National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.5.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.05.2016
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 2

Մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ առաջին ընթերցմամբ ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքների նախագծերը եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Օրենքի նախագծի նպատակն է կատարելագործել խոշոր գործարքների բացահայտման մեխանիզմները, բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ՝ նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամից ավել շրջանառություն ունեցող ընկերությունում ընկերության աուդիտն իրականացնող անձը կամ վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքի կնքման որոշումն ընդունելուց հետո` մինչեւ պայմանագրի կնքումը, պետք է եզրակացություն տա գործարքի` սույն օրենքի պահանջներին, ինչպես նաեւ շուկայական արժեքին համապատասխանության վերաբերյալ:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ընկերությունը պարտավոր է խոշոր գործարք կնքելու մասին որոշումը կայացնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում գործարքի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ՝ փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում հարկային եւ մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող օրենսդրության, այդ թվում? քրեական եւ վարչական պատասխանատվությունների ներդաշնակեցման եւ դրանից բխող գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ: Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն? ազգային օրենսդրությամբ սահմանված մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության վերաբերյալ դրույթները ԵՏՄ շրջանակներում պետք է ներդաշնակեցվեն: Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ ՝ փոփոխությամբ ապաքրեականացվելու է մաքսանենգություն հոդվածը: Այսինքն, ապրանք ներմուծողը, եթե կատարել է մաքսային խախտում, չի ենթարկվի քրեական պատասխանատվության. խնդիրը կլուծվի վարչական վարույթով: Ապաքրեկանացվելու է նաեւ արգելանքի տակ գտնվող գույքի ապօրինի օգտագործումը, եթե դա չի կատարվել խոշոր չափերով: ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Միքայել Մելքումյանը նշել է, որ այս հարցի վերաբերյալ իր համար մտահոգիչ է ԱԱԾ-ի կարծիքը: Նա անդրադարձել է ներկրումների հարցում եւ մաքսային ոլորտում լրացուցիչ գործիքների կիրառմանը: Պարոն Մելքումյանը նշել է, որ ԲՀԿ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի:

Այնուհետեւ Վախթանգ Միրումյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Երկրորդ ընթերցմամբ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը ներկայացրել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի ներկայացմամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը երկրորդ ընթերցումով քննարկման է ներկայացրել «Դեղերի մասին» եւ դրան կից օրենսդրական փաթեթը: Հարակից զեկույցում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ ստեղծված աշխատանքային խումբն առաջինից երկրորդ ընթերցում զբաղվել է օրենսդրական փաթեթի մշակմամբ: Նշենք, որ հարցի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Պատգամավորներն այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց վերաբերյալ, ինչպես նշել են հիմնական զեկուցողները, առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում առաջարկներ չեն ստացվել:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ «Երեւան ջուր» ՓԲԸ-ին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: Նախագծում նշվում է, որ ներկայումս բնապահպանական վճարների գծով արտոնություններ են սահմանված Երեւան քաղաքի եւ հարակից 30 բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վարձակալ «Երեւան ջուր» ՓԲԸ-ի համար: Միաժամանակ իրականացվում է հանրապետության 5 ջրամատակարար ընկերությունների կողմից սպասարկվող տարածքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի միասնական վարձակալի ընտրության գործընթաց, որի գործունեության մեկնարկը սահմանվել է 2017 թվականի հունվարի 1-ը: Ուստի, նշված նախագծով նախատեսվում է բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանել նաեւ ապագա միասնական վարձակալ ընկերության համար: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացում, սպառողներին մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2016 թվականի հունվարի 26-ին ստորագրված համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 75,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ Արարատյան հարթավայրում ջրային ռեսուրսների եւ ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը բարելավելու նպատակով: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին՝ արտոնյալ, տոկոսադրույքը՝ 1,29: Այս վարկային միջոցներն ուղղվելու են Վեդու ջրամբարի շինարարությանը: Նախատեսվում է շինարարական աշխատանքներն սկսել առաջիկա սեպտեմբեր ամսին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նա տեղեկացրել է, որ օրինագծի նպատակը օրենսդրական բացերի վերացումն է: Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել «սոցիալական գովազդ» հասկացությունը, ինչպես նաեւ առաջարկվում է սահմանել այնպիսի բարենպաստ օրենսդրական միջավայր, որը կնպաստի սոցիալական գովազդի տարածմանը: Այդ նպատակով առաջարկվում է գովազդակրին ազատել տեղական տուրքեր վճարելու պարտականությունից սոցիալական գովազդ տարածելու դեպքում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:

Խորհրդարանը քննարկել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» 2001 թվականի սեպտեմբերի 28-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը նշել է, որ համաձայնագրում կատարվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է կատարելագործել միջպետական խորհրդի գործունեությունը արդյունաբերական անվտանգության ոլորտում:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Այնուհետեւ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոններ-առաջին փուլ» ֆինանսավորման պայմանագիրը եւ ՀՀ ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ փաստաթղթերի նպատակն է բարելավել Երեւանում քաղաքային կոշտ թափոնների կառավարման համակարգը եւ դրանց հեռացման ենթակառուցվածքը: Նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից՝ շուրջ 29 հա տարածքում նախագծել, կառուցել եւ շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Նոր աղբավայրն առանձնացված է լինելու ցանկապատով, զինված է լինելու աղբի կշեռքով եւ անվադողերի լվացման համակարգով: Ծրագրի ընդհանուր արժեքը, նախնական գնահատմամբ, կազմում է 24 մլն եվրո, որից 8 մլն եվրո՝ Եվրոպական ներդրումային բանկից վարկ, 8 մլն եվրո՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից վարկ եւ 8 մլն եվրո? դրամաշնորհ ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի միջոցներից:

Փաստաթղթերի վերաբերյալ գլխադասային՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները տվել են դրական եզրակացություն:

Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի մայիսի 12-ին:


11.05.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Նաիրա Կարապետյանը եւ Սամվել Ֆարմանյանը մայիսի 11-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ: Հերմինե Նաղդալյանը...

11.05.2016
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ: Հանձնաժողովի նախագահը հյուրերին մանրամասն ներկայացրել է առաջին ընթերցմամբ ընդունված «Ընտրական օր...

11.05.2016
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հանդիպումները խորհրդարանում
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի, Ջուզեպպե Գալատիի եւ հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնի հետ: Առաջին հանդիպումը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի եւ խմբակցությ...

11.05.2016
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները
Մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը:Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Վահրամ Մկրտչյանը, ՀՀ կառավարու...

11.05.2016
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մայիսի 11-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները` Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի ն...

11.05.2016
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները. Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներին՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ ...

11.05.2016
Տեղի է ունեցել Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստը
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում աշխատանքն է սկսել Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստը, որին ներկա է եղել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Նիստին...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am