Տպել
27.04.2016
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ռաբաթում մասնակցել են Ռոուզ-Ռոթ սեմինարին
1 / 2

Ապրիլի 20-22-ը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ-ի Միջերկրածովյան եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի 91-րդ Ռոուզ-Ռոթ համատեղ սեմինարին:

Սեմինարի օրակարգի առանցքային թեմաներն են եղել Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային զարգացումները, Սիրիայում եւ Իրաքում ճգնաժամը, փախստականների խնդիրը, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում միասնական ռազմավարությունը, ահաբեկչության ֆինանսավորման եւ այլ հարցեր:

Տարածաշրջանային խնդիրների համատեքստում հայկական պատվիրակությունը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, դրա հետեւանքներն ու զարգացումները: Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակներն իրենց արձագանքներում հակահայկական քարոզչություն իրականացնելու փորձեր են արել: Բոլոր այդ փորձերը համարժեք պատասխան են ստացել հայկական պատվիրակության կողմից: Մասնավորապես, Կորյուն Նահապետյանն ընդգծել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ Ադրբեջանի կապը՝ անդրադառնալով Իսլամական պետության զինյալների ներթափանցմանը Հարավային Կովկաս եւ այդ ահաբեկչական կազմակերպության գործելաոճով հայ քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած սպանություններին ու վայրագություններին:

Ներկայացվել է նաեւ Թուրքիայի ապակառուցողական դերը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում: Կորյուն Նահապետյանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Թուրքիան ակտիվ աջակցություն է ցուցաբերում Իսլամական պետության ահաբեկիչներին: Ընդգծվել է նաեւ, որ Թուրքիան չի ճանաչել մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցանքը՝ Հայոց ցեղասպանությունը: Հայկական պատվիրակության ղեկավարը մատնանշել է Թուրքիայի քայքայիչ դերը տարածաշրջանային իրադրության ապակայունացման գործում՝ պետական բարձր մակարդակով ահաբեկչությանն օժանդակելու եւ Ադրբեջանին նոր ագրեսիվ գործողությունների դրդելու միջոցով:

Պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն ընդգծել է, որ ժամանակակից տեղեկատվական հոսքի պայմաններում բարդ է քողարկել իրականությունը: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից շահարկվող ՄԱԿ-ի չորս բանաձեւերին՝ նշելով, որ Ադրբեջանը հղում է անում դրանց ընդամենը մեկ կետի, մինչդեռ բանաձեւերը պարունակում են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վերաբերյալ դրույթներ: Թեւան Պողոսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հաղթել է նախորդ պատերազմում, հաղթել է նաեւ այս քառօրյա պատերազմում, եւ եթե Ադրրբեջանը ցանկանում է լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ապա պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ բանակցային սեղանի շուրջ քննարկելով նախկինում ընդունված բազմաթիվ բանաձեւերի եւ ստորագրած համաձայնագրերի պահանջները:

Սեմինարի ընթացքում պատվիրակության անդամները բարձրացրել են մի շարք հարցադրումներ եւ հնչեցրել դիրքորոշումներ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, ահաբեկչության եւ ծայրահեղականության, ներառյալ վարձկանների դեմ պայքարի, ինչպես նաեւ միջազգային անվտանգության այլ խնդիրների վերաբերյալ:


27.04.2016
Ազգային ժողովը շարունակել է քննարկել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը
Ապրիլի 27-ի նիստում խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին: Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է նոր Ընտրական օրեն...

27.04.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբին: Հանդիպմանը ներկա են գտնվել ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության ...

27.04.2016
Բաց դասին մասնակցել են ապագա զինվորականները
Ապրիլի 27-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի երրորդ եւ չորրորդ դասակների սաները: Նրանք նախ հետեւել են ԱԺ լիագումար նիստի աշխատանքներին, ապա մասնակցել հերթական բաց դասին, որն այս անգամ անցկացրել է ԱԺ գիտության, կրթության,...