Տպել
27.04.2016
Ազգային ժողովը շարունակել է քննարկել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը
1 / 12

Ապրիլի 27-ի նիստում խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները:

Նախագծի վերաբերյալ ելույթ ունենալու համար գրանցվել էր երեք տասնյակից ավելի պատգամավոր:

Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իշխանությունը մի շարք առանցքային հարցերում միայն մասամբ է ընդառաջ գնացել քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պահանջներին եւ առաջարկված լուծումները, ըստ պատգամավորի, կարելի է համարել թերի: Ստեփան Մարգարյանը, խոսելով ընտրախախտումների վերաբերյալ, նշել է, որ մատնահետքերով քվեարկություն իրականացնելու դեպքում հնարավոր կլիներ բացառել կրկնակի քվեարկությունը: Պատգամավորն անհրաժեշտ է համարել բանակցությունների միջոցով հասնել կոնսենսուսի, ուստի կոչ է արել քննարկել նախագիծը, բայց չքվեարկել: Միքայել Մելքումյանն անհանգստություն է հայտնել էլեկտրոնային գրանցման համակարգի եւ դրան կից այլ ընթացակարգերի վերաբերյալ՝ նշելով, որ չկա տեխնիկական անվտանգության որեւէ երաշխիք: Ըստ պատգամավորի՝ հնարավոր ռիսկերը մեղմելու համար որոշ հարցերի շուրջ կողմերը պետք է գան փոխհամաձայնության: Վարդան Օսկանյանն անհանգստություն է հայտնել նախագծի որոշ դրույթների վերաբերյալ. պատգամավորի կարծիքով՝ նախագիծը չի լուծում ընտրական գործընթացում առկա խնդիրները, այն է՝ լցոնումներ, կրկնակի քվեարկություններ եւ այլն: Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքում պետք է ընտրվեն նրանք, ում ժողովուրդն ուզում է ընտրել: Նշվել է, որ ինչպիսի ընտրակարգ ու քվեարկության կարգ էլ որ լինի, անհրաժեշտ է ունենալ ընտրությունների այնպիսի արդյունք, որն կարտահայտի ընտրողի իրական քվեն: Պատգամավորը նշել է, որ դեմ է քվեարկելու նախագծին: Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ տեղի ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքում ընդունվել են բոլոր ողջամիտ առաջարկները: Պատգամավորը կարեւորել է այն, որ ԱԺ ընտրություններում բոլոր կուսակցությունների համար կտպագրվեն միեւնույն չափի եւ գույնի առանձին քվեաթերթիկներ: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը ներկայացրել է 20-ից ավելի առաջարկ, որոնց մեծ մասը չի ընդունվել: Պատգամավորը նշել է, որ երկրում խնդիրը ոչ թե վատ կամ լավ օրենքներն են, այլ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքի բացակայությունը: Արտակ Դավթյանը նշել է, որ փոփոխություններն արվում են հանուն օրենքի գերակայություն ապահովող մեր պետության: Նրա գնահատմամբ՝ ընտրությունները մրցապայքար է եւ մրցապայքարի մասնակիցների կամքից է կախված՝ կլինեն արդյոք արդար ընտրություններ, թե՝ ոչ: Պարոն Դավթյանը համոզմունք է հայտնել, որ արդար ընտրությունների անցկացման համար առկա են անհրաժեշտ եւ բավարար բոլոր պայմանները: Էդմոն Մարուքյանը կարեւորել է էլեկտրոնային համակարգի կիրառումը, ինչն ինքը եւս առաջարկել է: Խոսելով կոալիցիաների ձեւավորումից՝ պարոն Մարուքյանն ընդգծել է, որ քաղաքական միավորումներ ձեւավորելու համար չպիտի լինեն սահմանափակումներ: Նա առաջարկում է նաեւ հանել տարածքային ցուցակները, եւ մարզային ներկայացվածության խնդիրն այլ կերպ լուծել: Պատգամավորը դեմ է ընտրական օրենսգրքի նախագծին: Հրանտ Բագրատյանը կարեւորել է ցուցակների հստակեցումը եւ նշել, որ հանրապետությունից վեց ամիս բացակայածներին պետք է հանել ցուցակներից: Նա խոսել է կայուն մեծամասնություն ապահովելու սահմանադրական դրույթի, Գյումրի եւ Վանաձոր համայնքների ղեկավարների՝ անուղղակի ընտրություններով ընտրվելու կարգի մասին եւ ներկայացրել իր մտահոգությունները: Պարոն Բագրատյանը նշել է, որ իրենք դեմ են ներկայացված նախագծին: Սուքիաս Ավետիսյանը կարեւորել է խորհրդարանում մարզերի՝ հավուր պատշաճի ներկայացված լինելը եւ հավելել, որ այսօր մարզերն ամրապնդելու խնդիր կա: Նա առաջարկներ է ներկայացրել որոշ դրույթների հստակեցման վերաբերյալ: Վահրամ Մկրտչյանի գնահատմամբ՝ նախագիծը նոր քաղաքական մշակույթ է ձեւավորում եւ լուրջ առաջընթաց է նախատեսում ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության բարձրացման հարցում: Պատգամավորը նշել է, որ նախագծում ներառվել են բավարար մեխանիզմներ, որոնք կբացառեն կրկնակի քվեարկությունները, լցոնումները, կնպաստեն ընտրությունների անցկացման թափանցիկության ապահովմանը: Հեղինե Բիշարյանը կարեւորել է բոլոր քաղաքական ուժերի համար ընդունելի Ընտրական օրենսգրքի ընդունումը եւ փոխհամաձայնության հասնելը: Պատգամավորը նշել է, որ բազմաթիվ հոդվածների հետ կապված առաջարկներ ունի: Նա անընդունելի է համարել ընտրությունների անցկացման ռեյտինգային մոդելը, որը, նրա գնահատմամբ, բազմաթիվ խնդիրներ է ստեղծելու քաղաքական ուժերի համար: Թեւան Պողոսյանը խոսել է մեր երկրում առկա վստահության ճգնաժամից, այդ թվում ընտրական գործընթացների նկատմամբ եւ հույս հայտնել, որ նոր Ընտրական օրենսգրքով վստահության ճգնաժամը կհաղթահարվի: Պարոն Պողոսյանն իր մտահոգությունն է հայտնել նախագծի որոշ դրույթների վերաբերյալ: Վահե Էնֆիաջյանը նշել է, որ ԸՕ կարեւորագույն քաղաքական եւ իրավական փաստաթուղթ է եւ հավելել, որ ԲՀԿ-ն բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել նախագծի վերաբերյալ: Նա եւս խոսել է ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության պակասից: Արաիկ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ընտրությունների թափանցիկության ապահովման տեսանկյունից գործող ԸՕ-ն արդեն իսկ քայլ առաջ է, իսկ ներկայացված նախագիծն ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի վստահության մթնոլորտի բարձրացման համար: Պարոն Հովհաննիսյանն առաջարկներ է ներկայացրել բազմաբնակավայր համայնքներում ավագանու ընտրություններին, համայնքի ղեկավարի եւ ավագանու կարգավիճակին, տարածքային ցուցակներին վերաբերող դրույթների վերաբերյալ: Նաիրա Կարապետյանի համոզմամբ՝ նոր Ընտրական օրենսգրքով ընտրական գործընթացների որակը բարելավող քայլ է կատարվում, առաջարկվում են վստահության բարձրացման համար անհրաժեշտ միջոցներ: Տիկին Կարապետյանի կարծիքով՝ նախագիծը մեծ փոփոխությունների առաջարկ է, որը քաղաքացիներին լիարժեք վստահության հնարավորություն է տալիս: Իշխան Խաչատրյանը, կարեւորելով ԸՕ-ի վերաբերյալ շարունակական քննարկումները, նշել է, որ նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում: Նրա խոսքով՝ նոր Ընտրական օրենսգիրքը նպատակ է հետապնդում ձեւավորելու այնպիսի ընտրական համակարգ, որը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնություն ընտրության արդյունքների կամ կոալիցիայի ձեւավորմամբ:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ քննարկվող ԸՕ-ի նախագիծն անչափ կարեւոր փաստաթուղթ է եւ դրա վերաբերյալ քննարկումները բնական է, որ պետք է բուռն ընթանային: Պարոն Շարմազանովը նշել է, որ նախագծի վերաբերյալ անցկացվել են խորհրդարանական լսումներ, քննարկումներ տարբեր ձեւաչափերով, եւ դա շարունակվելու է:

«Իշխանության խնդիրն է քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ միասին հասնել այնպիսի ընտրական օրենսգրքի ընդունման, որը պրակտիկորեն կբարձրացնի հանրության վստահությունը ընտրական գործընթացների եւ դրանց արդյունքների նկատմամբ: Իշխանությունն ունի այդ քաղաքական կամքը, պատրաստ է փոխզիջումների. իշխանությունն առաջարկել եւ առաջարկելու է փոխզիջումային տարբերակներ»,-ասել է ԱԺ փոխնախագահը: Նա խնդրել է, որ ընդդիմադիր գործընկերներն էլ գիտակցեն այդ փոխզիջումների կարեւորությունը. փոխզիջումների, այլ ոչ թե միակողմանի զիջումների: Ըստ պարոն Շարմազանովի՝ չի եղել գրեթե մի ոլորտ, որտեղ իշխանությունը փոխզիջումային տարբերակներ չի առաջարկել: Նշվել է, որ նմանատիպ օրենքները փոփոխության են ենթարկվում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ուստի ԱԺ փոխնախագահը ճիշտ չի համարել «եկեք քննարկենք, բայց չքվեարկենք» կոչերը:

Անդրադառնալով այն տեսակետներին, որ սա ոչ թե համամասնական համակարգ է, այլ քողարկված մեծամասնական` Էդուարդ Շարմազանովը չի համաձայնել այդ գնահատականի հետ: Նա նշել է, որ կան համամասնական համակարգի տարբերակներ եւ կառավարության կողմից առաջարկվող տարբերակը կիրառվում է աշխարհի շուրջ 20 երկրում: Ելույթի ավարտին ԱԺ փոխնախագահն ասել է, որ պատրաստ են լսել բոլորի առաջարկները եւ պատրաստ են փոխզիջումների արդյունքում առաջ շարժվել:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ ապրիլի 28-ի նիստում:

Վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն պատասխանել են պատգամավորների հարցերին:


27.04.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբին: Հանդիպմանը ներկա են գտնվել ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության ...

27.04.2016
Բաց դասին մասնակցել են ապագա զինվորականները
Ապրիլի 27-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի երրորդ եւ չորրորդ դասակների սաները: Նրանք նախ հետեւել են ԱԺ լիագումար նիստի աշխատանքներին, ապա մասնակցել հերթական բաց դասին, որն այս անգամ անցկացրել է ԱԺ գիտության, կրթության,...

27.04.2016
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ռաբաթում մասնակցել են Ռոուզ-Ռոթ սեմինարին
Ապրիլի 20-22-ը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ-ի Միջերկրածովյան եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի 91-րդ Ռոուզ-Ռոթ համատեղ սեմինարին: Սեմինար...