National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
15.04.2016
Կայացել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը
1 / 7

Ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը, որին մասնակցում էին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների, անվտանգության ծառայությունների, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ գիտակրթական ու գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մինչ նիստի մեկնարկը Կորյուն Նահապետյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ-ռուսական հարաբերություններում ունի մեծ նշանակություն եւ այս շրջանակում կարեւորել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտների խորհրդարանական հանձնաժողովների միջեւ կապերի ամրապնդումը, հրատապ եւ արդիական հիմնահարցերի վերաբերյալ քննարկումների կազմակերպումը:

Անդրադառնալով ապրիլի սկզբին ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ հանձնաժողովի նախագահը փաստել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են օդուժ, ծանր հրետանի եւ զրահատեխնիկա, այդ թվում նաեւ Ռուսաստանից ձեռքբերված «Սմերչ» եւ ՏՕՍ-1 համակարգեր: 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո նման մասշտաբի ռազմական գործողություններ չեն գրանցվել: Նրա խոսքով՝ ԼՂՀ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան ստեղծել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ամբողջ տարածաշրջանի համար եւ չնայած ապրիլի 5-ին կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել այն՝ օգտագործելով ականանետեր, նռնականետեր եւ դիպուկահարներ: Հանցավոր գործողությունները, որոնք Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են Արցախի ժողովրդի նկատմամբ, ոչնչով չեն տարբերվում «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճից:

Կորյուն Նահապետյանը ցավով արձանագրել է, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը մեծամասամբ հանդես չեկավ հասցեական հայտարություններով: «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում: Նշանակալի են նաեւ կրակի դադարեցման պայմանավորվածության գործում Ռուսաստանի միջնորդական ջանքերը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների անհեռատես եւ անզգույշ հայտարարությունները բացասական արձագանք առաջացրեցին հայ հասարակության շրջանում»,- ընդգծել է պարոն Նահապետյանը եւ հավելել, որ խաղաղության, կայունության, տարածաշրջանային անվտանգության գերակայության կարեւորագույն նախադրյալներից է ռազմական հավասարակշռության պահպանումը: Նշվել է, որ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ հավասարակշռության աննշան խախտումն իսկ կարող է ծանր հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար: Բանախոսն ընդգծել է, որ Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ դրանով իսկ? ամբողջապես այս կազմակերպության համար: Հարավային Կովկասում առկա մարտահրավերների համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Նա կարեւորել է համատեղ ձեռնարկությունների բացման, գիտահետազոտական ու նորարարական նախագծերի իրականացման միջոցով ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Կորյուն Նահապետյանն անդրադարձել է նաեւ միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ այլատյացության դրսեւորումների աճին, ինչը լրջագույն մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար եւ կարեւորել այդ հարցում համակարգված նոր գործողությունների իրականացումը: Նա հավելել է, որ բազմաթիվ են վկայությունները, որ ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպություններին ֆինանսավորում եւ հովանավորում են մի շարք պետություններ, այդ թվում նաեւ՝ Թուրքիան:

ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը, ողջույնի խոսքում բարձր գնահատելով բարեկամ Հայաստանի հետ երկխոսության շարունակականությունը, նշել է, որ երկու երկրների միջեւ արդյունավետ զարգանում են երկկողմ կապերը տարբեր ոլորտներում: Նրա գնահատմամբ՝ համագործակցության նման ձեւաչափը խորհրդարանական կապերի ամրապնդման առհավատչյա է: Պարոն Չեկալինն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին ԱՊՀ տարածքում անկյունաքարային պետություն է համարում եւ հավելել, որ այսօրվա հանդիպումն արդյունավետ ազդակ կհաղորդի հետագա ավելի լայնածավալ համագործակցության համար:

Առաջին նիստում, որը նախագահել է Կորյուն Նահապետյանը, քննարկվել է «Ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում» թեման:

«Հարավային Կովկասում քաղաքական իրավիճակի զարգացումները. մարտահրավերներ եւ սպառնալիքներ» թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության խորհրդական Գուրգեն Հովհաննիսյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Վասիլեւը եւ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Գուրգեն Հովհաննիսյանը խոսել է ԼՂ հակամարտության եւ վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին:

Ալեքսանդր Վասիլեւը տեղեկատվական անվտանգության հարցերին է անդրադարձել՝ նշելով, որ դժվար է գործել իրական տեղեկատվական «պատերազմի» պայմաններում: Պարոն Վասիլեւն անդրադարձել է վերջին օրերին ԶԼՄ-ներում եւ հայ հանրության շրջանում նկատվող հակառուսական ալիքին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում: Նա կարեւորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը եւ կողմերի հաշտեցումը:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում արձանագրված դեպքերի հետեւանքով տարածաշրջանում կտրուկ ավելացել են ռիսկերը: Պարոն Իսկանդարյանն ընդգծել է, որ Ադրբեջանի քայլերը նորություն չէին հայկական կողմի համար. վերջին օրերին արձանագրվել է էսկալացիայի աճ, ինչը խիստ վտանգավոր է: Նա եւս անդրադարձել է տեղեկատվական անվտանգության խնդիրներին, տարածաշրջանի երկրներին սպառազինելու ծավալներին եւ դրա վտանգներին:

Այնուհետեւ Ալեքսանդր Չեկալինի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համատեքստում» թեման:

Թեմայի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Սերգեյ Աբրահամյանը: Նա ներկայացրել է երկկողմ ռազմական եւ տեխնիկական համագործակցության իրավապայմանագրային հիմքերը, անդրադարձել պաշտպանության ոլորտում առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերին: Պարոն Աբրահամյանը եւս նիստի մասնակիցներին ներկայացրել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիան եւ դրա հետեւանքները:

ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդի ավագ օգնական Անդրեյ Բերյոզկինը խոսել է հայ սպաների եւ ժամկետային զինծառայողների ուսուցումը ՌԴ ռազմական հաստատություններում անցկացնելու, զինված ուժերի պատրաստման գործընթացի կազմակերպման մասին:

Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանի հրամանատար Վլադիմիր Ուստինովն էլ նշել է, որ երկկողմ ռազմական համագործակցությունն իրականանում է բնականոն հունով՝ նպատակ ունենալով տարածաշրջանում ապահովել փոխըմբռնում, կայունություն եւ խաղաղություն: Նշվել է, որ իրականացվում են մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում, փորձի փոխանակումներ:

Քննարկումների ընթացքում խորհրդարանականներն անդրադարձել են հայ-ռուսական ռազմական համագործակցության ընդլայնմանը, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում եւ այլ կառույցներում համատեղ գործունեությունն ակտիվացնելուն, Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը միտված քայլերին, ռազմական հավասարակշռության խնդիրներին, տարածաշրջանային սպառնալիքներին եւ դրանց չեզոքացման ուղիներին, հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման աշխատանքներին, ռազմական կրթության կազմակերպմանը եւ այլ հարցերի: Կողմերը երկուստեք համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: Հայ պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ եւ փաստել, որ տարածաշրջանային անվտանգության համար սպառնալիք է հանդիսանում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը: Նշվել է, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը չի կարող իրականացվել Հայաստանի կամ Արցախի անվտանգության հաշվին:

Երկրորդ նիստի քննարկման առանցքում է եղել «Ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության ոլորտներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության հետագա խորացման գործում խորհրդարանական աջակցությունը. նոր հնարավորությունները ԵԱՏՄ շրջանակներում» թեման: Նիստում նախագահել է Ալեքսանդր Չեկալինը:

Թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Սերգեյ Աբրահամյանը, ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Բայիր Ժամսուեւը եւ Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանի հրամանատար Վլադիմիր Ուստինովը:

Զեկուցողներն անդրադարձել են ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության մեխանիզմներին, միջկառավարական հանձնաժողովի շրջանակում կատարված քայլերին, ռազմական համագործակցությանը վերաբերող երկկողմ պայմանագրերի վավերացմանը, ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, սպառազինությունների ու զինտեխնիկայի թարմացմանն ու վերանորոգմանը եւ այլ հարցերի:

Երրորդ նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվել է «Միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ այլատյացության դրսեւումներին հակազդեցությունը» թեման: ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պաշտպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ Սամվել Հարությունյանը, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Սմիրնովը եւ «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը վերոնշյալ թեմայի շուրջ ներկայացրել են իրենց դիտարկումները: Զեկուցողները խոսել են ահաբեկչական խմբավորումների գործունեության վտանգների, կրոնական անհանդուրժողականության մասին, անդրադարձել Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին, դրանց՝ տարածաշրջան ներթափանցելու հնարավորությանը եւ այդ ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ քայլերին, ահաբեկչության, ծայրահեղականության եւ այլատյացության դեմ պայքարում օրենսդրական կարգավորումներին եւ կարեւորել համատեղ գործնական պայքարը միջազգային այդ չարիքի դեմ:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Ալեքսանդր Չեկալինը կարեւորել է նիստի աշխատանքը եւ հետագա համագործակցությունը, օրենսդրության հարցում փորձի փոխանակումները:

Ամփոփիչ խոսքում Կորյուն Նահապետյանը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին արդյունավետ քննարկումների համար: Նա ընդգծել է, որ տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր երկրները պետք է մտահոգված լինեն տարածաշրջանում ստեղծված իրավիճակով: Պարոն Նահապետյանի գնահատմամբ՝ որպես ռազմավարական դաշնակիցներ եւ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանականներ՝ հայ եւ ռուս պատգամավորները պետք է առավել շրջահայաց լինեն գործընկեր երկրների անվտանգությանը սպառնացող միջպետական պայմանագրերը վավերացնելիս: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:

Նա համոզմունք է հայտնել, որ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական խորհրդարանական երկխոսության խորացումը նոր որակ կհաղորդի այս ուղղություններով իրականացվող աշխատանքներին: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում համատեղ հայտարարություն ընդունելու մտադրություն կա:

Համատեղ նիստի ավարտից հետո նիստի համանախագահողներ Կորյուն Նահապետյանը եւ Ալեքսանդր Չեկալինը պատասխանել են լրագրողների հարցերին:


15.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի հետ
Լեհաստան կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի հետ ունեցած առանձնազրույցում մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքները: Մասնավորապես փաստվել է, որ Ադրբեջանի գոր...

15.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լեհաստանի Սենատի եւ Սեյմի նախագահների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան- Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Է...

15.04.2016
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Լեհաստանում հանդիպել է Սեյմի փոխնախագահի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ապրիլի 14-ին Պոզնան քաղաքում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ: Ողջունելով հյուրերին՝ Սեյմի փոխն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am