Տպել
17.02.2016
Խորհրդարանական լսումներ` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ
1 / 5

Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ հարցը: Խորհրդարանական լսումներին մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի քննարկումը, նշել է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» գործող օրենքը սահմանում է հասարակական կազմակերպության իրավական վիճակը, կարգավորում է նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները, սակայն կան որոշակի խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Էլինար Վարդանյանն ընդգծել է, որ քննարկվող նախագիծն էականորեն տարբերվում է գործող օրենքից: Ըստ նոր նախագծի` փոփոխման կենթարկվի ՀԿ-ների գրանցման բարդ գործընթացը եւ անդամների թվի վերաբերյալ դրույթը:

Օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նշել է, որ նախագիծը ՀՀ կառավարության եւ արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է իբրեւ հասարակական կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների ծրագիր: Նա հավելել է, որ հասարակական կազմակերպությունների ազատ եւ արդյունավետ գործունեության իրականացման համար պատշաճ պայմանների ստեղծումն իրապես պետք է համարվի պետության կարեւորագույն գերակայություններից մեկը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ փաթեթով հստակեցվում է հասարակական կազմակերպությունների դերը երկրի պետական եւ հասարակական կյանքում:

Նա նշել է, որ օրենսդրական փաթեթով ՀԿ-ներին ընձեռվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք՝ նրանց տրամադրելով ֆինանսական կայունությունն ապահովող արդյունավետ գործիքներ, պարզեցվում եւ հստակեցվում է ՀԿ-ների պետական գրանցման վարչարարությունը` գրանցվող կազմակերպություններին ազատելով ավելորդ գործընթացներից:

Փոխնախարարը հավելել է նաեւ, որ փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առավել թափանցիկ են դարձնելու ՀԿ-ների ծավալած գործունեությունը: Նա անդրադարձել է ՀԿ-ների ֆինանսական կայունությանը, կազմակերպաիրավական եւ կառավարման մեխանիզմներին, անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների ծավալած գործունեությանը, ՀԿ-ների աուդիտի պարտադրմանը, կամավորների օրինական աշխատանքին:

Անդրադառնալով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծում առկա կամավորների վերաբերյալ հոդվածին` փոխնախարարը հստակեցրել է, որ եթե կամավորների աշխատանքի տեւողությունը մեկ ամսվա մեջ գերազանցում է անընդմեջ 5 օրը, ապա կազմակերպությունը կամավորների հետ պետք է կնքի աշխատանքային պայմանագիր:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն իր զեկույցում անդրադարձել է ՀԿ-ների ֆինանսական կայունության հարցին, նրանց պարտականություններին եւ կամավորության ինստիտուտին:

Ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողներին, որոնք հիմնականում վերաբերում էին ստեղծվելիք լիազոր մարմնի հսկողական գործառույթներին, ՀԿ-ների ֆինանսավորմանը, ՀԿ-ների կողմից պետական խորհրդանիշների օգտագործմանը, կամավորներին եւ շահառուներին:

Ամփոփելով խորհրդարանական լսումների աշխատանքը` Էլինար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ փաթեթի շահագրգիռ քննարկման համար: