Տպել
13.05.2016
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 6

Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած ՀՀ ընտրական օրենսգիրք նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:

Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ-ի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը բարեփոխվել է: Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ՝ հիմնական փոփոխությունները կատարվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում իրականացված քննարկումների արդյունքում: Առաջարկների մի մասն ստացվել է հասարակական կազմակերպություններից, մի մասն էլ պայմանավորված է Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՄԻՀԳ զեկույցով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի տեխնիկական փորձագետների իրականացրած շտկումներով:

Դավիթ Հարությունյանը մանրամասն անդրադարձել է մասնավորապես ԸՕ-ի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած այն առաջարկներին, որոնք ընդունվել եւ տեղ են գտել նախագծում: ԸՕ-ի համահեղինակի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի առաջին դիտողությունը կոալիցիայի ձեւավորման համար անհրաժեշտ ժամանակի տրամադրման վերաբերյալ էր: Ըստ այդմ՝ լրացուցիչ երեք օր է նախատեսվում տրամադրել դաշինքների ձեւավորման համար, այն դեպքում, եթե տեղի ունենա ընտորւթյունների երկրորդ փուլ:

Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է պահպանել ստորագրված ընտրացուցակների գաղտնիության սկզբունքը, սակայն Դավիթ Հարությունյանի խոսքով՝ պետք է ստեղծվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան շահագրգիռ կողմերին ծանոթանալ այդ ցուցակներին:

Հանձնաժողովն առաջարկել է նաեւ փոփոխություններ կատարել դիտորդների հավատարմագրման վերաբերյալ, կուսակցություններում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացման կարգի, տեղամասային եւ տարածքային ընտրական հանձնաժողովների լիազորությունների դադարեցման, նախընտրական հիմնադրամների, նախընտրական պաստառների վերաբերյալ դրույթներում:

Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով էլեկտրոնային գրանցման փուլում մատնահետքի առկայությանը, նշել է, որ ընտրողները կթողնեն մատնահետք, սակայն մատնահետքերի համեմատություն չի իրականացվելու:

Հանձնաժողովի անդամների որոշմամբ փաթեթի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ առաջիկա երկուշաբթի:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են Էդմոն Մարուքյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակն առաջարկում է, որ ընտրություններին կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ, կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվի ոչ թե տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-700 -ապատիկի չափով, այլ գործեն միայն ազատազրկման ձեւով սանկցիաները:

Կառավարության դրական դիրքորոշումն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ, եթե այն որոշակիորեն բարձրացնելու է վստահությունը, ապա պետք է դրական գնահատել:

Հանձնաժողովի որոշմամբ նախագիծը կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: Հանձնաժողովի անդամների կարծիքով, նախագիծը լրամշակման կարիք ունի, ուստի նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանը համաձայնել է եւս մեկ անգամ քննարկել նախագիծը եւ գտնել փոխզիջումային տարբերակ, որպեսզի ընտրակեղծիք իրականացրած անձը պատիժը կրի ոչ միայն ազատազրկմամբ, այլեւ ավելացվի տուգանքի չափը:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ: Արտագնա նիստն անցկացվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության շենքում: Մինչ ամենամյա հաղորդումը լսելը ՀՀ ԱԺ պատգամավորները շրջել են տարածքում, ծանոթացել կատարվող բարեփոխումներին, իրականացվող շինարարական աշխատանքներին:

Հանձնաժողովի անդամները լսել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի ամենամյա հաղորդումը՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության 2015 թվականի գործունեության վերաբերյալ: Հաղորդումը ներկայացրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Տիկին Գրիգորյանը պատգամավորներին ներկայացրել է Հանրային հեռուստաընկերության 2015 թվականի գործունեության նպատակներն ու խնդիրները, հաշվետու տարում իրականացված ծրագրերը, տեխնիկական վերազինմանը եւ հեռուստահաղորդումների հեռարձակմանն առնչվող հարցերը: Նա անդրադարձել է նաեւ Հանրային հեռուստատեսության եւ Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆինանսատնտեսական գործունեությանը եւ ծախսերին, խոսել է շենքերի եւ շինությունների հմնանորոգման աշխատանքների մասին: Հաղորդման ավարտից հետո Ռուբեն Ջաղինյանը եւ Մարգարիտա Գրիգորյանը մանրամասն պատասխանել են ԱԺ պատգամավորներին մտահոգող հարցերին: Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ հաջորդ հաղորդումը ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: Նա նշել է, որ 2015 թվականին ՀՀ-ում գործել են 95 հեռուստաընկերություն եւ 18 ռադիոընկերություն: 2015 թվականի ընթացքում հանձնաժողովը ՀՀ քաղաքացիներից ստացել է 754 գրություն եւ 6 դիմում-բողոք՝ կազմակերպություններից: Տուգանք է կիրառվել կաբելային հեռարձակում իրականացնող չորս ընկերությունների նկատմամբ: Հաշվետու տարում կատարված աշխատանքը, ընթացիկ խնդիրներն ու ծրագրերը ներկայացնելուց հետո Գագիկ Բունիաթյանը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին: Հաղորդումն ընդունվել է ի գիտություն:


13.05.2016
Կորյուն Նահապետյանի աշխատանքային հանդիպումներն Իտալիայի խորհրդարանում
Մայիսի 10-12-ը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն Իտալիայի խորհրդարանում հանդիպումներ է ունեցել Սենատի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նիկոլա Լատորեի, Պատգամավորների պալատի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ֆրանչեսկո Գարո...

13.05.2016
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 16-19-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:...