National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
25.11.2015
Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է միջազգային համաժողովի եւ հանդես եկել ելույթով
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 25-ին մասնակցել է «Միջխորհրդարանական համագործակցության առաջնային ուղղությունները ՀԱՊԿ ձեւաչափում՝ ուղղված ներկա փուլում հավաքական եւ միջազգային անվտանգության ամրապնդմանը» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

«Հարգելի գործընկերներ,

Միջազգային իրադրությունը ՀԱՊԿ-ի շուրջ շարունակում է լարված մնալ: Պետք է նշեմ, որ այս ժամանակահատվածում նկատվել են թե՛ դրական, թե՛ բացասական միտումներ: Անկասկած, անցած ժամանակաշրջանում առանցքային դրական փոփոխությունն ընթացիկ տարվա հուլիսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումն էր:

Վերջին շրջանի իրադարձությունները հաստատում են տարատեսակ սպառնալիքների աճը: Նախ եւ առաջ, խոսքը գնում է ահաբեկչության սպառնալիքի մասին: Ահաբեկչությունն ամրապնդվում է քանակապես, գաղափարապես եւ ֆինանսապես` վճռորոշ դեր խաղալով տարածաշրջանային հարցերում: Ահաբեկչությունների շարքը, որոնք տեղի ունեցան վերջերս Եգիպտոսում, Լիբանանում եւ Փարիզում, դրա վառ վկայությունն են:

Հայերը վերջին տարիներին իրենց մաշկի վրա անմիջականորեն զգացել են ահաբեկչության բոլոր բացասական հետեւանքները: Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով հազարավոր սիրիահայեր ստիպված եղան արտագաղթել երկրից: «Իսլամական պետության» ահաբեկիչները պայթեցրեցին սիրիական Դեյր էզ-Զոր քաղաքի հայկական «Սրբոց Նահատակաց» եկեղեցին: Եկեղեցու պայթեցումը բարբարոսության դասական օրինակ է:

Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի ահաբեկիչների գործողություններին, կանգեցնի դրանց սնող ֆինանսական հոսքերը, արգելի երրորդ պետությունների տարածքների օգտագործումը միջսահմանային հարձակումների, օտարերկրյա զինյալների հավաքագրման եւ տարանցման համար:

Այստեղ ես կցանկանայի մի փոքր մանրամասն կանգ առնել, քանի որ ակնհայտ է մեր տարածաշրջանում որոշ պետությունների ոչ ադեկվատ արձագանքը ահաբեկչության դեմ պայքարում: Մեզ համար այն նորություն չէ. դեռեւս 90-ականների սկզբին Ադրբեջանի տարածքը վերածվել էր կենտրոնի, որտեղ ահաբեկիչ-մոջահեդները նախապատրաստում էին Կովկասի տարածաշրջանում իրականացվելիք իրենց գործողությունները: Այնտեղ բազմիցս ապաստան էին գտնում այնպիսի ահաբեկիչներ, ինչպիսիք էին Շամիլ Բասաեւը եւ նրա նմանները:

Հարգելի գործընկերներ,

Հարկ է նշել, որ սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց կիրառել ծանր հրետանի՝ պարբերաբար կրակահերթի տակ պահելով Հայաստանի Հանրապետության բնակավայրերը:

Վերջին ամիսներին ադրբեջանական հարձակումների զոհ են դարձել խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք: Ինչ անվանում կարելի է տալ այս քաղաքականությանը: Խաղաղ բնակիչների սպանությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն:

Ադրբեջանի սադրիչ քայլերի վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում ՀԱՊԿ-ի կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը կարող է հանգեցնել կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների վերսկսմանը:

Մենք կոչ ենք անում բոլորին հրաժարվել մեր տարածաշրջանում ուժի կիրառումից: Ինչպես ասում էին Հին Հռոմում, երբ շաչում է զենքը, լռում են օրենքները:

Մենք անթույլատրելի ենք համարում նախօրեին ահաբեկչության դեմ պայքարող ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից:

Միջազգային կազմակերպություններում մենք միշտ չէ, որ միանման ենք քվեարկում մեր երկրներից յուրաքանչյուրի համար կարեւոր հարցերի շուրջ: Մեզ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ հակազդելու տարատեսակ նախաձեռնություններին եւ քայլերին, որոնք հակասում են ՀԱՊԿ անդամ պետություններից մի քանիսի կամ նույնիսկ մեկի շահերը:

Վերջում կցանկանայի նշել, որ մենք նպատակադրված ենք ՀԱՊԿ գործընկերների հետ լուրջ փոխգործակցության՝ ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, մեր պետությունների պաշտպանունակության մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաեւ նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման:

Շնորհակալություն ուշադրության համար»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am