Տպել
11.03.2016
ԱԺ մշտական հանձնաժողովները հերթական նիստեր են գումարել
1 / 3

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը :

Նրա տեղեկացմամբ՝ փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Մասնավորապես, Հայաստանի մշակույթի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությանը:

Օրենսդրական ներդաշնակեցոււմն ապահովելու նպատակով, ըստ մշակույթի փոխնախարարի, մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արտահանաման կամ ժամանակավոր արտահանման վկայագրի փոխարեն այսուհետ տրամադրվելու է եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հստակեցվել է նաեւ լիազոր մարմնի գործառույթը, որով նախատեսվում է հաստատել սահմանափակումների ենթակա արտահանման կամ ժամանակավոր արտահանման մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների ցանկը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրել է Վարդան Այվազյանի եւ Գարեգին Նուշիկյանի հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նա տեղեկացրել է, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ տարածքից Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: ԵՏՄ-ն, հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է ապրանքների, ռեսուրսների եւ կապիտալի ազատ տեղաշարժ, որն ամրագրված է նաեւ ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում: Այս տեսանկյունից, ըստ Այվազյանի, Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը հակասում է այդ սկզբունքին, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է: Ուստի, Վարդան Այվազյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է վերացնել այդ հակասությունը եւ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք: Հանձնաժողովի որոշմամբ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Օրենքների նախագծերի փաթեթներն ստացել են դրական եզրակացություն եւ կընդգրկվեն ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

Մարտի 11-ին Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ կառավարության հեղինակած երկու օրինագծեր:

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է հստակեցնել օրենսգրքում առկա հակասությունները եւ պարզեցնել հողերի օտարման գործընթացը, մասնավորապես՝ կայացած համարել 1 գնորդով աճուրդը կամ մրցույթը: Առաջարկվում է կրճատել նաեւ համայնքի ղեկավարի կողմից հողերը լիազոր մարմնի հայտի ստացման պահից օգտագործման տալու չհիմնավորված ժամկետը՝ մեկ ամսից իջեցնելով 15 օր: Ըստ Արմեն Եղիազարյանի՝ առաջարկվող օրենսդրական կարգավորումը քաղաքացիների եւ գործարարների համար առաջարկելու է առավել կարգավորված եւ հստակեցված գործընթացներ, որոնց ընթացքում կպաշտպանվեն նրանց իրավունքները:

Պատգամավորները բարձրացրել են հողային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, պատգամավորներին հետաքրքրում էր, թե ինչ է լինելու օտարվող հողի օգտագործման վերաբերյալ պայմանագիր ունեցողի հետ, ինչ հեռանկար են ունենալու այն հողերը, որոնք ունեն սեփականատերեր, սակայն տարիներով մնում են անմշակ: Առաջարկ եղավ որոշակիորեն բարձրացնել այդպիսի՝ չմշակվող հողերի հարկը:

Նախագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արմեն Եղիազարյանի խոսքով՝ առաջարկվում է ներդնել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան, ինչպես նաեւ սերտեֆիկացման մարմին՝ օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների կողմից հավատարմագրված կազմակերպություն:

Օրենքների նախագծերն ստացել են դրական եզրակացություն եւ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ մարտի 14-17-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը հաստատել է նաեւ 2016 թվականի փետրվար-հունիս ամիսներին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից ՀՀ քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկել է «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Փաթեթի հիմնական նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել մայրաքաղաքի զարգացման ընթացքում Երեւանի փոքր կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության, կառուցապատման, գեղագիտական միջավայրի կատարելագործման, առողջ եւ գրավիչ կենսամիջավայրի ձեւավորման ապահովումը: Նարեկ Սարգսյանի խոսքով՝ օրենքների նախագծերով մասնավորապես առաջարկվում է «Փոքր կենտրոնի» եւ դրա անմիջական ազդեցության գոտու սահմաններում ընդգրկված տարածքն առանձնացնել որպես ազգային կարեւորություն ունեցող հատուկ եւ լրացուցիչ պայմաններով կառուցապատվող տարածք, որի սահմանագծերը հաստատելու է կառավարությունը: Քաղաքաշինության նախարարի դիտարկմամբ՝ փաթեթով ակնկալվում է քաղաքի ճարտարապետական կերպարի միասնականության եւ գեղագիտական բարձր որակի ապահովումը: Նարեկ Սարգսյանը մանրամասն անդրադարձել է նաեւ փաթեթով կարգավորվող «Փոքր կենտրոնի» կառուցապատման պայմանների իրավական կարգավորմանը, կառուցապատման ենթագոտիներին, ճարտարապետաշինարարական նախագծերին, կառուցապատման խտության կարգավորմանը եւ այլ հարցերի:

Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի միայն Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում, քանի որ, ըստ հանձնաժողովի անդամների, փաթեթում կան խնդրահարույց դրույթներ, որոնք անհրաժեշտ է մեկ անգամ եւս քննարկել:



28.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...

28.03.2024
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մարտի 28-ին` ժամը 15:30-ին, 214 սրահում:Մարտի 28-ին` ժամը 13:00-ին, 314 սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...