Տպել
23.02.2016
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արման Թաթոյանը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 23-ին շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ: Ալեքսանդր Արզումանյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին՝ լավ աշխատանքի համար: Նա դրական է արտահայտվել ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի վերաբերյալ եւ նշել, որ կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը: Հեղինե Բիշարյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին, դրական կարծիք հայտնել ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ, որը ձեւավորվել է «Օրինաց երկիր» խմբացությունում նրա հետ ունեցած հանդիպումից հետո: Արամ Մանուկյանը խոսել է մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից, մշակութային եւ պատմական արժեքների պաշտպանության հարցերից եւ այս համատեքստում կարեւորել ՀԱԿ խմբակցության ներկայացրած մշակութային արժեքների ցուցակի հաստատման վերաբերյալ օրենքի ընդունումը: Ռուբիկ Հակոբյանը ողջունել է ՄԻՊ թեկնածուի ընտրության շահագրգիռ քննարկումը, խոսել նոր Պաշտպանին մեծ լեգիտիմությամբ օժտելու եւ համակարգի կայացման անհրաժեշտությունից, անդրադարձել նախկին ՄԻՊ-երի գործունեության ընթացքում համակարգի կայացման խոչընդոտներին: Իշխան Խաչատրյանը, խոսելով ՄԻՊ –ի գործունեությունից՝ կարեւորել է իրավապաշտպան համակարգի հզորացումն ու մարդու իրավունքների իրական պաշտպանությունը: Այս համատեքստում նա անհրաժեշտ է համարել ՄԻՊ գրասենյակի մասնաճյուղեր հիմնել հանրապետության բոլոր մարզերում: Լեւոն Դոխոլյանն անդրադարձել է ՄԻՊ-ի տարեկան զեկույցներում արձանագրված խախտումերին եւ չարաշահումներին՝ նշելով, որ դրանց անհետեւանք մնալը մեծացնում է հանրության անվստանությունը : Նա եւս կարեւորել է բոլոր մարզերում ՄԻՊ գրասենյակի մասնաճյուղերի հիմնումը: Թեւան Պողոսյանը դրական է արտահայտվել Արման Թաթոյանի թեկնածության վերաբերյալ, սակայն նշել, որ կողմ չի քվեարկելու, քանի որ նախապես պաշտպանել է այլ անձի թեկնածությունը: Նա անդրադարձել է ՄԻՊ –ի տարեկան զեկույցներում արձանագրված խախտումներին եւ դրանց անհետեւանք մնալուն, անհրաժեշտ համարել ՄԻՊ ինստիտուտի վերաբերյալ նոր օրենքի ընդունումը:

ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը հայտնել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Կարեւորելով ՄԻՊ ինստիտուտը՝ նա նշել է, որ իր ղեկավարած խմբակցությունը մշտապես աջակցել եւ աջակցելու է Մարդու իրավունքների պաշտպանին: Խմբակցության ղեկավարը խոսել է մարդու իրավունքների՝ մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, բազմազավակ ընտանիքների պաշտպանության խնդիրներից: Այս կապակցությամբ նա անդրադարձել է խմբակցության օրենսդրական գործունեությանը, ապա տեղեկացրել, որ «Օրինաց երկիր» խմբակցության անդամները կքվեարկեն ազատ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել Է Արծվիկ Մինասյանը: Նա տեղեկացրել է, որ ՄԻՊ թեկնածուի հետ հանդիպում է եղել խմբակցությունում եւ տարբեր հարցերի քննարկման արդյունքում փարատվել են հիմնական մտահոգությունները : Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Արման Թաթոյանն իր հայեցակարգային մոտեցումներով համապատասխանում է ՄԻՊ-ի վերաբերյալ ՀՅԴ պատկերացումներին: Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ խմբակցությունը, գնահատելով Արման Թաթոյանի պրոֆեսիոնալիզմը՝ կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա անդրադարձել է ՄԻՊ ընտրության գործընթացին՝ կարծիք հայտնելով, որ այն ի սկզբանե կանխորոշված է: Լեւոն Զուրաբյանը եւս անդրադարձել է նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գործունեությանն ու նրա հրաժարականի դրդապատճառներին: Ըստ նրա՝ ՄԻՊ պաշտոնում աշխատելու համար բավարար չէ ունենալ մասնագիտական բարձր կարողություններ, քանի որ, ըստ նրա՝ ընտրվելու դեպքում ՄԻՊ-ը կաշկանդված է լինելու վերահսկողությամբ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է, որ խմբակցությունը քվեարկելու է ազատ: Հաջողություն մաղթելով թեկնածուին՝ նա նշել է, որ այն ժամանակ կարելի է խոսելՄԻՊ-ի աշխատանքի հաջողվածության մասին, երբ ՄԻՊ-ը կկարողանա աշխատել անաչառ՝ զերծ մնալով իշխանության եւ ընդդիմության տարբեր թեւերից գալիք ճնշումներից եւ նրանց շահերի պաշտպանությունից:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանն ընտրվելու պարագայում հանրությանը կապացուցի, որ իրոք լավ Պաշտպան է եւ արժանի է աշխատելու այդ կարեւոր պաշտոնում: Նա Արման Թաթոյանին հաջողություններ է մաղթել ապագա աշխատանքում եւ իրազեկել, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն անդրադարձել է գործընկերների ելույթներին եւ տարակուսանք հայտնել, որ որոշ ելույթներ պարզապես դուրս էին քննարկվող թեմայից: Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկման եւ կառուցողական առաջարկների համար:

ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար, անդրադարձել պատգամավորների բարձրացրած հարցերին եւ մտահոգություններին: Նա մեկ անգամ եւս պատրաստակամություն է հայտնել համագործակցել տարբեր մարմինների հետ՝ զերծ մնալով որեւէ կողմնորոշումից: Նա նշել է, որ ընտրվելու պարագայում կօգտագործի իր ողջ ներուժը՝ հասնելու համար իր առջեւ դրված խնդիրների լուծմանը եւ պաշտպանելու բոլորի իրավունքները:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրել է, որ խորհրդարանը գաղտնի քվեարկության արդյունքում 96 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ Արման Թաթոյանին ընտրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան: Պարոն Ավետիսյանն իրազեկել է նաեւ, որ քվեատուփում առկա 107 քվաթերթիկից անվավեր է ճանաչվել 4-ը:

Նորընտիր Մարդու իրավունքների պաշտպանը «ՄԻՊ մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնն ստանձնել է երդման արարողությամբ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Փոխնախարարը նշել է, որ լրացումներ կատարելու անհրաժեշտության պատճառն այն է, որ տեղական ընկերությունները բարդությունների առջեւ են կանգնում օբսիդիանի հանքաքարի օրինական` փաստաթղթավորված կերպով ձեռք բերելու հարցում, քանի որ օրինական գրանցված եւ աշխատող օբսիդիանի հանքավայրեր ներկայում չկան: Վերոնշյալ հարցի լուծման համար խոչընդոտ է հանդիսանում պետական տուրքի բարձր դրույքաչափը, ուստի գործադիրն առաջարկում է վանակատի (օբսիդիան) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար տարեկան 100.000 դրամի չափով տուրք սահմանել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարեւորել է կառավարության առաջարկը՝ նշելով, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Նա խոսել է օբսիդիանի հանքավայրի շահագործման խնդիրներից եւ առաջարկել համապատասխան լրամշակում կատարել նաեւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում:

ԱԺ պատգամավորները եւս իրենց կարծիքն են հայտնել օրենքի նախագծի վերաբերյալ: Խոսրով Հարությունյանը ողջունել է կառավարության քայլը՝ նշելով, որ առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն օբսիդիանի հանքավայրի շահագործման համար: Պարոն Հարությունյանը խոսել է «Պետական տուրքի մասին» օրենքի հայեցակարգային որոշ խնդիրների մասին: Պատգամավորը կողմ է քվեարկելու օրենքի նախագծի ընդունմանը: Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ոլորտի լիցենզավորման խնդրին, պետական տուրքի հետ միասին դեպոզիտի ներդրմանը եւ բնագավառի օրենսդրական որոշ բացերի: Միքայել Մելքումյանը նշել է, որ թերի լուծումներ են առաջարկվում եւ խոսել է լիցենզավորման նպատակահարմարությունից ու արդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներից: Նա պղնձաձուլարան ստեղծելու գաղափարն է առաջ քաշել: Հովհաննես Մարգարյանն անդրադարձել է ընդերքի շահագործման ոլորտի եւ հանքահումքային արտադրանքի խնդիրներին: Հեղինե Բիշարյանը ոլորտի խնդիրներին անդրադարձել է հանքարդյունաբերական քաղաքականության իրականացման համատեքստում: Նա խոսել է հանքերի վաճառքի խնդրից եւ նշել, որ շահագործման է ենթարկվում պետության ունեցվածքը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն օրենսդրական լրամշակման նպատակահարմարությանն անդրադարձել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականության համատեքստում: Նա կառավարությանն առաջարկել է օրենքի գործողության ժամկետային սահմանափակում դնել եւ խորհրդարանական վերահսկողություն սահմանել գործընթացի վրա:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը պատասխանել են պատգամավորների հարցադրումներին, մանրամասնել օրենքի նախագծի որոշ հիմնադրույթներ: Նշվել է, որ առաջարկները կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նածագիծը եւս առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էմիլ Տարասյանը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ օրենսդրությունը «Ապրանքների արտաքին առեւտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» համաձայնագրին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների եւ հավաստագրերի տրամադրման համար պետական տուրք գանձելու նպատակով: Առաջարկվում է ոչ սակագնային կարգավորումների համար ԵՏՄ տարածք երրորդ երկրներից ներմուծվող եւ ՀՀ-ից երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար սահմանել 1000 դրամ նվազագույն շեմ, որպեսզի լրացուցիչ բեռ չառաջանա տնտեսվարողների համար:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 24-ի ԱԺ նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:


23.02.2016
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կենսագրությունը
Փետրվարի 23-ին 96 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արման Թաթոյանը: Արման Թաթոյանը ծնվել է 1981թ. Երեւան քաղաքում: Մասնագիտական կրթությունը 1998թ. ընդունվել եւ 2002թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2002-2004թթ. սովոր...

23.02.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը, Կարեն Բեքարյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտաշես Գեղամյանը ընդունել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպա...