի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը եւ հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն անդրադարձել են պատգամավորների ներկայացրած հարցադրումներին, առաջարկներին, տվել պարզաբանումներ, շնորհակալություն հայտնել կառուցողական աշխատանքի համար:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը երրորդ ընթերցմամբ քննարկման էներկայացրել «Պրոբացիայի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Խորհրդարանը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի մայիսի 17-ին:


16.05.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտի հետ: Խորհրդարանականները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի...

16.05.2016
Պարգեւատրում Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 16-ին Ուսանողների եւ երիտասարդների օրվա կապակցությամբ պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով: Շնորհավորելով Վահե Էնֆիաջյանին պարգեւատրման կապակցությամբ՝ Գալուստ Սահակյանը մաղթել է նրան նորանոր հաջող...

16.05.2016
Հերթական բաց դասը վարել է Արտակ Դավթյանը
Մայիսի 16-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Դպրոցականները նախ հետեւել են ԱԺ նիստի աշխատանքներին, ապա մասնակցել բաց դասին, որը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ ...

16.05.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը` կից օրենքների նախագծերի փաթեթով: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ...

16.05.2016
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտի հետ
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 16-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտի հետ: Ողջունելով հյուրին՝ տիկին Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ Եվրոպական միությունը եղել եւ մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից եւ հավելել, որ ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցությունը հիմնվում է առ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am