Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը ապրիլի 18-ին հանդիպել է Հայաստանի տարբեր բուհերի մի խումբ ֆրանսախոս ուսանողների հետ:
Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ մայիսի 11-12-ը ՀՀ Ազգային ժողովում իր աշխատանքն է սկսելու ֆրանկոֆոն երիտասարդների նորաստեղծ խորհրդարանը, որի կազմում ընդգրկված կլինեն Հայաստանի տարբեր բուհերի ֆրանսախոս ուսանողներ:
Տիկին Եսայանի խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովը, որպես Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ, ցանկություն է հայտնել ստեղծելու Երիտասարդական խորհրդարան, որի կազմակերպչական աշխատանքներն արդեն մեկ տարի է, ինչ ընթանում են:
Մարգարիտ Եսայանը կարեւորել է նախաձեռնությունը, քանի որ, ըստ նրա, աշխարհի բազմաթիվ ֆրանկոֆոն երկրներում գործում են նման երիտասարդական խորհրդարաններ: Հետագայում ակնկալվում է ԼՂՀ ԱԺ-ում նույնպես ստեղծել նման խորհրդարան: