Տպել
23.11.2015
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած կարգով:

Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի նոյեմբերի 23-ին հրավիրված արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է արտահերթ նիստի յուրաքանչյուր օր` ժամը 11:00-ին, գումարել մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ` յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը սահմանելով կես ժամ:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ նախագահի ներկայացրած 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը: Սուրեն Կարայանը նշել է, որ արձանագրությունը սահմանում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների առանձին տեսակների ներմուծման եւ շրջանառության կարգավորման առանձնահատկությունները` կապված Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության անդամակցության հետ: Արձանագրության դրույթները վերաբերում են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ցանկում, եւ որոնց դեպքում Ղազախստանի Հանրապետության կողմից, ԱՀԿ-ի պարտավորություններին համապատասխան՝ կիրառվելու են ավելի ցածր մաքսատուրքեր:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկման է ներկայացրել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո պատգամավորներից ստացվել է տաս առաջարկ, եւ օրենքում ավելացել են երկու նոր հոդվածներ, որոնք վերաբերում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգի պարզեցմանը: Առաջարկվել էր նաեւ վերանայել որպես խնամքի իրավունք տրվող պայման սահմանող ծնողի եւ երեխային ՀՀ բնակչության պետական ռեգիստրում նույն վայրում հաշվառումը: Արտեմ Ասատրյանը նշել է, որ առաջարկները ընդունվել են, եւ փոփոխությամբ խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է, եթե ծնողը եւ երեխան, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջարկներ չեն եղել եւ այն փոփոխության չի ենթարկվել:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նախագծով առաջարկվում է զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողներին հնարավորություն ընձեռել անհրաժեշտ պայմաններ ապահովելու դեպքում հարկման նպատակով ընտրելու ընտանեկան ձեռնարկարկատիրության սուբյեկտի կարգավիճակ:

Վախթանգ Միրումյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որի նպատակը փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին աջակցելն է: Մասնավորապես, մեկ տարով՝ մինչեւ 2017 թվականը, երկարացվում է հսկիչ-դրամարկղային նոր մեքենաների տեղադրման ժամկետը :

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եւս առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխություններ չի կրել: Նախատեսվում է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների համար: Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել եւ այն դրական գնահատել պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Հովհաննես Մարգարյանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է նաեւ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի ներկայացմամբ: Նախագծով առաջարկվում է հստակեցնել օրենքում առկա անհստակությունները:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ պատգամավորների ներկայացրած առաջարկների մի մասն ընդունվել է:

Նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու բացասական տեսակետներն են ներկայացրել պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը եւ Արծվիկ Մինասյանը, ովքեր անհամաձայնություն են հայտնել փաթեթում առկա մի շարք ձեւակերպումների վերաբերյալ: Մասնավորապես, Արծվիկ Մինասյանի մտահոգությունը վերաբերվում էր համայնքների խոշորացման գործընթացին եւ այդ համայնքներում անցկացված հանրաքվեներին եւ դրանց ազդեցությանը:

Եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին եւ տվել պարզաբանումներ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նա պարզաբանել է, որ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ 2014 թվականի փետրվարի 14-ին ԱՄՀ-ին ներկայացված Մտադրությունների մասին նամակով ստանձնած պարտավորություններով եւ բխում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Գրավի ինստիտուտի բարեփոխումների եւ գրավի հետ կապված խնդիրների լուծման հայեցակարգից»: Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ նախագծերը նպատակ ունեն վերացնել գույքի գրավով ապահովված արժեթղթերի թողարկման իրավական խոչընդոտները եւ խրախուսել ազդագրի հիման վրա իրականացվող նման թողարկումները: Ակնկալվում է, որ փոփոխությունների ընդունման արդյունքում հնարավորինս կկանխվեն գրավադրված գույքի նկատմամբ դիտավորությամբ իրականացվող արարքները, որի արդյունքում կպաշտպանվեն հանրության, ֆինանսական կազմակերպությունների եւ մյուս գրավառուների շահերը:

Փաթեթի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Գագիկ Ջհանգիրյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը մտահոգություն են հայտնել փաթեթում կատարվող որոշ փոփոխությունների վերաբերյալ: Կառավարությանն առաջարկվել է հետ վերցնել փաթեթը՝ այն նախեւառաջ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու եւ լրամշակելու նպատակով: Արտակ Դավթյանի կարծիքով՝ փաթեթով առաջարկվում է բարելավել դաշտը, ավելացնել բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ մրցակցությունը, ինչը կարող է նպաստել վարկային տոկոսադրույքների իջեցմանը: Հովհաննես Սահակյանն անհրաժեշտ է համարել, որ առաջինից երկրորդ ընթերցում փաթեթը քննարկվի հանձնաժողովում:

Եզրափակիչ ելույթում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն անդրադարձել է ելույթներում հնչած մտահոգություններին եւ տվել է պարզաբանումներ: Հիմնական զեկուցողը խոսել է վարկային պայմանների թուլացումից, գրավի փոխանցման ազատականացումից: Նշվել է, որ փոփոխությունների արդյունքում բարձրանալու է քաղաքացիների վարկունակությունը եւ համակարգում մրցունակության արդյունքում հնարավոր է, որ կնվազեն վարկերի տոկոսադրույքները:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Եռամյա ծրագիրը բաղկացած է 6 մասից եւ ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ձեւավորման համար գործունեության ուղղությունները` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը եւ ծախսերի արդյունավետությունը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաեւ նախորդ տարիների եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից` միտված դրանց շարունակականության ապահովմանը:

Հարցի վերաբերյալ քննարկումը կշարունակվի նոյեմբերի 24-ի արտահերթ նիստում:


23.11.2015
Խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվել են նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման հարցերը
Նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, որը նախաձեռնել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը: Քննարկումների առանցքում «Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեման էր...