Տպել
27.04.2016
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ռաբաթում մասնակցել են Ռոուզ-Ռոթ սեմինարին
1 / 2

Ապրիլի 20-22-ը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ-ի Միջերկրածովյան եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի 91-րդ Ռոուզ-Ռոթ համատեղ սեմինարին:

Սեմինարի օրակարգի առանցքային թեմաներն են եղել Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային զարգացումները, Սիրիայում եւ Իրաքում ճգնաժամը, փախստականների խնդիրը, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում միասնական ռազմավարությունը, ահաբեկչության ֆինանսավորման եւ այլ հարցեր:

Տարածաշրջանային խնդիրների համատեքստում հայկական պատվիրակությունը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, դրա հետեւանքներն ու զարգացումները: Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակներն իրենց արձագանքներում հակահայկական քարոզչություն իրականացնելու փորձեր են արել: Բոլոր այդ փորձերը համարժեք պատասխան են ստացել հայկական պատվիրակության կողմից: Մասնավորապես, Կորյուն Նահապետյանն ընդգծել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ Ադրբեջանի կապը՝ անդրադառնալով Իսլամական պետության զինյալների ներթափանցմանը Հարավային Կովկաս եւ այդ ահաբեկչական կազմակերպության գործելաոճով հայ քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած սպանություններին ու վայրագություններին:

Ներկայացվել է նաեւ Թուրքիայի ապակառուցողական դերը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում: Կորյուն Նահապետյանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Թուրքիան ակտիվ աջակցություն է ցուցաբերում Իսլամական պետության ահաբեկիչներին: Ընդգծվել է նաեւ, որ Թուրքիան չի ճանաչել մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցանքը՝ Հայոց ցեղասպանությունը: Հայկական պատվիրակության ղեկավարը մատնանշել է Թուրքիայի քայքայիչ դերը տարածաշրջանային իրադրության ապակայունացման գործում՝ պետական բարձր մակարդակով ահաբեկչությանն օժանդակելու եւ Ադրբեջանին նոր ագրեսիվ գործողությունների դրդելու միջոցով:

Պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն ընդգծել է, որ ժամանակակից տեղեկատվական հոսքի պայմաններում բարդ է քողարկել իրականությունը: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից շահարկվող ՄԱԿ-ի չորս բանաձեւերին՝ նշելով, որ Ադրբեջանը հղում է անում դրանց ընդամենը մեկ կետի, մինչդեռ բանաձեւերը պարունակում են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վերաբերյալ դրույթներ: Թեւան Պողոսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հաղթել է նախորդ պատերազմում, հաղթել է նաեւ այս քառօրյա պատերազմում, եւ եթե Ադրրբեջանը ցանկանում է լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ապա պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ բանակցային սեղանի շուրջ քննարկելով նախկինում ընդունված բազմաթիվ բանաձեւերի եւ ստորագրած համաձայնագրերի պահանջները:

Սեմինարի ընթացքում պատվիրակության անդամները բարձրացրել են մի շարք հարցադրումներ եւ հնչեցրել դիրքորոշումներ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, ահաբեկչության եւ ծայրահեղականության, ներառյալ վարձկանների դեմ պայքարի, ինչպես նաեւ միջազգային անվտանգության այլ խնդիրների վերաբերյալ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...