Տպել
03.12.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Ողջունելով նորանշանակ դեսպանին` Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացումից՝ խորհրդարանի ղեկավարն այդ հարցում կարեւորել է Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ արդյունավետ համագործակցությունը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միության հետ համապարփակ համագործակցության խորացման հարցում Հայաստանի հանձնառությունը հաստատուն է: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է ԵՄ խորհրդի որոշումը՝ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատ տրամադրելու վերաբերյալ: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում մշակված Գործողությունների ծրագիրը կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համապարփակ փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւոր դերակատարություն ունի Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Պյոտր Սվիտալսկին, խոսելով Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների մասին, այդ համատեքստում կարեւորել է Հայաստանի արդյունավետ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ: Դեսպանն իր բազմաթիվ գործընկերներից տեղեկացել է, որ Հայաստան-Վենետիկի հանձնաժողով համագործակցությունը եղել է օրինակելի:

Դեսպանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի իշխանություններնիր ղեկավարած կառույցի հետ համագործակցում են հրապարակային եւ պատրաստակամ են զարգացնելու համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է.«Հայաստանի իշխանությունների հասանելիությունն ու երկխոսության մակարդակն ավելի բարձր է, քան մի շարք եվրոպական երկրներում»:

Պյոտր Սվիտալսկին խոսել է նաեւ եվրոպական երկրներ մուտքի արտոնագրի տրամադրման դյուրացման գործընթացի մասին՝ մասնավորապես նշելով, որ այս գործընթացից հետո անհրաժեշտ է անցում կատարել առանց մուտքի արտոնագրի ռեժիմի:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


03.12.2015
Կայացել է ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի նիստը
Դեկտեմբերի 3-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում կայացել է ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի նիստը, որը վարել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը: Նիստի քննարկման առանցքում եղել է «Հայ-չինական համագործակ...

03.12.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Եռօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության ղեկավարն ու անդամները Չեխիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողի...