Տպել
02.05.2016
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը Գյումրի
1 / 14

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Գյումրիում էր:

Այցի շրջանակում խորհրդարանական պատվիրակությունը նախ այցելել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի եւ Մուշի բաժիններ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ ոլորտի խնդիրներին: Շիրակի մարզային վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի ուղեկցությամբ պատգամավորները շրջել են ոստիկանության ստորաբաժանումներում, ծանոթացել շենքային պայմաններին, համակարգում ընթացող բարեփոխումներին եւ ծառայողական գործունեությանը: ԱԺ պատգամավորները հետաքրքրվել են ոլորտի օրենսդրական բարեփոխումների արդյունքներով, տեխնիկական միջոցների հագեցվածությամբ, ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդմանը նպաստող քայլերի իրականացմամբ:

Հանձնաժողովի անդամները եղել են նաեւ Մուշի բաժնի համայնքային ոստիկանության ծառայությունում:

Այնուհետեւ հանձնաժողովի անդամներն այցելել են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ եւ հանդիպել բաժանմունքի տնօրինության ու աշխատակիցների հետ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ծառայության տեխնիկական հագեցվածությանն ու համակարգերի արդիականացման անհրաժեշտությանը, սեյսմիկ ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացմանը եւ ոլորտի այլ խնդիրների: Կորյուն Նահապետյանն առաջիկայում խորհրդարանում հանդիպելու եւ բարձրացված խնդիրները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Խորհրդարանականների հաջորդ կանգառը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գյումրիի ճգնաժամային կառավարման կենտրոնն է եղել: Հանձնաժողովականները Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանի ուղեկցությամբ ծանոթացել են կառույցի տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, աշխատանքային եւ շենքային պայմաններին:

Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) աշխատակիցները պատգամավորներին տեղեկացրել են, որ կենտրոնի օդերեւութաբանական համակարգը թույլ է տալիս գրանցել մարզի սեյսմիկ ակտիվությունը, կանխատեսել եղանակային պայմանները, որը գրանցվում է ՃԿԿ-ի մոնիթորներին: Կենտրոնում գործում է GPS համակարգ, որի միջոցով մոնիթորների վրա երեւում է, թե որտեղ է գտնվում շտապօգնության կամ փրկարարական մեքենան, ինչը թույլ է տալիս անձնակազմին ճիշտ կողմնորոշվել, թե որ ուղղությամբ պետք է շարժվել:

Այնուհետեւ հանձնաժողովի անդամներն այցելել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատ, որից հետո` սահմանային ուղեկալ: Սահմանապահ ջոկատում հանձնաժողովի անդամներին ներկայացվել են առկա սպառազինության նմուշներ, կապի մեքենաներ, իսկ սահմանային ուղեկալում նրանք ականատես են եղել սահմանի հսկողության, սահմանախախտի հայտնաբերման ու վնասազերծման ցուցադրական վարժանքին:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Մաքսիմ Գուստյակը ներկայացրել է սահմանապահ ջոկատի պատրաստվածությունը եւ հայ-թուրքական սահմանի հսկողությունը:

Կորյուն Նահապետյանը, կարեւորելով նմանատիպ այցերն ու դիտարկումները, ընդգծել է, որ պետք է առավելագույնն անել, որպեսզի մեր սահմանային պաշտպանությունը լինի ավելի հուսալի ու ամուր:

Նշենք, որ շուրջ 95 տարի սահմանապահները հսկում են հայ-թուրքական սահմանի շուրջ 132 կիլոմետրանոց հատվածը: Ռուսաստանցի զինծառայողների հետ միասին ծառայում են նաեւ հայաստանցի զինծառայողներ:

Այցի ավարտին Կորյուն Նահապետյանը` որպես Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար, հանդիպել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հետ (նստավայրը` Գյումրի): Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Կորյուն Նահապետյանը եւ բարեկամական խմբի անդամները բարձր են գնահատել հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում հյուպատոսի ունեցած ներդրումն ու նրա նվիրական գործունեությունը մեր երկրում եւ հույս հայտնել, որ պարոն Մոնտալտոյի ջանքերն այդ հարցում կլինեն շարունակական: 

Բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է առողջապահության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում հյուպատոսի նախաձեռնած ծրագրերն ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:

Կորյուն Նահապետյանը նշել է, որ բարեկամական խումբն իր ուրույն նպաստն է բերում երկու բարեկամ ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ ներկայացրել է խմբի գործողությունների ծրագիրն ու առաջիկա անելիքները:

Անտոնիո Մոնտալտոն իր հերթին ներկայացրել է որոշակի ծրագրեր, որոնք կնպաստեն երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացմանը: Նա հավելել է, որ ՀՀ իշխանությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է դառնում բազմաթիվ նախաձեռնություններ կյանքի կոչել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


02.05.2016
Տեղեկատվություն
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին` ժամը 18:00-ին, «Ընտրական օրենսգիրք» նախագծի շուրջ նախատեսված աշխատանքային քննարկումը տեղի կունենա մայիսի 3-ին` ժամը 18:00-ին: ...

02.05.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի մայիսի 1-5-ը Կապ Բրըտոն (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը: ...