Տպել
27.11.2015
«Թուրքիան 100 տարում չի փոխվել». Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 26-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Էդուարդ Շարմազանովը մտահոգություն է հայտնել Թուրքիայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցման կապակցությամբ եւ մասնավորապես նշել. «Խոցել ահաբեկչության դեմ պայքարող ռազմական օդանավը՝ նշանակում է աջակցել ահաբեկիչներին: Նախորդ տարի Թուրքիայի փոքր եղբայր համարվող Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հրամանով հայկական ուղղաթիռի խոցումը հավանաբար Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ տպավորություն է ստեղծել, թե կարող են նման ծանրագույն հանցանքներն անպատիժ մնալ: Ինչպես գիտենք, աշխարհը փոխվում է, ձեւավորվում են քաղաքական նոր մոտեցումներ, նոր իրավիճակներ, եւ այդ ընթացքում Հայաստանն ապացուցել է, որ Ռուսաստանի դաշնակիցն է, որ ռուս ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է: Իսկ Թուրքիան, ցավոք, վերջին 100 տարում այդպես էլ չի փոխվել»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով բազմակողմ համագործակցության մասին՝ պարոն Շարմազանովը հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովն անընդունելի է համարում խորհրդարանականների նկատմամբ որեւէ պատժամիջոցի կիրառումը. այն որեւէ կերպ չի կարող տեղավորվել «պառլամենտ» եզրույթում: Էդուարդ Շարմազանովը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ Հայաստանը ողջունում է վերջին օրերին Դումայում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրենքի նախագծի ընդունումը, քանի որ, ինչպես նշել է նա, անցյալի ոճիրներին համարժեք գնահատական չտալը ծնում է նոր ոճիրներ, այդ թվում՝ ահաբեկչական գործողություններ, որոնց ականատեսն ենք այժմ:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ միջազգային հարթակներում Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար: Նա ընդգծել է, որ անցյալի մեղքերը, ոճիրներն ու հանցանքները պետք է դատապարտվեն ըստ արժանվույն, ինչը հնարավորություն կտա խուսափելու նման հանցանքների կրկնությունից: Ինչ վերաբերում է Թուրքիային, Սերգեյ Նարիշկինն իր խոսքում մասնավորապես նշել է. «Թուրքիան մեզ հարվածել է թիկունքից, ինչը հարիր է բացառապես վախկոտներին: Անշուշտ, կատարվածում մեղավոր է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը: Իսկ այդ ծանրագույն հանցագործության համար Թուրքիայի քաղաքական իշխանությունը դեռ զղջալու է»:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել 2016թ-ին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը Երեւանում անցկացնելու հայկական կողմի առաջարկի համար: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵՏՄ շրջանակում հետագա աշխատանքներին եւ վերահաստատել համատեղ աշխատանքի կարեւորությունը:


27.11.2015
Տեղի է ունեցել ԱԺ Երիտասարդական խորհրդարանի նիստը
Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը:Օրակարգը հաստատելուց հետո երիտասարդ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են Կարեն...

27.11.2015
ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը պարգեւատրվել է «Ակադեմիական արմավենի» շքանշանով
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում նոյեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանին ֆրանսիական մշակույթի տարածման գործում եւ ազգային կրթության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Ֆրանսիայի վարչապետի հրամանագրով շնորհվել է «Ակադեմիական արմավենի» շքանշանի ասպետի կոչում: Միջոցառմանը ներկա ե...

27.11.2015
Տեղեկատվություն
Նոյեմբերի 27-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: ...