Տպել
25.01.2016
Ամփոփվել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի աշխատանքները
1 / 3

Հունվարի 25-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) անդամներ Աղվան Վարդանյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել հանձնաժողովի՝ հունվարի 20-21-ին Ստրասբուրգում կայացած 16-րդ նիստի աշխատանքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում եղել են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Դոխոլյանը:

Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝ նիստում հաղթահարվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա ճգնաժամը, որն առաջացել էր Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելու անակնկալ որոշումից հետո: Դրա վկայությունն է նաեւ, ըստ պատգամավորի, հանձնաժողովի նիստում ընդունված համատեղ եզրափակիչ հայտարարությունը: Նրա խոսքով՝ սա որակական տեղաշարժ է նաեւ այն առումով, որ վաղը ԵԽԽՎ նիստում անդրադարձ է կատարվելու հակահայ երկու բանաձեւերի, եւ դրա նախաշեմին այս հայտարարությունը Եվրոպայի կողմից արված դրական քայլ է:

Պարոն Վարդանյանն անդրադարձել է հայտարարության որոշ դրույթների, որոնք վերաբերել են մասնավորապես ԵՄ-ՀՀ բարձր մակարդակի հարաբերությունների մեկնարկին, հայաստանյան բարեփոխումների գործընթացի եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացմանն ուղղված Եվրոպական միության օժանդակությանը, Սահմանադրության փոփոխությունների դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեին, նոր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, սիրիացի փախստականներ ընդունելու՝ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերին, Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցի միջոցառումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը: Հայտարարության ամբողջական տեքստը տես այստեղ:

Ալեքսանդր Արզումանյանը կիսել է գործընկերոջ այն տեսակետը, ըստ որի՝ անվստահության մթնոլորտը եւ ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա սառնությունը հաղթահարված է: Նա նշել է, որ փաստաթղթում առկա ձեւակերպումները գոհացուցիչ են: Պատգամավորի խոսքով՝ պատվիրակությունն աշխատել է միահամուռ, փաստաթուղթն ընդունվել է առանց լուրջ տարաձայնության եւ գրեթե միաձայն:

Աղվան Վարդանյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը կարեւորել են հայտարարությունում տեղ գտած կոչը Եվրոպական միությանը՝ փոխանակման եւ շարժունակության ծրագրերում հակամարտության շրջաններից եկող ուսանողներին եւ ուսուցիչներին ընդգրկելու վերաբերյալ, ինչպիսին, օրինակ, Լեռնային Ղարաբաղն է: Նշվել է, որ առաջին անգամ է, որ նման փաստաթղթում ԼՂ մասնակցությունն ընդգծվում է:

Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:


25.01.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2016 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունվարի 23-30-ը Ստրասբուրգ են (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղվել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության...

25.01.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Հունվարի 25-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ կից մի շարք ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը : Հիմնական զեկուցող, ՀՀ ...

25.01.2016
Մամուլի ասուլիսի հրավեր
Հունվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն հանձնաժողովի՝ Ստրասբուրգում կայացած 16-րդ նիստի աշխատանքների վերաբերյալ:Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստի ավարտին ընդ...

25.01.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` հիմնադրման 10-ամյակի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամներին, ողջ աշխատակազմին ու երկրպագուներին՝ նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ: Երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագախումբն իր կարեւոր տեղն է զբաղեցնում Հայ...