National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
06.04.2016
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Ապրիլի 6-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երեկվանից պահպանվում է հարաբերական անդորրը: Ձախողվել է ադրբեջանական ագրեսորների հարձակումը եւ այժմ բոլոր բնակավայրերը գտնվում են ԼՂՀ վերահսկողության ներքո: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ԼՂՀ պաշտպանության բանակը, ինչպես նաեւ հայ ժողովուրդն են հակառակորդին պարտադրել այս իրավիճակն ու խաղաղությունը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ նշված փաստն արդյունք է հայ ժողովրդի միասնության եւ միասնական պայքարի:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են երկրորդ ընթերցմամբ քննարկել «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Ելույթ է ունեցել պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը եւ իր դիտողությունները ներկայացրել նախագծի բովանդակության վերաբերյալ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն անդրադարձել են հնչեցված քննադատությանը եւ տվել պարզաբանումներ:

Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է փաթեթի մշակման նպատակները եւ պարզաբանել, որ պրոբացիան արդարադատություն իրականացնելու այլընտրանքային մեխանիզմ է, որն ուղղված է այլընտրանքային պատիժների իրականացմանը: Մասնավորապես նշվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմում գործում է այլընտրանքային պատիժներ իրականացնող ստորաբաժանում, որն իրականացնում է պրոբացիայի ծառայության գործառույթներ: Պրոբացիայի նորմալ իրականացման դեպքում, ըստ նախարարի, նվազում են կրկնահանցագործությունները, պատիժ կրող քաղաքացին չի կտրվում հասարակությունից եւ ապահովվում է նրա վերասոցիալականացումը: Պրոբացիայի խնդիրներն են՝ քրեական վարույթի ընթացքում օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորման իրականացումը՝ գնահատելով ռիսկերը եւ հաշվի առնելով պրոբացիայի ծառայության շահառուի կարիքները, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցների տրամադրումը: Նախատեսվում է նաեւ պատիժը պայմանականորեն չկիրառելու հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված, հղի կանանց, մինչ երեք տարեկան երեխա ունեցող կամ պատժի կրումը հետաձգված կամ պատժի կրումից ազատված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը:

Փաթեթի վերաբերյալ իրենց դրական տեսակետներն են ներկայացրել պատգամավորներ Լեւոն Դոխոլյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը:

Եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող Լեւոն Մարտիրոսյանը եւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 21 մլն ԱՄՆ դոլար վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից արտոնյալ ժամկետը 14,5 տարի է, տարեկան տոկոսադրույքը՝ 1,78 տոկոս: Ծրագրի նպատակը հանրային ֆինանսական հածվետվությունների որակի եւ ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավումն է: Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել Գագիկ Մինասյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը եւս համաձայնագրին տվել է դրական եզրակացություն:

Համաձայնագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները: Միքայել Մելքումյանը, Արամ Մանուկյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, Հեղինե Բիշարյանն անդրադարձել են վարկային համաձայնագրի արդյունավետությանը, վերահսկողությանը, քաղծառայողների վերապատրաստմանը, պետական ծառայությունների որակի բարձրացմանը, մեր երկրում ներդրումների նվազմանը:

Այնուհետեւ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրինագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ առաջարկներ են ներկայացրել Աժ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Արամ Մանուկյանը, որոնք ընդունվել են:

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ մինասյանը տեղեկացրել է, որ փաթեթը երկրորդ ընթերցման քննարկման փուլում համալրվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով:

Առաջին ընթերցմամբ ներկայացնելով երկու նոր նախագծերը՝ Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ նախագծերով առաջարկվում է տեսչական մարմնի ղեկավարի վարձատրությունը հավասարեցնել կառավարման ոլորտում գործող պետական մարմնի վարձատրության մեծությանը եւ սահմանել տեսչական մարմինների կառավարման առանձնահատկությունները:

Այնուհետեւ փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Վերջին նիստումՀՀ կառավարության անդամները «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն պատասխանել են պատգամավորների հարցերին:


06.04.2016
Բաց դաս Ազգային ժողովում
Ապրիլի 6-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները: Աշակերտները ներկա են գտնվել Ազգային ժողովի նիստին, ապա մասնակցել են բաց դասի, որը վարել է Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զորյանը, ով երեխաներին հանգամանալից ներկայացրել է խորհրդարանի ...

06.04.2016
ՀՀ Ազգային ժողովը 2016 թ. առաջին եռամսյակում ստացել է 828 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2016 թ. առաջին եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքաց...

06.04.2016
Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը զորակցական նամակ է հղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը նախօրեին զորակցական նամակ է հղել Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Չեխ խորհրդարանականը խոր ցավով է նշել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության անն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am