National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
19.04.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Սամվել Ֆարմանյանի եւ Լեւոն Զուրաբյանի ելույթները ԵԽԽՎ նիստում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը

«Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները եւ ԼՂ հակամարտության շուրջ առաջացած վերջին սրացումը սթափվելու խիստ եւ պարզ ուղերձ են հղել բոլորիս: Մարդկանց կյանքերը վտանգված են ամենաբարբարոսական ձեւով՝ թարմացնելով անցյալի մեր հիշողությունները: Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքական կառույցները, խորհրդարանները դեռեւս բավականաչափ ուժ ունեն՝ աննախադեպ զարգացող մարտահրավերներին դիմակայելու համար: Մենք պետք է ապացուցենք, որ փոխզիջում չկա, երբ հարցը վերաբերում է ամենահիմնարար արժեքին՝ մարդու կյանքի իրավունքին:

Հարգելի գործընկերներ, դուք տեղյակ եք, որ վերջերս ադրբեջանական զինված ուժերը շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել են լայնածավալ ագրեսիա ԼՂ ժողովրդի դեմ եւ նոր տերմին է ստեղծվել՝ «քառօրյա պատերազմ»: Ադրբեջանական զինված ուժերը կիրառել են մահաբեր հարձակողական զենքեր, որոնք ձեռք են բերվել վերջին 20 տարիների ընթացքում՝ միջազգային նորմերի կոպիտ խախտումով:

Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը հակասում է միջազգային իրավունքի փաստաթղթերին, ՄԱԿ-ի խարտիային, Հելսինկյան եզրափակիչ ակտին եւ այլ փաստաթղթերին: Ըստ միջազգային իրավունքի՝ Ադրբեջանի հարձակումը համարվում է ագրեսիա: Ադրբեջանական բանակի թիրախում եղել են քաղաքացիական շինությունները եւ խաղաղ բնակչությունը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից հրետակոծված դպրոցի բակում սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, երկու երեխաներ ծանր վիրավորվել են: Եվ սա միակ բռնարարքը չէ խաղաղ բնակչության դեմ. ադրբեջանցի զինվորականները սպանել են տարեց ամուսիններ Վալերա եւ Ռազմելա Խալափյաններին իրենց տանը՝ կտրելով վերջիններիս ականջները: Նրանք նաեւ սպանել են 92-ամյա Մարուսյա Խալափյանին եւ խոշտանգել են 104-ամյա Հայկա տատիկին, որն, իմիջիայլոց, 6 տարով ավելի մեծ է, քան Ադրբեջանը՝ որպես պետություն: Բոլոր սպանված եւ խոշտանգված անձինք անօգնական տարեցներ են:

Բացի դրանից, ադրբեջանական զորքերը գլխատել են ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողներ Քյարամ Սլոյանին, Հայկ Թորոյանին եւ Հրանտ Ղարիբյանին: Այո, գլխատել են ԴԱԻՇ-ի ոճով: Սոցիալական ցանցերի՝ Քյարամ Սլոյանի գլուխը որպես «ավար» ի ցույց դնող բազմաթիվ լուսանկարներն իրական վկայությունն են ադրբեջանցի զինվորականների դաժան վերաբերմունքի: Ավելի ուշ գլուխը որպես «ավար» ցուցադրվել է Ադրբեջանի տեղի բնակչությանը՝ խրախուսելով հայերի հանդեպ ատելությունը եւ ագրեսիան: Պաշտոնական Բաքուն մեղավորներին պատժելու համար ոչ մի գործողություն չի ձեռնարկել եւ դրանով Ադրբեջանը մեկ անգամ եւս խախտել է միջազգային բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ «Ցեղասպանությունը որպես հանցագործություն կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, «Պատերազմի զոհերի պաշտպանության» Ժնեւի կոնվենցիան եւ այլ միջազգային փաստաթղթեր: Ռազմական գործողություններից մեկ շաբաթ անց Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայությամբ ԼՂ իշխանություններին հանձնված խոշտանգված ռազմագերիները եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տասնութ սպանվածների խեղված մարմինները խոշտանգման եւս մի դրվագ են:

Ադրբեջանական զինված ուժերը եւ գրոհայինները բազմաթիվ ահաբեկչական գործողություններ են իրականացրել ԼՂ-ի զորքերի եւ խաղաղ բնակչության դեմ, որոնք համարվում են պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ հանցագործություններ՝ ըստ միջազգային իրավունքի: Եվ ադրբեջանական իշխանությունները եւ այն անձինք, որոնք իրականացրել են ռազմական հանցագործություններ, պետք է պատասխանատվություն կրեն միջազգային իրավունքի խախտումների եւ պատերազմական հանցագործությունների իրականացնելու համար:

Ես կոչ եմ անում Վեհաժողովին հստակորեն դատապարտել ադրբեջանական զինված ուժերի իրականացրած դաժանությունները եւ հորդորել Ադրբեջանի կառավարությանը՝ ապահովելու ԼՂ-ի խաղաղ բնակչության դեմ իրականացրած հանցագործությունների ճշգրիտ հետաքննություն: Ես նաեւ կոչ եմ անում միջազգային հանրությանը համապատասխան քայլեր ձեռնարկել՝ կանխելու մարդու իրավունքների միջազգային օրենքի, միջազգային մարդասիրական օրենքի եւ ընդհանուր առմամբ միջազգային օրենքի հետագա լուրջ խախտումները»:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի ելույթը

«Հարգարժան Վեհաժողով,

Ապրիլի 2-ին Ադրբեջանը ձեռնարկել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, ինչը պատերազմական առաջին լուրջ պորթկումն էր`1994 թվականին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարների միջեւ ստորագրումից ի վեր հիմնականում պահպանված զինադադարից հետո:

Քառօրյա պատերազմը հակամարտության երկու կողմերից մարդկային կյանքերի մեծ կորուստների պատճառ է դարձել եւ մեծապես վտանգել տարածաշրջանի անվտանգությունը: Ձգտելով հակամարտության ռազմական լուծմանը` Ադրբեջանը հերթական անգամ ցուցադրել է իր անսահման արհամարանքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի (այն մարդկանց, որոնց նրանք համարում են Ադրբեջանի քաղաքացիներ)` ավտանգության պայմաններում ապրելու եւ սեփական ճակատագիրը ազատորեն որոշելու իրավունքների հանդեպ:

Դա հենց այն է, ինչի պատճառով էլ այս հակամարտությունն առաջացավ ի սկզբանե: Երբ Լեռնային Ղարաբաղն օրինական ճանապարհով Ադրբեջանից անկախանալու որոշում ընդունեց, այդ թվում` 1988 թվականին իր խորհրդարանի որոշմամբ եւ 1991 թվականի անկախության մասին հանրաքվեով, դրան հետեւեցին այդ ինքնորոշումն էթնիկ զտումների եւ ջարդերի ու ռազմական գործողությունների միջոցով ճնշելու Ադրբեջանի գործողությունները:

1991 թվականին Ադրբեջանը, համագործակցելով խորհրդային զորքի հետ, Լեռնային Ղարաբաղի 24 գյուղերից տեղահանել է հայ բնակչությանը, իսկ 1992 թվականին Ստեփանակերտի անհամաչափ ռմբակոծությունն ավելի քան հազար մարդկային կյանքեր է խլել: Հենց նման գործողություններին էլ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը նրա շուրջն անվտանգության գոտի են ստեղծել:

Խաղաղ կարգավորման ներկայիս ծրագիրը, որը ներկայացվել է Մինսկի խմբի համանախագահների կողմից, նախատեսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, որը պետք է արտահայտվի դրա վերջնական կարգավիճակի հարցով միջազգայնորեն ճանաչված հանրաքվեի անցկացումով, եւ անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում` անվտանգության գոտու վերադարձի հետ փոխկապակցված:

Ադրբեջանը, սակայն, հրաժարվում է բարեխղճորեն բանակցություններ վարել, մերժում Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ բանակցություններն ու զինադադարի մասին համաձայնագրի ամրապնդմանն ուղղված այնպիսի քայլերը, ինչպիսիք են ռազմաճակատի գծից դիպուկահարների հեռացումն ու դիտորդական առաքելության ուժեղացումը:

Տասը տարվա ընթացքում այդ երկիրը զբաղված է եղել ռազմական նախապատրաստմամբ, ինչի միակ նպատակն է վերացնել Լեռնային Ղարաբաղի հայերին, եւ ոչ թե հաշտեցման գնալ նրանց հետ: Միջազգային հանրությունը պետք է ապահովի, որ Ադրբեջանը հարգի միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբուքներից մեկը, այն է` հրաժարումն ուժի կիրառումից կամ սպառնալիքից հակամարտությունների լուծման նպատակով»:




19.04.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դեղերի մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը: Նա տեղեկացրել է, որ պատգամավ...

19.04.2016
Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդես է եկել մամուլի ասուլիսով
Մոսկվայում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 19-ին «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովի շրջանակում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են նաեւ ռուսական լրատվամիջոցները: Ասուլիս...

19.04.2016
Էդուարդ Շարմազանովի ելույթը «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-ին Մոսկվայում մասնակցել է «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am