National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
20.11.2015
Խորհրդարանական լսումներ տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրների վերաբերյալ
1 / 7

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները» թեման: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության եւ ոլորտի պատասխանատու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ լսումները նպատակ ունեն անդրադառնալու Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական անվտանգության ապահովման իրավական, սոցիալական, տնտեսական, համակարգային եւ կազմակերպչական հիմքերին: Պարոն Նահապետյանի խոսքով՝ տեխնիկական անվտանգության բնագավառում տեխնածին վթարների եւ արտադրական պատահարների կանխարգելումը, այդ պատահարներից բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը, դրանց հետեւանքների վերացումը հանրության եւ խորհրդարանի ուշադրության կենտրոնում են: Նշվել է, որ վերջին տարիներին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը ծավալուն աշխատանքներ է իրականացրել արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման, ռեեստրի ձեւավորման եւ վարման, տեխնիկական կանոնակարգերի մշակման, ինչպես նաեւ կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ուղղությամբ: Անդրադառնալով տեխնիկական անվտանգության իրավակարգավորման խնդիրներին՝ պարոն Նահապետյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրած մի շարք միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության իրավական կանոնակարգման ուղղությամբ ստանձնել է որոշակի պարտավորություններ եւ դրանով պայմանավորված՝ անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել վերոնշյալ միջազգային պարտավորություններին: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ շարունակում է մտահոգիչ մնալ գազալցակայանների, վերելակների, ամբարձիչ կռունկների, կարուսելների տեխնիկական անվտանգության առկա վիճակը, արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման եւ սահմանված ժամկետներում փորձաքննությունների կազմակերպման գործընթացը: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է վերանայել արտադրական վտանգավոր օբյեկտերի շարքին դասվող տնտեսվարող սուբյեկտների ցանկը եւ հստակեցնել տեխնիկական անվտանգության փորձաքննությանը ներկայացվող պահանջները: Այս առումով, նրա խոսքով, հարկ է մեծ ուշադրություն դարձնել ինչպես վերահսկողական մեխանիզմների, այնպես էլ պատասխանատվության միջոցների կատարելագործմանը եւ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող անձինք գիտակցեն տեխնիկական անվտանգության փորձաքննության կարեւորությունը: Միաժամանակ, շատ կարեւոր է քայլեր ձեռնարկել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտներում աշխատող անձանց, ինչպես նաեւ այդ օբյեկտներում գտնվող այլ քաղաքացիների կյանքին, առողջությանը եւ գույքին պատճառված վնասների ապահովագրման ինստիտուտի ամբողջական ներդրման ուղղությամբ:

Ավարտելով խոսքը՝ Կորյուն Նահապետյանը հույս է հայտնել, որ այսօրվա խորհրդարանական լսումները որպես հարթակ կծառայեն շահագրգիռ բոլոր կողմերի մոտեցումների ու դիրքորոշումների ներկայացման եւ կարծիքների փոխանակման համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն իր ելույթի սկզբում նախ ներկայացրել է նախարարության գործունեությունը, անցած ուղին եւ ձեռքբերումները, ապա նշել, որ նախարարությունը տեխնիկական անվտանգության ոլորտի լիազոր մարմին է դարձել 2008 թ. օգոստոսի 21-ի որոշման հիման վրա: Տեխնիկական անվտանգության համակարգի բաղադրիչ են համարվում ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը, ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի հավատարմագրման եւ լիցենզավորման գործակալությունը, փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունները: Պարոն Մխիթարյանը մանրամասն ներկայացրել է այդ կառույցների իրականացրած աշխատանքը եւ գործառույթները տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ պայմանավորված՝ հաջորդ տարվանից ՀՀ-ում գործելու են տեխնիկական անվտանգության ոլորտում ԵԱՏՄ-ի նոր գներ եւ այդ առումով ներկայացվելու է օրենսդրական փոփոխություններ նախատեսող առաջարկ:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի գործառույթները. դրանք են՝ տեխնիկական հարցերով զբաղվող անձնակազմի ուսուցում, որակավորում, կանոնակարգերի մշակում, տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացում, զննում, փորձարկում, դիագնոստիկա: Այդ գործառույթներն ուղղված են կանխարգելելու տեխնածին, հասարակությանը եւ տնտեսությանը վնաս պատճառող վթարները: Պարոն Պետրոսյանը նշել է, որ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գործունեության արդյունքում մահացու ելքով դեպքերը գրեթե 5 անգամ պակասել են: Նա անդրադարձել է ոլորտի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությանը: Ներկայացվել է փորձաքննություն անցկացնելու ընթացակարգը. կենտրոնը տնտեսվարող սուբյեկտից ստանում է գրություն դժբախտ դեպքի վերաբերյալ, կենտրոնի տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որը 4 օրվա ընթացքում անցկացնում է փորձաքննություն եւ տալիս է եզրակացություն, այնուհետեւ, որոշակի ընթացակարգ անցնելուց հետո, որոշում է կայացվում: Պարոն Պետրոսյանը խոսել է նաեւ տեխնիկական անձնակազմի եւ փորձագետների որակավորման ու ուսուցման խնդրի մասին:

«Համատիրությունների նախագահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արամ Գրիգորյանը մասնավորապես անդրադարձել է արտադրական վտանգ ներկայացնող օբյեկտների՝ շենքերի վերելակների անվտանգ շահագործմանը, ենթաօրենսդրական կարգավորում պահանջող խնդիրներին, վերելակների շահագործման համար համապատասխան ընթացակարգերի սահմանմանը: Նա առաջարկել է համատիրությունների ու բնակիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում փորձել գտնել խնդրի լուծումը:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գնահատմամբ՝ խնդիրն արդիական է եւ հրատապ: Նա նշել է, որ ոլորտի խնդիրների լուծման հարցում անելիք ունեն եւ օրենսդիր ու գործադիր մարմինները, եւ ՏԻՄ-երը: Հղում անելով օրենքի հոդվածներին՝ պարոն Արեյանը հստակեցրել է, որ վերելակը տվյալ շենքում ապրող սեփականատերերի բաժնային սեփականությունն է: Օրենսդիրը «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում ամրագրել է, որ շենքն ունի իր կառավարման մարմինը, որոնց բարձրագույն օղակը սեփականատերերի ժողովն է: Փոխքաղաքապետն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը, վարչական շրջանները եւ համատիրությունները հասկանում են, որ վերելակային տնտեսությունը հրատապ լուծում պահանջող խնդիրներ ունի եւ ամենօրյա աշխատանք են իրականացնում՝ կանխելու համար մարդու կյանքին սպառնացող վտանգները: «Բարոյապես եւ ֆիզիկապես մաշված համակարգ ունենք»,- նշել է պարոն Արեյանը եւ հավելել, որ լուրջ կապիտալ ներդրումների անհրաժեշտություն կա այս ոլորտում՝ տնտեսությունը թարմացնելու եւ արդիականացնելու ու հեռակառավարման արդիական համակարգ ունենալու նպատակով: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ բավարար իրավական դաշտի առկայությունը եւ կարծիք հայտնել, որ որոշ հասկացություններ պետք է հստակեցվեն՝ տարընթերցումներից խուսափելու համար: Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ իրավական-օրենսդրական փոփոխություններ են պետք շահագործման հարցում սեփականատերերի պատասխանատվությունը մեծացնելու առումով: Երեւանի քաղաքապետն անդրադարձել է նաեւ բենզալցակայանների եւ գազալցակայանների, շարժասանդուղքների, հասարակական վայրերում գործող վերելակների տեխնիկապես անվտանգ շահագործման կարեւորությանը:

ԱԺ պատգամավորները եւ ոլորտի պատասխանատուները հարց ու պատասխանի միջոցով անդրադարձել են լիցենզավորման գործընթացում առկա խնդիրներին, սպառողների անվտանգության ապահովման տեսանկյունից արտադրական վտանգ ներկայացնող օբյեկտների, վերելակների եւ մետաղաճոպաններով աշխատող սարքերի տեխնիկական անվտանգության ապահովմանն ու վերահսկողությանը, միջազգային չափորոշիչներին համապատասխան ստուգումների անցկացմանը, վերելակի տեխնիկական փորձաքննության տվյալների վերաբերյալ բնակիչների իրազեկվածությանը, ՀՀ-ում վերելակների գործարանի շահագործման հնարավորությանը, փորձել են հասկանալ, թե որոնք են ոլորտում նախարարության առաջնահերթությունները, իրավական կարգավորման կարիք ունեցող խնդիրները եւ վերահսկողական գործառույթներն առավել ընդլայնելուն ուղղված քայլերը: Քննարկումների ընթացքում հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ընդգծելով, որ բնագավառն ազգային անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչներից մեկն է, բարձրացրել է ոլորտում ազգային ռազմավարության մշակման եւ դրանից բխող գործողությունների ծրագրի անհրաժեշտության հարցը, խնդիրների լուծման համատեքստում կարեւորել պատասխանատու տարբեր կառույցների փոխգործակցությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի գնահատմամբ՝ քննարկումներից պարզ դարձավ, որ ոլորտում կան խնդիրներ, որոնք առնչվում են իրազեկվածության պակասին եւ ոչ հստակ օրենսդրական կարգավորումներին: Նա տեղեկացրել է, որ 2016 թվականից ուժի մեջ է մտնելու տեխնիկական նոր կանոնակարգ՝ նոր պահանջներով եւ կարգավորումներով:

Ամփոփելով խորհրդարանական լսումների աշխատանքը՝ Կորյուն Նահապետյանը նշել է, որ ոլորտում առկա խնդիրները համապետական նշանակություն ունեն եւ գտնվում են համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում: Պարոն Նահապետյանը եւս նշել է, որ անվտանգության ապահովման խնդիրների վերաբերյալ ցածր է հասարակության իրազեկվածության մակարդակը: Նա նշել է, որ հանձնաժողովը կամփոփի քննարկման արդյունքները եւ դրանք կներկայացնի կառավարությանը՝ խնդրի վերաբերյալ եւս մեկ քննարկում կազմակերպելու նպատակով:


20.11.2015
ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 20-ին ներկա է գտնվել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ավանդաբար անցկացվող «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է երիտասարդության դերը կրթական մակարդակի բարձրացման, հա...

20.11.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով: ...

20.11.2015
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է տիկնիկային թատրոնի աշխատակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 20-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի 80-ամյակի կապակցությամբ պարգեւատրել է թատրոնի մի խումբ աշխատակիցների: Լուսինե Խաչատրյանը, Սամսոն Մովսեսյանը, Աղասի Մելքոնյանը եւ Կարեն Խաչատրյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերո...

20.11.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները» թեմայով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am