Տպել
01.12.2015
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 2

Դեկտեմբերի 1-ին նիստեր են գումարել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները :

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը խոսել է ծրագրի կազմման սկզբունքներից՝ նշելով, որ թեմաները պլանովորվել են ըստ բյուջետային ծրագրերի՝ հաշվի առնելով առավել ռիսկայինները եւ կարեւորները: Պարոն Յոլյանը տեղեկացրել է, որ ծրագրում ընդգրկվել են ԱԺ պատգամավորների առաջարկները:

Հանձնաժողովը քվեարկությամբ հաստատել է ծրագիրը՝ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Այնուհետեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկատվություն է ներկայացրել 2015 թվականի պետական բյուջեի առաջին ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ: Խոսելով բյուջետային հիմնական ցուցանիշների վերաբերյալ՝ նշվել է, որ 2015 թվականի ինն ամսվա եկամուտների մասով կատարողականը կազմել է 94.4 տոկոս կամ պետական բյուջե է մուտքագրվել 853 մլրդ դրամ: Մասնավորապես ներքին աղբյուրների հաշվին պետական բյուջեն համալրվել է 838 մլրդ դրամի չափով: 2015 թվականի ինն ամսվա ծախսերը կազմել են 962 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 91.2 տոկոսը: Պարոն Ջանջուղազյանն անդրադարձել է նաեւ ծախսերի կառուցածքին՝ ըստ ուղղությունների:

2015 թվականի պետական բյուջեի առաջին ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը եւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հարկեր-ՀՆԱ հարաբերակցությանը, փոքր եւ միջին ձեռնարկություններին վերաբերող խնդիրներին, հարկային դաշտում լրացուցիչ արտոնությունների տրամադրման նպատակահարմարությունը եւ այլն:

Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի, Լեւոն Դոխոլյանի հեղինակած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հեղինակներն առաջարկում են արտասահմանում բուժում ստանալու հնարավորություն տալ բոլոր զինծառայողներին, ովքեր վնասվածք, խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն են ստացել՝ անկախ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու վայրից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» 2015 թ-ի հունիսի 18-ին ընդունված օրենքով արդեն իսկ օտարերկրյա պետություններում բուժում ստանալու հնարավորություն է ընձեռվել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին: Ուստի նախարարը տեղեկացրել է, որ, հաշվի առնելով այդ հանգամանքը եւ պետական բյուջեի հնարավորությունը, կառավարությունը համաձայնել է առայժմ այդ շրջանակն ընդարձակել միայն ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի գործողությունների հետեւանքով վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներով:

Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Պատգամավորները քննարկել են նաեւ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված` ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Հովհաննես Մարգարյանը:

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ավանդների փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիների մահվան դեպքում այդ իրավունքը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) փոխանցելու հանգամանքով` անկախ նրանից, թե փոխհատուցման ցուցակում հաշվառված, բայց մահացած ավանդատուի գումարը համապատասխան մարմին փոխանցվել է, թե ոչ: Կառավարության որոշմամբ, փոխհատուցման ցուցակում ներառված ավանդատուի մահվան դեպքում ժառանգը(ժառանգները) կարող են ստանալ փոխհատուցման գումարը միայն այն դեպքում, երբ այդ գումարը փոխանցվել է համապատասխան մարմին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ավանդների փոխհատուցումը, եւ 2006 թվականից արդեն իսկ 75.000 անձանց փոխհատուցվել է: Նախարարի խոսքով՝ նախագիծը չի նպաստի խնդրի կարգավորմանը: Նրա խոսքով՝ 2016 թվականի պետական բյուջեի հաստատումից հետո կարելի է խնդիրը լուծել կառավարության որոշմամբ:

Նախագծի համահեղինակ Հովհաննես Մարգարյանն առաջարկել է օրենքի նախագծի քննարկումը հետաձգել մինչեւ մեկ տարով:



01.12.2015
Կկայանա Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահի մամուլի ասուլիսը
Դեկտեմբերի 1-ին եռօրյա պաշտոնական այցով Երեւան կայցելի Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կամփոփվեն ԱԺ նախագահ Գալուս...