Տպել
19.04.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 2

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դեղերի մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը: Նա տեղեկացրել է, որ պատգամավորներից ստացված 30 առաջարկների մի մասն ընդունվել է: Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը դեղերի անվտանգության, մատչելիության եւ որակի ապահովումն է:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթի ընդունումը, ըստ հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանի, պայմանավորված է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ոլորտում առկա չկարգավորված հարաբերությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ եւ նպատակ ունի նաեւ լրացնել օրենսդրական այն բացը, որն առկա է ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձի կողմից վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավահարաբերություններում:

Մասնավորապես, առաջարկվում է վերատադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխային մինչեւ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտված անձին կամ ամուսիններին հանձնելն անցկացնել ԴՆԹ-ի թեստ՝ պարզելու, թե արդյոք նշված անձինք երեխայի կենսաբանական ծնողներն են, կամ առնվազն նրանցից մեկը, եւ միայն դրական արդյունքի դեպքում երեխային հանձնել նրանց: Ամրագրված է նաեւ, որ կինը չի կարող երկու անգամից ավելի հանդես գալ որպես փոխնակ մայր: Օրենսդրական փաթեթով ամրագրված է նաեւ, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու ժամանակ չի տարածվում ՀՀ օրենսդրության սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող ՀՀ գտնվող կամ բնակվող օտաերկրացիների նկատմամբ:

Փաթեթում ամրագրված է նաեւ, որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձի կողմից դիտավորությամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու՝ օրենքով սահմանված կանոնների խախտումը ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձի նկատմամբ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:

Օրենսդրական նախաձեռնություններն ստացել են դրական եզրակացություն եւ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ ապրիլի 25- 28-ի նիստերի օրակարգերի նախագծերում:

Նույն օրը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվությունը, որը ներկայացրել է ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ վերահսկողության արդյունքներն ամփոփվել են Վերահսկիչ պալատի 23 ընթացիկ հաշվետվություններում, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ Ազգային ժողով:

Տեղեկացվել է, որ հաստատված 23 հաշվետվություններից մեկում առկա է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, հետեւաբար, Վերահսկիչ պալատի պաշտոնական ինտերնետային էջում տեղադրված է 22 ընթացիկ հաշվետվություն:

Հաշվետվությունը ներառում է հաշվետու տարում ՎՊ գործունեության ընդհանուր նկարագիրը, վերահսկողության հիմնական արդյունքները, վերահսկողության արդյունքում հայտնաբերված եւ արձանագրված խախտումները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ ներկայացված համապատասխան առաջարկությունները եւ եզրակացությունները: Վերահսկողության արդյունքները ներառել են սոցիալական, գյուղատնտեսական, առողջապահության, էներգետիկայի, ջրային տնտեսության, դատաիրավական ոլորտները, ինչպես նաեւ վարկային եւ դրամաշնորհային այլ ծրագրերը:

Վերահսկողության արդյունքում ներկայացվել է 64 առաջարկություն, որից 36-ն առնչվում է անմիջապես ակնկալվող արդյունքներին, 13-ը` խնդիրների կարգավորմանը, իսկ 15-ը` ենթակառուցվածքների բարելավմանը:

Այնուհետեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է ՀՀ ԿԲ-ի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն) եւ ՀՀ ԿԲ-ի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:



19.04.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Սամվել Ֆարմանյանի եւ Լեւոն Զուրաբյանի ելույթները ԵԽԽՎ նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը «Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները եւ ԼՂ հակամարտության շուրջ առաջացած վերջին սրացումը սթափվելու խիստ եւ պարզ ուղերձ են հղել բոլորիս: Մարդկանց կյանքերը վտանգված են ամենաբարբարոսական ձեւով՝ թարմացնելով անցյալի մեր հիշողութ...

19.04.2016
Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդես է եկել մամուլի ասուլիսով
Մոսկվայում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 19-ին «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովի շրջանակում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են նաեւ ռուսական լրատվամիջոցները: Ասուլիս...

19.04.2016
Էդուարդ Շարմազանովի ելույթը «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-ին Մոսկվայում մասնակցել է «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների ա...