Տպել
14.03.2016
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 4

Մարտի 14-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը եւ պատգամավոր Աղվան Վարդանյանը հանդիպել են Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացումը, հյուրերի խնդրանքով անդրադարձել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաեւ` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի գործառույթներին եւ երկու միությունների միջեւ համագործակցության հնարավորությանը, Հայաստանի հետ գործարար կապերի զարգացման անհրաժեշտությանը՝ նկատի ունենալով ԵՏՄ-ում ՀՀ ակտիվ դերակատարությունը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից՝ Արտակ Զաքարյանը կարեւորել եւ բարձր է գնահատել Մինսկի խմբի դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: «Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտությունը բանակցային եւ խաղաղ ճանապարհով լուծելու իր համոզմունքին»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականներն անդրադարձել են նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումներին եւ դրա ազդեցությանը ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության վրա, քննարկել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները եւ խոսել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի մասին:

Ֆլանդրիայի խորհրդարանի փոխնախագահ Կարլ Վենլաուվեն, պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, խոսել մի շարք ոլորտներում համատեղ իրականացվելիք ծրագրերից: Ողջունելով խաղաղ ճանապարհով ԼՂ հակամարտությունը կարգավորելու հայկական կողմի դիրքորոշումը` պարոն Վենլաուվեն համոզմունք է հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա նաեւ տարածաշրջանի վրա:

Անդրադարձ է կատարվել նաեւ Սիրիայի փախստականների հիմնախնդիրներին, Թուրքիա-Եվրամիություն համագործակցության հնարավորություններին:

Նշենք, որ Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությունն այցելելու է Լեռնային Ղարաբաղ: Պատվիրակությանն ուղեկցում են Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը:

Հանդիպման ավարտին պատգամավորները պայմանավորվել են այցի ավարտից հետո նորից հանդիպել, քննարկել արդյունքներն ու կիսվել Արցախ կատարած այցելության տպավորություններով:


14.03.2016
Մեկնարկել են ԱԺ հերթական քառօրյա նիստերը
Մարտի 14-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն, ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածու Կարեն Շախմուրադյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:...

14.03.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 14-ին ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը, որը Հայաստան այցից հետո լինելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-բելգիական եւ հայ-ֆլանդրիակա...

14.03.2016
Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատեւ արձակուրդում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատեւ արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաեւ բժշկական հետազոտություն: Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազան...