National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
23.11.2015
Խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվել են նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման հարցերը
1 / 5

Նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, որը նախաձեռնել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը: Քննարկումների առանցքում «Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեման էր: Խորհրդարանական լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ զորակոչի հետ կապված խնդիրները մեծ հետաքրքրություն են ներկայացնում հանրության համար, մասնավորապես այժմ, երբ սկսվել է 2015 թ. ձմեռային զորակոչը: Պարոն Նահապետյանն ընդգծել է, որ իր գլխավորած հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում է պատանիների նախազորակոչային պատրաստության գործընթացը՝ որպես զինված ուժերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման եւ որակական այլ չափանիշների բարելավման կարեւորագույն հիմնաքարերից մեկը: Նա այս հարցում կարեւորել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի արդյունավետ դասավանդման կազմակերպումը: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ հանձնաժողովն այցելել է Երեւանի մի շարք ավագ դպրոցներ: Պարոն Նահապետյանն ընդգծել է, որ ՆԶՊ առարկայի ուսումնական ծրագրերի եւ մեթոդաբանության կատարելագործման, նախազորակոչային պատրաստության նյութատեխնիկական բազայի համալրման, ավագ զինղեկների ինստիտուտի կայացման եւ կատարելագործման, զորամասերի եւ զինվորական ուսումնական հաստատությունների հետ կապերի ամրապնդման ուղղություններով աշխատանքները պետք է շարունակական լինեն: Նշվել է, որ հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում է նաեւ զորակոչի անցկացման եւ այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը զորակոչի կազմակերպման թափանցիկության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եւ այն առավել վերահսկելի դարձնելու առումով կարեւորել է տարեցտարի գրանցվող դրական առաջընթացը, ինչի արդյունքում նկատելի է հասարակութան վստահության առավել բարձր մակարդակ: Նշվել է, որ հանձնաժողովն այցեր է իրականացրել նաեւ ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան եւ հետեւել վիճակահանության ընթացքին:

Պարոն Նահապետյանն անդրադարձել է զորակոչիկների կանխարգելիչ պատվաստումների իրականացման ոլորտում դրական տեղաշարժին, գանգատներով հավաքակայան ներկայացած զինծառայողների բուժումը կամ հետազոտումը իրականացնելուն, զորակոչային տարիքի չկցագրված անձանց եւ զորակոչից խուսափողների խնդրին:

Կորյուն Նահապետյանը ոլորտի խնդիրների լուծման հարցում կարեւորել է փոխգործակցությունը բոլոր շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների միջեւ:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը մանրամասն ներկայացրել է 2015 թ. երկրորդ զորակոչի կազմակերպման եւ իրականացման գործընթացը, կատարման ցուցանիշները, արդյունքը եւ առաջիկա զորակոչին առնչվող խնդիրները: Նա նշել է, որ զորակոչի գործընթացն առավել բաց ու հրապարակային դարձնելու նպատակով զորակոչիկների ծնողները եւ ՀԿ ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել մասնակցելու վիճակահանությանը: Բոլոր մարզերում հանդիպումներ են կազմակերպվել զորակոչիկների հետ եւ նրանց հուզող խնդիրներին սպառիչ պատասխաններ են տրվել:

Պարոն Հակոբյանն անդրադարձել է զինակոչիկների՝ բուժզննում անցնելու գործընթացին առնչվող մտահոգիչ խնդիրներին՝ նշելով, որ դրանք մշտապես գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուշադրության կենտրոնում: Նրա խոսքով՝ հսկայական աշխատանք է իրականացվում զորակոչիկների բուժզննման, փորձաքննության, առողջական վիճակի ստուգման եւ հետագա բուժումների իրականացման համար, ստուգողական հետազոտություններ են իրականացվում նաեւ զինվորական հոսպիտալների կողմից: Համապատասխան քայլեր են իրականացվել ամառային զորակոչի ընթացքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Մովսես Հակոբյանն անդրադարձել է նաեւ զորակոչիկների կանխարգելիչ պատվաստումների վիճակագրությանը եւ զորակոչից խուսափողների խնդրին: Նշվել է, որ նախազորակոչային պատրաստության կազմակերպման եւ սպայական կազմի համալրման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ դպրոցների բարձր դասարանցիների եւ բուհերի ավարտական կուրսի ուսանողների համար սպաների մասնակցությամբ կազմակերպվել են դասընթացներ: Պարոն Հակոբյանը խոսել է նաեւ օրենսդրական բազայի համալրման խնդիրների մասին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն անդրադարձել է քննարկվող թեմայի հարցում կրթության ոլորտի անելիքներին, որն առնչվում է առարկայի դասավանդման բովանդակային ու գործառնական մասերին եւ բարոյահոգեբանական դաստիարակությանը: Կրթության որակի հարցում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումը դպրոցներում համարելով բավարար՝ պարոն Մկրտչյանն, այդուհանդերձ, կարծիք է հայտնել, որ առարկայի դասավանդման մեթոդաբանության գաղափարախոսության եւ փիլիսոփայության փոփոխման խնդիր կա: Պարոն Մկրտչյանի կարծիքով՝ առարկայի գաղափարախոսությունը պետք է ուղղված լինի աշակերտների կողմից մեր տարածքի ռելիեֆի եւ աշխարհագրության յուրացմանն ու ֆիզիկական պատրաստվածությանը: ՆԶՊ առարկան դասավանդող կադրերի ապահովման տեսակետից փոխնախարարը խնդիրներ չի տեսնում. նրա գնահատմամբ՝ խնդիրներ կան դասագրքերի մասով: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով դպրոցներին են կցվել տարբեր զորամասեր: Նրա գնահատմամբ՝ բարոյահոգեբանական դաստիարակության տեսակետից եւս դպրոցներում նպաստավոր պայմաններ են ստեղծված. տարբեր միջոցառումների հրավիրվում են պատերազմի մասնակիցներ, ինչը ոգեւորում է դպրոցականներին:

ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը մանրամասնել է, որ նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձինք ՀՀ բժշկական հաստատություններում պարտադիր բուժզննում անցնում են ՀՀ կառավարության որոշումների հիման վրա: Կազմվում է առողջության անձնագիր, որը հետագայում փոխանցվում է Կենտրոնական բժշկական հանձնաժողովին: Նշվել է, որ պատվաստումները եւս անցկացվում են հավուր պատշաճի: Պարոն Պողոսյանն իրազեկել է, որ բուժզննումն ու դրա արդյունքում հայտնաբերված հիվանդության բուժումն իրականացվում է պետական պատվերի շրջանակում: Մարզերում պետպատվերի շրջանակում գործող 12 վերանորոգված բուժկենտրոններ են աշխատում: Նա մտահոգիչ է համարել նախնական բուժզննման ժամանակ հիվանդության հայտնաբերումից հետո նախազորակոչիկների կողմից հետագա բուժումից հրաժարվելու խնդիրը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը պարզաբանել է հյուպատոսական հաշվառման կարգը՝ նշելով, որ գործող իրավապայմանագրային դաշտը հնարավորություն է տալիս նախարարությանը բավարար աշխատանք ծավալել:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանն իր ելույթում տեղեկացրել է, որ ՄԻՊ աշխատակազմը հայկական զինված ուժերի խնդիրներին առնչվող բազմաթիվ դիմումներ է ստանում, որոնց թվում գերակշռում են զինված ուժերը համալրող քաղաքացիների առողջությանը վերաբերող դիմումները: Մինչ ՀՀ ՊՆ-ից այդ դիմումների վերաբերյալ գրավոր հարցման պատասխան ստանալը, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելում են զինվորական հոսպիալներ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Նա կարծիք է հայտնել, որ զորակոչիկների առողջության փորձաքննությանը վերաբերող իրավական ակտերում կան որոշակի բացեր: Պարոն Գրիգորյանի գնահատմամբ՝ ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, վերլուծություններն ու դիմումների քննարկումները վկայում են, որ վերջին տարիներին զորակոչիկների առողջական վիճակի նկատմամբ ուշադրությունն ավելացել է: Նշելով, որ մարտունակ զինված ուժեր ունենալու կարեւոր նախապայման է զորակոչիկների եւ զինծառայողների առողջության ապահովման խնդիրը՝ ՄԻՊ տեղակալը հավաստիացրել է, որ Պաշտպանի աշխատակազմը պատրաստ է այս հարցում համագործակցել բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ:

ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը ներկայացրել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման նպատակներն ու խնդիրները հանրակրթական դպրոցներում եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Նշվել է, որ ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների կազմակերպման համատեքստում ուսումնական հաստատություններում կազմակերպվել են ոգեշնչման արարողություններ, դասախոսություններ, կոնֆերանսներ, ազգային-հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով զորակոչիկների այցեր են իրականացվել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ եւ թանգարան, Հայաստանի պատմության թանգարան, Ծիծեռնակաբերդ, սպաներն ակտիվ մասնակցել են կցագրված դպրոցների միջոցառումներին, հանրակրթական դպրոցներում անցկացվել են մեր երկրի մարտական եւ հերոսական էջերը ներկայացնող դասընթացներ: Բանախոսն անդրադարձել է ՆԶՊ առարկայի դասավադմանը՝ նշելով, որ առկա են նյութատեխնիկական բազայի համալրման խնդիրներ: Նա խոսել է նաեւ զորակոչիկների կցագրման եւ դպրոցականների շրջանում տարեկան բուժզննումների անցկացման խնդիրների, սպայական կոչում չունեցող զինղեկների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի իրականացման մասին եւ խնդիրների լուծման կոնկրետ առաջարկներ ներկայացրել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տեղեկացրել է, որ իրենք 2010 թվականից դիտարկում են զորակոչի գործընթացը եւ այդ ընթացքում մեծ թիվ են կազմում առողջական խնդիրների հետ կապված հարցումները: Նա կարծիք է հայտնել, որ հանրապետական զինկոմիսարիատը գլխավոր շտաբի ենթակայության ներքո չպետք է գտնվի. նա անդրադարձել է ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրման կարեւորությանը: Ընդգծելով, որ ոլորտում համակարգային մոտեցումներ են անհրաժեշտ՝ պարոն Սաքունցը բարձրացրել է զինծառայությունը գրավիչ դարձնելու, սպաների՝ բնակարանով ապահովվածության, նրանց աշխատավարձերի բարձրացման, սոցիալական ապահովվածության խնդիրները: Նրա գնահատմամբ՝ կրթության համակարգում իրավունքների եւ պարտականությունների իրազեկման ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն:

ԱԺ պատգամավորներն ու ոլորտի պատասխանատուները հարց ու պատասխանի ձեւաչափում անդրադարձել են Կենտրոնական բուժական հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, կանանց ու աղջիկների՝ բանակում ծառայելու խնդրին, ՆԶՊ առարկայի դասավանդման տեխնիկական հագեցվածության եւ գործնական պարապմունքների կազմակերպմանը, վարժասարքերի առկայությանը, ՆԶՊ դասընթացն առավել գրավիչ դարձնելուն ուղղված քայլերին, բանակում չծառայող արտերկրի մեր հայրենակիցների նկատմամբ նոր մոտեցումների կիրառմանը, ՆԶՊ առարկայի դասագրքում իրավունքների, պարտականությունների եւ խախտված իրավունքների պաշտպանությանը, բարոյահոգեբանական պատրաստությանը վերաբերող թեմաների ներառմանը, առարկայի դասավանդմանը նաեւ 12-րդ դասարանում, «Շանթ-2015» զորավարժությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, դպրոցականների՝ զորամասեր այցելելու նպատակահարմարությանը եւ այլ հարցերի: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի խնդիրներին, ձեռքբերումներին եւ հետագա քայլերին:

Ամփոփելով խորհրդարանական լսումների աշխատանքը՝ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին արժեքավոր զեկույցների եւ հարցադրումների համար: Նրա խոսքով՝ տարիների ընթացքում անընդհատ բարելավվում է զորակոչի կազմակերպման գործընթացը, այդուհանդերձ ոլորտում դեռեւս կան խնդիրներ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման ուղղություններով բարեփոխումները պետք է շարունակական լինեն եւ ուղղվեն զինված ուժերի համալրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Պարոն Նահապետյանի խոսքով՝ հարկավոր է առավել համակարգված աշխատանք իրականացնել միջգերատեսչական մակարդակում, վերահսկողական արդյունավետ մեխանիզմներ կիրառել զորակոչի գործընթացում: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովն ամփոփելու է լսումների աշխատանքը՝ հաշվի առնելով հնչած զեկույցները, մտահոգությունները եւ գաղափարները ու համապատասխան առաջարկություններ է ներկայացնելու լիազոր մարմիններին:


23.11.2015
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած կարգով: Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի նոյեմբերի 23-ին հրավիրված արտահերթ նիս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am